Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:14

Ա․ Լոպուխին

14-20․ Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր. գոչի՛ր, ո՛վ Իսրայել: Ուրախացե՛ք եւ հրճվե՛ք ամբողջ սրտով Երուսաղեմի դուստրեր: [14]Աստված փոխեց քո հանդեպ վճիռը, հալածեց քո թշնամուն: Տերը, Իսրայելի Արքան, քո մեջ է: Եվ այլևս չարիք չես տեսնի: Այդ օրը կասեն Երուսաղեմին. «Մի՛ վախեցիր» և Սիոնին. «Ձեռքերդ թող չթուլանան»: Տերը քո Աստվածը քո մեջ է,Նա ի զորու է փրկելու քեզ. Նա ուրախությամբ կուրախանա քեզ վրա, նա ողորմած կլինի Իր սիրով, կուրախանա քեզ վար ցնծությամբ: Հանդիսավոր տոների համար տրտմողներին Ես կհավաքեմ, նրանք քոնն են, նրանց վրա է հակվում նախատինքը: Ահա, Ես այդ ժամանակ կպատժեմ բոլոր քեզ ճնշողներին և կփրկեմ կաղին, և կհավաքեմ ցրվածը, և բոլոր այն երկրներում, ուր նրանք նախատինք են կրել՝ պատիվի ու հարգանքի պիտի արժանացնեմ նրանց: Այդ ժամանակ կբերեմ ձեզ, նույն ժամանակ էլ կհավաքեմ ձեզ, քանի որ երկրի վրա ձեզ անվանի և հարգարժան պիտի դարձնեմ բոլոր ազգերի մեջ, երբ ձեր աչքի առաջ վերադարձնեմ ձեզ գերությունից,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
   
   Արդեն 13−րդ համարի երկրորդ կեսում մարգարեն ցույց էր տվել, որ Իսրայելի նոր հասարակության ներքին արդարությունը արտաքինից կհամապատասխանի նրա հանգիստ կյանքին: 3−րդ գլխի և ամբողջ գրքի եզրափակիչ համարներում մարգարեն ամբողջովին կենտրոնանում է Սուրբ քաղաքի և Աստծո ժողովրդի լիարժեք ու անխռով բարեկեցության մասին մտքի վրա։ Այդ միտքը նրա հոգին լցնում է մեծ բերկրանքով, որը բխում է կենդանի գիտակցությունից և Աստծո սիրո անմիջական ներգործության փորձառությունից: Մարգարեի շուրթերով արտահայտված մարդկանց խանդավառությունն ու հրճվանքը հանդես են գալիս արդեն քննարկվող հատվածի առաջին արտահայտություններում. «Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, գոչի՛ր, ո՜վ Իսրայել: Ուրախացե՛ք և հրճվե՛ք ամբողջ սրտով, Երուսաղեմի՛ դուստրեր (համար 14)»: Այս բառերը ուղղակի հիշեցնում են Եսայի մարգարեի գրքի 62:11 և Զաքարիայի 9։9 համարները։ Դրանք, ինչպես գիտենք, վերարտադրվում (կամ վերաիմաստավորվում) են Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ փառավոր մուտքի ավետարանական պատմության մեջ (Մատթ. 21:5, Հովհ. 12:15): Իր ժողովրդի հանդեպ Տեր Աստծու նոր բարեհաճության մասին մարգարեի հրաշալի ու եռանդուն խոսքը (14−19−րդ համարներ) իր ամբողջ ուժով և ճշտությամբ վերաբերում է միայն ավետարանական−քրիստոնեական ժամանակներին: «Գիտեմ,− ասում է երանելի Թեոդորիտը,− որ ուրիշները դա Բաբելոնից վերադարձի և Երուսաղեմի վերականգնման մասին են հասկանում, և չեմ հակադարձում նրանց կողմից ասվածին, քանի որ մարգարեությունը պատշաճում է նաև այն ժամանակ կատարվածին: Սակայն ճշգրիտ իրադարձությունը կարելի է գտնել միայն մեր Փրկչի մարդեղացման մեջ, քանի որ այն ժամանակ կոտրված սրտերը Տերը բժշկեց ավազանի ծնունդով (баней пакибытия), ապա վերականգնեց մարդկային բնությունը, այնքան շատ սիրեց մեզ, որ իր Հոգին տվեց մեզ համար»: Զաք. 9:9–15 համարներն ընդգրկող հատվածի նմանությամբ քննարկվող Սոփ. 3:14–19−րդ հատվածը ևս ընթերցվում է Հիսուսի՝ Երուսաղեմ փառավոր մուտքի տոնին:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի,
(Արարատ թարգ․) Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։
(Գրաբար) Ուրախ լեր յոյժ, դուստր Սիովնի, եւ քարոզեա Երուսաղէմ. ուրախ լեր՝ եւ զուարճացիր յամենայն սրտէ քումմէ դուստր Երուսաղէմի,