Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
4-6. Եվ դուք ի՞նչ եք Ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և այլազգիների ամբո՛ղջ Գալիլեա: Մի՞թե դուք Ինձ հատուցելու եք, թե՞ ոխ եք պահելու Իմ դեմ: Շուտափույթ և արագ ձեր հատուցումը ձեր իսկ գլխին կվերադարձնեմ: Որովհետև դուք առաք Իմ արծաթն ու Իմ ոսկին և Իմ ամենաընտիր թանկարժեք զարդերը ձեր մեհյանները տարաք: Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք հույներին, որ հեռացնեք նրանց իրենց սահմաններից:
Եվ այսպես Իսրայելի դեմ հավաքվեցին բոլոր ազգերը՝ մովաբացիները, եդոմացիները, հեբուսացիները, ամոնացիները և մնացածները։ Այս մտադրության և ձեռնարկումների նախաձեռնողները կարծում եմ Դամասկոսի բնակիչներն էին, տյուրոսցիները և այսպես կոչված փղշտացիները, մինչև իսկ Գեթը, որ օտարազգիների քաղաք է կոչվում: Այդ պատճառով ամենքի Աստվածն ասում է նրանց. «Ի՞նչ եք Ինձ համար, Տյուրո՛ս, Սիդո՛ն և օտարազգիների ամբո՛ղջ Գալիլեա։ Ի՞նչ հիմքեր ունեք դաժանության համար, - ասում է Նա, - որ չարությամբ կեղեքում եք Իսրայելին, որն արդեն իսկ թշվառության մեջ է և տառապանքներ է կրում բաբելոնացիների կողմից: Նրանց վրա չարամտորեն հարձակվելով և ասես ծաղրելով Ինձ, Ով փրկում և պաշտպանում է նրանց, համարձակվում եք ոչ միայն խոսել, այլև թշնամաբար Իմ դեմ գործել: Այդ պատճառով շուտով դուք կստանաք ձեր հատուցումը. այն ձեր գլխին կիջնի: Դուք Ինձնից հատուցում կստանաք, երբ ձեզ հետ դատի մտնեմ Հովսափատի հովտում: Նրանց մեղադրում է այն բանում, որ թալանել են տաճարի գանձերն ու կողոպտել ոսկե անոթները և դրանք նվիրաբերել իրենց աստվածներին: Եվ այդ հանցանքը ծանր է, դառը, վիրավորական և լիովին բավարար՝ Աստծուն բարկացնելու համար, որովհետև Նա ասել է. «Ես Իմ պատիվն ուրիշին չեմ տա և ոչ էլ Իմ փառքը՝ կուռքերին» (Ես. 42:8):
Եվ իրոք, կուռքերի մեհյաններն Աստծուն նվիրված իրերով զարդարելը մի՞թե այլ բան է նշանակում, քան այն, որ ամենքի Աստծուն երկրորդական նշանակություն է տրվում: Իսկ այդ կուռքերը Նրանից գերազանց են համարվում և իբր կարող են փրկել իրենց երկրպագուներին: Բավական չէ ձեր անօրենությանը, - ասում եմ, - որ Իմ տաճարից խլեցիք Ինձ ընծայված սուրբ իրերը, այլև Հուդայի որդիներին և Իսրայելի որդիներին մատնեցիք հույների որդիների ձեռքը:
Հավանաբար դա եղել է այն ժամանակ, երբ իսրայելացիներից ոմանց գերեվարում էին հեթանոսական երկրներ, որտեղ վաճառում էին նրանց, հնարավոր է տյուրոսացիներն էին կամ այլ ժողովուրդներ, որոնց զբաղմունքը եղել է առևտուրը, իսկ արհեստը՝ շահամոլությունը: Ինձ թվում է, որ այս խոսքը կարելի է վերագրել նաև անօրեն հերձվածների ներկայացուցիչներին, որոնք, կարծես հափշտակելով Եկեղեցու զավակներին, վաճառում են նրանց հելլենական իմաստությանը, որպեսզի, լցված խառնաշփոթ մտքերով, նրանք դառնան ճշմարտության դժբախտ որոնողներ, իսկ ավելի ստույգ՝ ճշմարտության անհնազանդ և հանցավոր խեղաթյուրողներ: Մինչդեռ նրանք պետք է ապրեին համաձայն պարզ վարդապետությանը և պահպանեին ճշմարտության անաղարտ խոսքը: Այսպիսով հասնում են նրան, որ ում մոլորեցնում են, նա հայտնվում է իր իսկ սահմաններից դուրս: Եկեղեցու զավակների համար այսպես ասած սահմանները և երկիրը ճշմարտության ճանաչումը և կողմնորոշումն է այն ամենի հանդեպ, որը ճիշտ ուսումնասիրվել և հաստատվել է որպես անվիճելի: Արդարև, ոսկե և արծաթե անոթներ և Աստծու ընտիր գանձեր կարող են կոչվել նրանք, ովքեր իսկապես փայլում են հավատով, ոսկեզօծված են բարի գործերի բարի համբավով և շողում են բարեպաշտության գեղեցկությամբ: Բայց եթե պատահի, որ այդքան առաքինություններով փայլող մեկը խաբեության ցանցի մեջ ընկնի, ապա մոլորության հեղինակներն անշուշտ կլսեն. «Դուք վերցրիր իմ արծաթն ու ոսկին և իմ ընտիր ու թանկագին գանձերը տարաք ձեր մեհյանները»: Այս հանցանքը սարսափելի է ու արժանի անխուսափելի պատժի, որովհետև ովքեր մեղանչում են մեր եղբայրների դեմ, որոնց համար Քրիստոս մեռավ, անարգում են հենց Քրիստոսին, Ում առաջ նրանք անպայման պիտի հաշվետու լինեն իրենց կատարած հանցանքների համար:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ դուք ի՞նչ եք Ինձ, Տյուրոս և Սիդոն, և փղշտացիների բոլոր շրջաններ: Ցանկանում եք արդյո՞ք Ինձ հատուցում տալ: Ուզում եք արդյո՞ք ինձ տալ: Հեշտ և արագ ձեր հատուցումը Ես ձեր գլխին կտամ: (Սինոդական թարգ․)[4]
Դատաստանի օրը պատժվող ազգերի շարքում մարգարեն թվում է փյունիկեցիներին և փղշտացիներին: «Եվ դուք ի՞նչ եք Ինձ, Տյուրո՛ս և Սիդո՛ն, և փղշտացիների բոլոր շրջաններ» հարցով մարգարեն ցանկանում է ասել, որ մյուսների նման նաև այս քաղաքներն ու շրջաններն են պատժվելու: Տյուրոսը և Սիդոնը Փյունիկիայի գլխավոր քաղաքներն են: Փղշտացիների շրջանների ներքո հասկացվում են Միջերկրական ծովի արևմտյան ափին գտնվող Գազա, Ազոտոս, Ասկաղոն, Գեթ և Ակարոն քաղաքները: «Եվ փղշտացիների բոլոր շրջաններ» («վէկոլ գէլիլոտ պէլաշետ−вэколь гэлилот пэлашет») արտահայտության փոխարեն Յոթանասնիցը ընթերցում է «καὶ πᾶσα ηαλιλαί ἀλλοφυλών», սլավոներենում՝ «և ամբողջ այլազգիների Գալիլեան»: Ակնհայտ է, որ Յոթանասնիցում եբրայերեն «գէլիլօտ−гэлилот» արտահայտությունը ընդունվել է Պաղեստինի հյուսիսում գտնվող Գալիլեա մարզի հատուկ անվան իմաստով (Հեսու. 20:7, 21:82․ Գ Թագ. 9:11), որը, Թեոդորոս Կյուրացու վկայությամբ, պատկանում էր Տյուրոսին: Հնարավոր է նաև, որ Հեսու. 22:10, 11 համարների նմանողությամբ, Յոթանասնիցը եբրայերեն «գէլիլօտ−гэлилот»−ը թողել է առանց թարգմանության և բառը տառադարձել է որպես «ηαλιλὼθ»։ Իսկ «Γαλιλὼθ»−ից տարբերակը հետագա գրիչները (Յակիմով) ծագեցրել են արդեն «ηαλιλὼθ»−ից։ Եբրայերեն «պէլաշետ− пэлашет» կամ «պէլօշետ−пэлошет» բառը՝ փղշտացիների երկրի անունը (ծագում է «պալաշ−палаш» չգործածվող բայից), նշանակում է «օտարների երկիր»: Այս պատճառով է, որ Յոթանասնիցում այն մշտապես «ἀλλιφύλος−ալլոփյուլոս» բառով է թարգմանվում: «Ցանկանո՞ւմ եք արդյոք Ինձ հատուցում տալ», այսինքն՝ ցանկանո՞ւմ եք արդյո՞ք վրեժխնդիր լինել այն պարտության համար, որը կրեցիք Ինձնից: Ենթադրվում է, որ մարգարեն խոսում է Հորամ արքայի օրոք Երուսաղեմի վրա փղշտացիների հարձակման մասին: Ըստ մարգարեի՝ փղշտացիները ընտրյալ ժողովրդի վրա այս հարձակումով կարծես վրեժ էին լուծում Տիրոջից, որ Նա Հոսափաթի օրոք իրենց հրեաներին հարկատու լինել էր թույլ տվել (Բ Մնաց. 17:11): «Ցանկանո՞ւմ եք արդյոք տալ Ինձ» արտահայտությունը սլավոներենում «Կամ հիշաչար եք դուք Իմ հանդեպ» տարբերակով է, որի իմաստը նույնական է նախորդ նախադասության մեջ ասվածի հետ:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․)Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր եւ Ծայդան եւ այլազգիների ո՛ղջ Գալիլիա, մի՞թէ ինչ-որ հատուցում կը տաք ինձ կամ ոխ կը պահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կը բերեմ ձեր գլխին
(Արարատ թարգ․)Եվ դուք ևս ի՞նչ եք ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և ո՛վ փղշտացիների բոլոր շրջաններ. մի՞թե դուք ինձ հատուցում եք անելու, եթե դուք ինձ հատուցողներ եք։ Անմիջապես և շուտով ձեր գլխին կդարձնեմ ձեր հատուցումը.
(Գրաբար) Եւ դուք ևս տակաւին ինձ Ծո՛ւր և Ծայդան՝ և ամենայն Գալիլեա այլազգեաց. միթէ հատուցո՞ւմն ինչ հատուցանիցէք ինձ, կամ ոխս պահիցէք ինձ. վաղվաղակի տագնապա՛ւ հատուցից զհատուցումն ձեր ի գլուխս ձեր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: