Ովսեեի մարգարեության մեկնություն 4:14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանում են, և ձեր հարսներին, երբ նրանք շնանում են, որովհետև դուք ինքներդ պոռնիկների հետ եք, և պոռնիկների հետ զոհեր եք մատուցում, իսկ անգետ ժողովուրդը պիտի կորչի։ (Սինոդական թարգ․) [14]
   
   Մարգարեի խոսքով Տերը հարսներին և դուստրերին անպատիժ կթողնի (սլավոներեն՝ «և չեմ այցելի»), որովհետև երեխաների համար հիմնական պատասխանատվություն կրող հայրերը այլասերվածության մեջ նրանցից էլ ավելի վատն են։ Ըստ օրենքի՝ զոհաբերության համար նրանք պարտավոր էին սրբարան գալ իրենց կանանց հետ, սակայն իրենց հետ պոռնիկներ էին բերում։
   Ռուսերեն (սինոդական) տեքստից տարբերվող և հունարենից ճշգրտորեն թարգմանված այս համարի վերջին մասը սլավոներենում հետևյալն է․ «Եվ գիտակից ժողովուրդը որ չէր հասկանում այդ, խառնակվում էր պոռնիկներին» (ὁ λαὸς ὁ συνιών συνεπλέκετο μετὰ πόρνης)։ «ὁ συνιών» - [գիտակից] ընթերցումն առաջացել է հունարեն «ού συνιών» արտահայտության սխալ թարգմանությունից (վերոնշյալ պարագան հանդիպում է ինչպես սուրբ Եփրեմ Ասորու մեկնության մեջ, այնպես էլ մի քանի հին ձեռագրերում)։ «σονεπλ. μετά πόρνης» ընթերցումը, ենթադրաբար, առաջացել է եբրայերեն «labat» բայի սխալ ընկալումից (ընկնել, գնալ դեպի կործանում), որը Յոթանասնիցի կողմից թարգմանվել է «միավորվել, զուգավորվել» իմաստով, ինչպես նաև հաջորդ համարից «im zonah» («եթե պոռնկանում ես») բառի տեղափոխմամբ, որը հասկացվել է «պոռնկի հետ» իմաստով։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, եւ ձեր հարսներին՝ երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում, զոհ էին մատուցում մեհեաններին նուիրուածների հետ, եւ քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակւում էր պոռնիկների հետ:
(Արարատ թարգ․) Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և [մեհեաններին] նվիրվածների հետ զոհ են մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։
(Գրաբար) Եւ ո՛չ արարից ա՛յց դստերաց ձերոց՝ յորժամ պոռնկեսցին, և հարսանց ձերոց՝ յորժամ շնասցին. զի նոքա ընդ պոռնի՛կս թաթաւէին, և ընդ նուիրեալսն զոհէին. և ժողովուրդն քո որ ո՛չ իմանայր զայն՝ խառնակէր ընդ պոռնիկս։