Հովելի մարգարեության մեկնություն 3:18

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Եվ կլինի, որ այն օրը լեռները քաղցրություն պիտի կաթեցնեն, բլուրները կաթ կհոսեցնեն, և Յուդայի բոլոր աղբյուրները ջուր կբխեցնեն, և Տիրոջ տնից աղբյուր կբխի ու կոռոգի Սատտիմի հովիտը։
   
    Երբ վերականգնվի սուրբ Երուսաղեմը, անմատչելի կդառնա օտարազգիների համար, որովհետև բոլորի Տերը բնակություն է հաստատել այնտեղ, ողորմել է Իր ժողովրդին, զորացրել նրանց և հաղթանակ տարել իրենց հակառակորդների նկատմամբ։ Այն ժամանակ «Լեռները քաղցրություն պիտի կաթեցնեն, բլուրները կաթ կհոսեցնեն, և Հուդայի բոլոր աղբյուրները» կտան իրենց սեփական ջուրը: Իմ կարծիքով աղբյուրները ջրերի ակունքներն են կամ ենթադրելի է ինչ որ կերպ ստեղծված ջրատարները: Լեռներ ասելով կարելի է նկատի ունենալ նրանց, ովքեր հասել են առաքինության բարձունքներին և բարեպաշտ կյանքի փառքով գերազանցել են մյուսներին, հայտնի և փառավոր են բոլորի առաջ, ինչպիսիք աշակերտներն էնն, և նրանցից առավել ևս Մկրտիչը, որի մասին Փրկիչն ասում է. «… Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մատթ. 11:11): Եվ այսպես այս մեծ և հույժ փառավոր անձինք քաղցրություն են տարածում և ասես մեղրով քաղցրացնում են Փրկչի մասին խոսքը, որպեսզի յուրաքանչյուր լսող անսահման ուրախությամբ բացականչի. «Որքա՜ն քաղցր են քո խոսքերն իմ քիմքին» (Սաղմ. 118։103), քանզի սուրբերի խոսքը միշտ քաղցր է նրանց համար, ովքեր սիրում են հաճոյանալ Աստծուն:
    Այսպիսով, արդարացիորեն, լեռներ ասելով կարելի է հասկանալ հենց այս անձանց, իսկ բլուրներ ասելով՝ նկատի ունենք նրանց, ովքեր գերազանցությամբ քիչ են զիջում առաջիններին, բայց մյուս մարդկանցից կանգնած են շատ ավելի վեր: Այդպիսիները նորահավատների հոգիներին մատուցում են «բանավոր և անխարդախ կաթը» (Ա Պետ. 2:2)՝ նրանց տալով նորածին մանուկներին հատուկ սնունդը, քանզի «պինդ կերակուրը չափահասների համար է», իսկ կաթն առավելապես պատշաճ է մանուկներին (Եբր. 5:12-14

    Բայց մենք նկատի չունենք, որ նրանց զորության չափը միայն մանուկներին կաթ տալու կարողության մեջ է, քանի որ նրանք բավականաչափ զորավոր են: Այնպես որ եթե կամենային, առաջնորդվելով «Խելամտորեն հոգատար եղիր քո հոտի հոգիների նկատմամբ» (Առակ. 27։23) խոսքերով, կկարողանային ավելի պինդ կերակուր տալ նրանց, ովքեր ավելի ամուր են իրենց ներքին պատրաստվածությամբ: Ուստի սուրբ աշակերտները, չնայած այն բանին, որ Քրիստոս մեզ անթիվ պատվիրաններ շնորհեց, խոհեմաբար պատվիրեցին նրանց, ովքեր հավատացին հեթանոսների միջից, հեռու մնալ պոռնկությունից, կուռքերին զոհաբերված ուտելիքից և արյունից, «որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճելի թվաց, - ասում է, - ձեզ վրա ավելի մեծ բեռ չդնել» (Գործք 15:28): Արդյոք չե՞ս լսում, թե ինչպես է այս պատվիրանը համապատասխանում մանուկ հասակին, և ինչպես է այն, ինչ տրվում է ներքին հատկություններով ավելի տկարներին, ասես կաթ լինի: Եվ այն, որ հոգևոր ջուրն առատ է նրանց մեջ, ովքեր «տնկված են Տիրոջ տանը», որպեսզի ծաղկեն Աստծու գավիթներում՝ ոռոգվելով աստվածային ջրերի հոսանքներով և սնվելով վերին ու երկնային ուսմունքով (Սաղմ. 91:14), վկայում է նաև այս խոսքը. «Հուդայի բոլոր աղբյուրները ջուր կբխեցնեն», քանի որ սուրբ աշակերտները ևս խոստովանեցին, որ իրենք Աստծուց կանչված են: Բայց հոգևոր ջրերի ամենաառաջին աղբյուրները, անշուշտ, այն բարիքների պարգևներն էին, որ Աստված Սուրբ Հոգու միջոցով տալիս է սուրբերին։ Իսկ մյուս (երկրորդ) աղբյուրները նրանց մեզ ուղղված խոսքերն են, որոնք մեզ լցնում են հոգևոր պարգևներով:
    Իսկ այն աղբյուրը, որ ելնում է Տիրոջ տնից, ո՞վ կարող է լինել, եթե ոչ Քրիստոս։ Նրան այսպես է անվանում նաև սաղմոսերգուն՝ դիմելով երկնային Հորը և Աստծուն. «Խմեցրու ինձ Քո քաղցր գետերից, որովհետև Քեզնից է կյանքի աղբյուրը» (Սաղմ. 35։9-10):
    Այսպես Քրիստոս կյանքի վտակն ու աղբյուրն է: Մարգարեն հիշատակում է եղեգների հովտի մասին, որտեղ շատ եղեգներ էին աճել: Ասում են, որ սա հենց այն Կեդրոնի հովիտն է, որտեղ, ինչպես ավետարանիչն է ասում, բռնեցին Տիրոջը, երբ մատնիչ աշակերտը զինվորների գնդով փնտրում էր Նրան (Հովհ. 18:1): Անհարկի չի լինի, եթե Եկեղեցին նմանեցնենք եղեգների հովտի հետ, որի մեջ որպես խաղաղության գետ հոսում է մեր Տերը, և որին Նա կարծես միշտ շրջապատում է՝ հավերժ ջրելով կանաչ եղեգները, այսինքն՝ սուրբերի հոգիները, քանզի եղեգը մի բույս է, որը միշտ ջուր է սիրում և միշտ կանաչ է: Եվ եթե նույնիսկ այն կտրվի, դրանից հետոտ ևս կգտնվի լավ վիճակում։ Այդպես էլ սրբերի առաքինությունն ամբողջովին զերծ չի լինում տառապանքներից, թեև նրանք առաքինության շատ հեզ հետևորդներ են, բայց միևնույն ժամանակ նաև պատերազմող են»։

    ;

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Այդժամ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Իմ սուրբ Լեռան՝ Սիոնի վրա. Երուսաղեմը սուրբ կլինի, և այլազգիներն այլևս չեն անցնի նրա միջով (Սինոդական թարգ․)[18]
   
    «Որ բնակվում եմ Իմ սուրբ Լեռան՝ Սիոնի վրա», Եզեկիել մարգարեի պատկերմամբ Երուսաղեմի նվաճումից առաջ Աստծո Փառքը լքել էր քաղաքը, և այդ պատճառով էլ այն ներկայացվում է որպես թշնամիների ավար (Եզ. 8:4, 12, 17 և այլն): Վերոհիշյալ բառերով Հովելն այն գաղափարն է արտահայտում, որ Երուսաղեմի հանդեպ թշնամիների հաղթանակն այլևս հնարավոր չի լինի, որովհետև Տերը պիտի բնակվի Սիոնում: «Եվ այլազգիներն այլևս չեն անցնի նրա միջով», այսինքն՝ այլևս հարձակման կամ նվաճման նպատակով չեն անցնի:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:16
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) «Դուք կը ճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լերան վրայ. Երուսաղէմը կը սրբանայ, եւ այլազգիները այլեւս չեն անցնի նրա միջով»:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։
(Գրաբար) Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած որ բնակեալ եմ ի Սիոն լերին սրբութեան իմոյ. և եղիցի Երուսաղէմ սո՛ւրբ, և այլազգիք ո՛չ ևս անցցեն ընդ նա։