Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։7

Ա․ Լոպուխին

Նրա արյունը պիտի դուրս հանեմ իր բերանից, նրա գարշությունները` իր ատամների միջից, և նա հասնելու է մեր Տիրոջը, ու լինելու է ինչպես հազարապետը Հուդայում, իսկ Ակկարոնը պիտի լինի ինչպես հեբուսացիները: (Սինոդական թարգ․) [7]
   
   Սակայն փղշտացիների նկատմամբ ավելի փառահեղ հաղթանակ է տարվելու: Իբրև հեթանոս ժողովուրդ՝ նրանք իսպառ ոչնչացվելու են. կուռքերին մատուցվող արյունոտ զոհաբերությունները վերանալու են, զոհաբերությունների գարշելի ուտելիքները (Ես. 65:4) դուրս են բերվելու կռապաշտների բերաններից, իսկ փղշտացիների մնացորդը լինելու է ճշմարիտ Աստծո սեփականությունն ու Հուդայի` Տիրոջ ժողովրդի երկրի մի մասը: Ակկարոնի հետ պատահելու է այն, ինչ եղավ հեբուսացիների հետ․ Ակկարոնը, այսինքն՝ փղշտացիները, ամբողջությամբ դառնալու են Տիրոջ ժողովրդի մի մասը, ինչպես դա եղել է մի ժամանակ Երուսաղեմի հնագույն բնակիչների՝ հեբուսացիների դեպքում, Դավթի կողմից այս քաղաքի գրավումից հետո: Մեկնաբանները համարում են, որ փղշտացիների ճակատագրի մասին մարգարեությունները կատարվել են մակաբայեցիների օրոք, որոնք նվաճել են նրանց երկիրը։ Հիսուս Քրիստոսի ժամանակներում այն կազմում էր Հրեաստանի մի մասը, իսկ ավելի ուշ փղշտացիների մի հատվածը քրիստոնեություն է ընդունում։ Այս հատվածում հիշատակվող փղշտական Գազա, Ասկաղոն ու Ազոտոս (Azqoga) քաղաքների եպիսկոպոսները մասնակցել են 4−6−րդ դարերում տեղի ունեցած եկեղեցական ժողովներին (Keil С.F. Biblischer Commentar… Leipzig, 1866. S. 597–598; Ружемонт): Մարգարեն փղշտացիներին այն բանով է սպառնում, որ նրանք կթողնեն կռապաշտությունը և կծառայեն ճշմարիտ Աստծուն: Անձամբ մարգարեի և մոլորությունից դեպի ճշմարտությունը դարձի եկած անձանց տեսանկյունից այս արգելքների մեջ, իհարկե, որևէ անցանկալի կամ սարսափեցնող բան չկա, սակայն մոլորության մեջ արմատներ գցած հեթանոսի տեսանկյունից, որին սպառնում են զրկել իր համար ամենաթանկ համարվող բաներից, սա, անկասկած, մեծ աղետ է: Հայրերի հավատքի փոփոխությունը, նույնիսկ արտաքին պարտադրանքից էլ անկախ, բնականաբար ներքին ծանր պայքար է առաջացնում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանց արիւնը պիտի դուրս հանեմ իրենց բերանից, նրանց գարշութիւնները՝ իրենց ատամների միջից, իսկ մնացածները պիտի լինեն իմ՝ Աստծուս բաժինը. նրանք հազարապետներ պիտի դառնան Յուդայի երկրում, եւ Ակկարոնը պիտի լինի յեբուսացիների պէս:
(Արարատ թարգ․) Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝ իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։
(Գրաբար) եւ բարձից զարիւն նոցա ի բերանոյ նոցա, եւ զգարշելիս նոցա՝ ի միջոյ ատամանց նոցա. եւ մնասցեն եւ նոքա Աստուծոյ մերում. եւ եղիցին իբրեւ զհազարապետս ի մէջ Յուդայ. եւ Ակկարոն իբրեւ զԵբուսացին։