Մեկնություն Մաղաքիայի Մարգարեության 2։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Մի՞թե բոլորս մեկ Հայր չունենք։ Մի՞թե մեկ Աստված չէ, որ ստեղծել է մեզ։ Ուրեմն ինչո՞ւ ենք ուխտազանցորեն վարվում միմյանց հետ՝ այդ կերպ խախտելով մեր հայրերի ուխտը»։ (Սինոդական թարգ․) [10]
   
   10−16−րդ համարներ։ Երկրորդ գլխի երկրորդ հատվածում մարգարեն հանդիմանում է հրեաներին, քանի որ նրանք նախ՝ ամուսնանում էին հեթանոսների հետ, և երկրորդ՝ հակված էին հեշտությամբ լուծարելու իրենց ամուսնական կապերը, որոնք կնքել էին իրենց ցեղակիցների հետ։
   Մարգարեն հիշեցնում է հրեաներին, որ նրանք բոլորը մեկ Հայր ունեն՝ Աստված (Մաղ. 1։6), և, հետևաբար, բոլորը եղբայրներ են։ Իսկ եղբայրներին հատուկ չէ դավաճանաբար և ուխտադրուժ կերպով վարվել միմյանց հետ։ Նրանք պետք է աջակցեն միմյանց և միասին կատարեն «հայրերի ուխտը»` դեռևս հայրերին տրված Մովսեսի օրենքը։ Եթե ոմանք ճշտորեն կատարեն այդ օրենքը, իսկ մյուսները չառաջնորդվեն դրանով, ապա այդպիսով ամբողջովին կխախտեն ազգի միասնությունը։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդարեւ, մէկ չէ՞ ձեր բոլորի հայրը, մէկ Աստուած չհաստատե՞ց ձեզ, ինչո՞ւ էք իւրաքանչիւրդ թոյլ տալիս ձեր եղբօրը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը:
(Արարատ թարգ.) Մի՞թե մեր ամենքի հայրը մեկը չէ, մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ, ուրեմն ամեն մարդ ինչո՞ւ է անհավատարմություն անում իր եղբորը՝ եղծելով մեր հայրերի ուխտը։
(Գրաբար) Ոչ ապաքէն մի՞ հայր է ամենեցուն ձեր. ո՞չ մի Աստուած հաստատեաց զձեզ։ զի՞ է զի թողէք իւրաքանչիւր զեղբայր իւր՝ պղծել զուխտ հարցն ձերոց։