Հովելի մարգարեության մեկնություն 3:22

Ա․ Լոպուխին

Ես կպահանջեմ նրանց արյունը, որը դեռ չեմ պահանջել, և Տերը կբնակվի Սիոնում: (Սինոդական թարգ․)[22]

   

   «Ես կլվանամ նրանց արյունը (հայերեն թարգմանության մեջ «կպահանջեմ» է), որը դեռ չեմ լվացել» (եբրայերեն՝ «վենիկքեթի դամամ լո նիկեթի»)։  «Նիկկահ» («նիել»−ը ծագում է չօգտագործվող «nakah−նակահ» բառից) բառը  «մեկին անմեղ հայտարարել և առանց պատժի թողնել» իմաստներն ունի։ Հետևաբար, ոմանք (Սթեյվեր) մարգարեի խոսքերին հարցական  երանգ են տալիս և հետևյալ կերպ են փոխանցում․ «և արդյո՞ք Ես նրանց (այսինքն՝ հեթանոսներին) առանց պատժի կթողնեմ․ չեմ թողնի»։ Մեկ այլ տարբերակ․ «Ես նրանց արյունը անմեղ կհայտարարեմ, որը դեռ անմեղ չեմ հայտարարել» (Դրայվեր)։ Վերջին թարգմանության իմաստն այն է, որ Հուդայի որդիների արյունը թափելու համար հեթանոսներին [տրվելիք] պատիժը Աստծո աչքում այդ արյան անմեղության ապացույցը կլինի: Յոթանասնիցը խնդրո առարկա արտահայտությունը «καὶ ἐκδικήσω τὸ αἷμα αὐτῶν καὶ οὐ μὴ ἀθῳώσω» (և ես կպահանջեմ նրանց արյան համար և չեմ թողնի առանց պատժի) տարբերակով է թարգմանում (սլավոներեն՝ «Եվ ես կփնտրեմ նրանց արյունը և չեմ արդարացնի նրանց»): Հաշվի առնելով Յոթանասնիցի թարգմանությունը և համատեքստը՝  նորագույն մեկնաբանները (Gesenius, Goonaker) մասորեթական տեքստի «վենիկկետհի−venikkethi» բառը  ուղղում և դարձնում են «վենիկկամտհի−venikkamthi» (ծագում է «nakam»՝ «վրեժխնդիր լինել»  արտահայտությունից) և համարի սկիզբը «Նրանց արյան վրեժը կլուծեմ, անպատիժ չեմ թողնի» տարբերակով են թարգմանում, որն էլ ավելի պարզ միտք է փոխանցում»։  Տերը խոստանում է վրեժ լուծել թշնամիների կողմից թափված հրեաների արյան համար: «Տերը կբնակվի Սիոնում»․ Սիոնում Տիրոջ բնակվելը հանդես է գալիս որպես Իսրայելի բարեկեցության աղբյուր:

   3−րդ գլխում Հովել մարգարեի կողմից արված աշխարհի նկատմամբ դատաստանի և ընտրյալ ժողովրդի փրկության նկարագրությունը, անկասկած, չի կարելի բառացի իմաստով հասկանալ։ 3−րդ գլխում զետեղված մարգարեի ողջ խոսքն ունի փոխաբերական բնույթ։ Քանի որ Հովելի դատաստանի մասին մարգարեությունը դեռ ամբողջությամբ չի կատարվել, ուստի այս մարգարեության մեջ դեռևս անհնար է տարբերակել այն պատկերներն ու գաղափարները, որոնք մարմնավորված են մարգարեի կողմից իրենց պատկերով: Եվ ընդհանրապես, պատկերների և գաղափարների այս տարբերակումը մարգարեության մեկնաբանության մեջ եղած ամենադժվարին կետն է։ Միայն մի բան է հստակ, որ բոլոր մարմինների վրա Սուրբ Հոգու հեղման ամենավեհ խոստման մասին հռչակող և բոլոր մարդկանց այս Հոգով լուսավորվելու վերաբերյալ խոսող Հովելը աշխարհի վրա Տիրոջ դատաստանը չէր կարող ներկայացնել որպես բացառապես հեթանոսների նկատմամբ դատաստան (1:16), որպես փոքր հովտում ազգերի հավաքվել (համար 12), որպես հեթանոսների դեմ պայքար (9−13),  այլ կարող էր ներկայացնել որպես Իսրայելի բարգավաճում, որպես գինու, ջրի և կաթի առատություն (3:18)։ Այս ամենը միայն Տիրոջ խորհրդավոր ու սարսափելի դատաստանի և դրանից հետո սկսվելիք արդարների հավիտենական երանության պատկերները և խորհրդանիշերն են:

   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:16
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․)Եւ ես - ասում է Տէրը, - նրանց արեան վրէժը կը լուծեմ, անպարտ չեմ դարձնի նրանց եւ կը բնակուեմ Սիոնի մէջ»:
(Արարատ թարգ․3-21) Եվ նրանց արյունը անպարտ կդարձնեմ, որն անպարտ չէի համարում, և Տերը պիտի բնակվի Սիոնում։
(Գրաբար) Եւ խնդրեցից զարիւն նոցա, և ո՛չ արարից անպարտ. և Տէր բնակեսցէ ի Սիովն։