Հովնանի մարգարեության մեկնություն 3:5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

5-10․ «Եվ նինվեացիները հավատացին Աստծուն, ծոմ հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան»: [5] «Այս լուրը հասավ Նինվեի թագավորին, և նա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա»: «Եվ հրամայեց թագավորի և նրա մեծամեծների անունից Նինվեում հայտարարել ու ասել. «Թող ո՛չ մարդիկ, ո՛չ անասունները, ո՛չ եզները, ո՛չ ոչխարները ոչինչ չուտեն, արածելու չգնան և ջուր չխմեն»»: «Եվ թող մարդիկ և անասունները քուրձով ծածկվեն, և բարձր աղաղակով դիմեն Աստծուն, և թող ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից»»: «Ո՞վ գիտի, թերևս Աստված ողորմի և հետ դարձնի Իր սաստիկ բարկությունը մեզնից, և մենք չկորչենք»: «Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ նրանք հետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն աղետի համար, որի մասին ասել էր, թե պիտի բերի նրանց վրա, և չբերեց այն»։ (Սինոդական թարգ․)
   
    Վերոհիշյալ համարներում խոսվում է նինվեացիների ապաշխարության մասին, [որը տեղի ունեցավ] Հովնան մարգարեի քարոզչության հետևանքով: Հովնան մարգարեի գրքի պատմական վավերականության հակառակորդներն այս ամբողջ պատմությունն անհավանական են համարում: Նրանց կարծիքով անհավանական է, որ մինչ այդ բոլորի համար անծանոթ մի մարդու քարոզչության շնորհիվ մի հսկայական քաղաք սկսի ապաշխարել։ Անհավանական է համարվում նաև թագավորի մասնակցությունն ապաշխարությանը և այդ առիթով հատուկ հրաման արձակելը: Անհավանական են թվում և այն արտաքին ձևերը, որոնցով արտահայտվում են նինվեացիների ապաշխարության զգացումները: Բերված առարկությունը հիմնականում հիմնված է հավանականի և անհավանականի մասին սուբյեկտիվ պատկերացումների վրա և իր բնույթով առանձնապես ուժեղ չէ։ Իրականում հաճախ է պատահում, որ իրականությունը գերազանցում է հավանականի մասին մեր պատկերացումները: Մինչդեռ Հովնան մարգարեի պատմության մեջ չկա ոչինչ, որը դուրս լինի ամեն տեսակ հավանականությունից: Բոլորին հայտնի են ժողովրդական զանգվածների վրա անհատների այնպիսի ազդեցության դեպքեր, երբ այդ զանգվածները վարակվում են խանդավառության աստիճանի հասնող ընդհանուր տրամադրությամբ և բառացիորեն ենթարկվում են այն անձի ամեն խոսքին, որը կարողացել է դառնալ շարժման առաջնորդ (օրինակ՝ պայքարի համար Ժաննա դը Արկի կողմից ֆրանսիացիների ոգեշնչումը, Պետրոս ճգնավորի և այլոց կողմից ժողովրդական զանգվածների ոգեշնչումը և խաչակրաց արշավանքների մղելը և այլն): Եվ ինչո՞ւ այս իրադարձությունը, որն այդքան համահունչ է զանգվածների հոգեբանությանը, չէր կարող տեղի ունենալ Նինվեում: Արևելյան ազգերի տպավորվելու բնույթը, որը նինվեացիների մոտ ավելի էր զորացել ճոխ և անհոգ կյանքի պայմաններում, ինչպես և նրանց մեծ հարգանքը գուշակության արվեստի հանդեպ ու հավատքը ցանկացած տեսակի կանխագուշակության նկատմամբ, պարարտ հող էին ստեղծում, որպեսզի նրանք արձագանքեին օտարերկրյա մարգարեի ոգեշունչ քարոզին և սարսափազդու մարգարեությանը: Նինվեացիների վրա հատկապես մեծ տպավորություն պետք է գործեր Հովնանի՝ կետի փորում երեք օր մնալու մասին պատմությունը. այս հրաշքի մեջ նրանք իրենց համար մարգարեի՝ Աստծու կողմից առաքված լինելու և նրա քարոզի ճշմարտության նշանն էին տեսնում, ինչպես այդ մասին խոսում է Ավետարանը. «Հովնանը նշան եղավ նինվեացիների համար» (Ղուկ. 11:30- 31, Մատթ. 12:40): Հավանաբար նրանք նույնիսկ Հովնանի պատմությունը համադրել են իրենց մեջ տարածված Եա−Օհաննեսի առասպելի հետ, ըստ որի նա դուրս էր գալիս ծովից, որպեսզի մարդկանց աստվածներին պաշտել և սուրբ կյանքով ապրել սովորեցներ: Այս պարագայում ոգեշնչված Հովնանն իր ահեղ հանդիմանությամբ և ազդեցիկ խոսքով կարող էր նրանց երևալ իբրև հենց Հովհաննես կամ Օհաննես (դրա օգտին է խոսում նաև անունների հնչունական նմանությունը): Այսպիսով՝ Հովնանի խոսքերի շնորհիվ տեղի ունեցած նինվեացիների համընդհանուր ապաշխարությունը միանգամայն հավանական փաստ է դառնում: Այս ամենին Նինվեի թագավորի մասնակցությունն ու նրա կողմից հատուկ հրամանի արձակումը չեն նվազեցնում փաստի պատմական հավանականությունը: Նինվեի թագավորը միևնույն ժամանակ նաև քաղաքի գերագույն քուրմն էր, իսկ նրա ազնվականները զբաղեցնում էին նրան հաջորդող հիերարխիկ աստիճանները, այդ պատճառով նրանց մասնակցությունը ժողովրդի մեջ եղած հոգևոր վերելքին անխուսափելի էր: Ինչ վերաբերում է ապաշխարության ձևերին, ապա այստեղ տարակուսանք է առաջացնում ընտանի կենդանիների ներգրավումը։ Հին ժամանակների մարդիկ ավելի մոտ էին կանգնած կենդանական աշխարհին և կարծում էին, որ կենդանիները նույնպես կարող էին մասնակցել իրենց կյանքին, և այդ պատճառով նրանց հետ կիսում էին ինչպես ուրախությունը, այնպես էլ տխրությունը: Օրինակ՝ Հերոդոտոսը պատմում է, որ պարսիկները, Պլատեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, երբ ընկավ նրանց զորավար Մասիստը, որպես սգո նշան խուզել են իրենց բանակում եղած բոլոր կենդանիների մազերը։ Նման երևույթ է հանդիպում նաև մեր կողմից ուսումնասիրվող հատվածում (տե՛ս 7-8-րդ համարներ): Այս մանրամասնությունը կարելի է դիտարկել միայն որպես ճշմարիտ պատմական առանձնահատկություն: Որպես վերջաբան պետք է նշել, որ Հովնանի քարոզչության միջոցով նինվեացիների ապաշխարության պատմական հավաստիությունը հաստատված է նաև Ավետարանով: Փրկիչն ասում է, որ «Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի ելնեն այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև Հովնանի քարոզության վրա ապաշխարեցին…»(Ղուկ. 11:32): Ակնհայտ է, որ Փրկիչն ու Նրա ժամանակակիցները նինվեացիների ապաշխարությունը համարում էին իրական պատմական իրադարձություն, քանի որ հակառակ պարագայում դրա մասին հիշատակությունը ոչ մի նշանակություն չէր ունենա:

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան:
(Արարատ թարգ․) Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։
(Գրաբար) Եւ հաւատացին արք նինուէացիք յԱստուած, եւ քարոզեցին պահս՝ եւ քուրձ զգեցան ի մեծամեծաց մինչեւ ցփոքունս իւրեանց։