ՆԱԽԱԲԱՆ

ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ

 

Հայաստանյայց Եկեղեցվո Սուրբ Պատարագի Խորհուրդը

 

«Որ ուտէ զՄարմին իմ եւ ըմպէ զԱրիւն իմ, յիս բնակեսցէ եւ ես ի նմա»:

(Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ Արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ):

(Հովհ. Զ, 57):

 

«Զայս արարէք առ իմոյ յիշատակի»:

(Արե՛ք այս իմ հիշատակի համար):

(Ա Կորնթ. ԺԱ, 24):

 

«Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր. Ալէլուիա»:

(Ճաշակեցեք և տեսեք որ քաղցր է Տերը. ալելուիա):

(Ս. Պատարագ)

 

ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ

Մի օր ձեռքս անցավ 18-րդ դարի վերջին տարում Կ. Պոլսում հրատարակված մի գիրք, որտեղ խոսվում է Ս. Պատարագի և այլ խորհուրդների մասին՝ հետևողությամբ Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու մեկնությունների, որոնք 10-12-րդ դարի հեղինակներ են:

Գրքի հեղինակը՝ Հովհաննես Արճիշեցին, իր առաջաբանի մեջ, ի միջի այլոց հետևյալ տողերն է գրում. «Բայց տեսանեմք զսոսա, որք ի մերումս են ժամանակի. զի ոչ ունին զնոյն փոյթ յանձինս իւրեանց. այլ՝ կամ իսկ ո՛չ առնեն փոյթ գրոց ընթերցուածոց. և կամ թէ ընթեռնուն, և ո՛չ բնաւ քննեն զմիտս գրելոցն: Այլ է՛, զորս ի գիրս ընթեռնուն և ո՛չ իմանան, և է՛, զոր ի բերան առեալ՝ ասեն հանապազ և ո՛չ գիտեն, ո՛չ հասկանան, որպէս զՍաղմոսն Դաւթի և զսոյն իսկ զաղօթս Խորհրդոյ պատարագիս»: (Սակայն տեսնում ենք սրանց, որ մեզ ժամանակակից են, քանի որ նույն ջանքը չունեն իրենց մեջ: Այլ, կա՛մ նույնիսկ կարևորություն չեն տալիս Սուրբ Գրոց ընթերցումներին, և կա՛մ, եթե կարդում են, երբեք չեն քննում գրածների միտքը: Կան նաև, որ գրքերը կարդում են և չեն ըմբռնում: Եվ կա՛ն, որ անգիր արած միշտ ասում են, սակայն, ո՛չ գիտեն, ո՛չ էլ հասկանում են, ինչպես Դավթի Սաղմոսները և անգամ Պատարագի Խորհրդի այս աղոթքները):

Այս տողերը գրավեցին իմ ուշադրությունը. այնտեղ հեղինակը գանգատվում է, թե իր ժամանակի հավատացյալները անտարբեր են Ս. Գրքի հանդեպ, կամ կարդում են, բայց կարդացածների միտքը չեն քննում, և կամ բոլորովին չեն հասկանում: Մինչ ուրիշները անգիր գիտեն ու ամեն օր արտասանում են Սուրբ Գրքերի խոսքերը՝ առանց, սակայն, սովորածների իմաստն ըմբռնելու:

Այս տողերը կարդալով մտածեցի. հապա մեր օրերի հայ հավատացյալը ի՞նչ վիճակի մեջ է իր տեսակետից: Դժվար չէր պատասխանը տալ: Մեր եկեղեցի հաճախողների մեծամասնությունը ոչ միայն չի կարդում Ս. Գիրքը, այլ  բնավ  չի  հասկանում  եկեղեցում  կարդացվածը: Ավելին՝ մեր ժողովրդի մեծ մասը և, մանավանդ, մեր նոր սերունդները չգիտեն եկեղեցական արարողությունների իմաստը անգամ տարրական չափով:

Ինչի՞ համար այսքան անտարբերություն և անգիտություն:

Պատճառը ժողովրդի անհավատ լինելը չէ, և, ոչ էլ երբեք հարգանքի պակասը՝ Հայաստանյայց Եկեղեցու հանդեպ: Պատճառներից գլխավորը, մեր կարծիքով, այն է, թե բացատրող և սովորեցնող չկա: Բացատրող ու սովորեցնող չկա ո՛չ ընտանեական հարկի տակ, ո՛չ դպրոցում, ո՛չ եկեղեցում կամ եկեղեցուց դուրս՝ հոգևորականների կողմից: Ո՛չ էլ գրականություն կա այս նպատակով:

Նույնիսկ մի անհատ, որ ինքն իրեն հավատացյալ չի կարծում, կարծում ենք, որ պարտական է ծանոթանալու և հասկանալու այդ արարողությունների նշանակությունը, խորհուրդը և դրանից հետո է, որ խորհրդածելով և դատելով՝ կարող է տալ իր վերջնական վճիռը իր բռնած դիրքի մասին կրոնի և Եկեղեցու հանդեպ: Զարմանքով ենք նկատում, որ ցարդ որևէ հրատարակություն չկա, որ ժողովրդին պարզ ու հասկանալի ձևով բացատրի Ս. Պատարագի արարողությունը:

Մեր մեջ կա մի դժբախտ մտայնություն, մանավանդ հոգևորական դասի մեջ, այն է՝ իմացածը ուրիշին չսովորեցնել, կարծես, կրոնական արարողություններն ու խորհուրդները գաղտնիքներ լինեն և մի տեսակ մենաշնորհ, որ պետք չէ ուրիշին և շատերին փոխանցել, որպես գաղտնի գիտություն: Ժողովրդի արարողությունների իմաստին անհաղորդ մնալու և նորերը չպատրաստելու պատճառներից մեկն էլ  այս մտայնությունն է:

Մեր  համոզումը  այն  է,  թե  կրոնական խորհուրդները բացատրելով, աղոթքները և այլ  ծիսակատարությունները  հասկանալի դարձնելով, եկեղեցական երգերը սովորեցնելով  մեր  նոր սերունդներին, գեթ ոմանց մեջ կարթնանա եկեղեցական կոչում: Եվ մեր Եկեղեցին, այդպիսով, կկարողանա իր համար նոր սպասավորներ պատրաստել: Բայց, կարծես, ճիշտ սրան հակառակ են մտածում մեր հները, մեր ծերերը՝ լինեն նրանք դպիր, քահանա կամ բարձրաստիճան հոգևորական: Եվ այս, իսկապես, հակառակ է քրիստոնեական ոգուն և մեր ազգային Եկեղեցու կենսական շահերին:

Պողոս Առաքյալը իր թղթերից մեկում ասում է. «...որպեսզի մխիթարվեն նրանց սրտերը՝ մեկտեղված սիրով և կատարյալ իմաստության ամենայն ճոխությամբ՝ ի գիտություն Աստուծո խորհրդի ի Քրիստոս Հիսուս» (Կողոսացիս Բ, 2):

Այսինքն՝ պատվիրում է բոլոր մարդկանց սրտերը մխիթարել և անխտիր բոլորին սովորեցնել  Աստուծո  խորհուրդների  գիտությունը: Քրիստոսի եկեղեցին գաղտնիքներ չունի ոչ մեկի համար: Նրա բոլոր խորհուրդները, բոլոր արարողությունները և գաղափարները պետք է բոլորի սեփականությունը լինեն: Քրիստոնեությունը ժողովրդական կրոն է և չի ընդունում որևէ խմբակցական, առանձնաշնորհյալ, դասակարգային, կաստայական դրություն կամ հոգեբանություն:

Այս խորհրդածության գործնական եզրակացությունը թող լինի մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ Ավետարանի խոսքը տարածելը, բացատրելը, մեր եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները հասկանալի դարձնելը և ժողովրդին ու մեր մանուկներին, պատանիներին հոգևոր աղոթքներ ու եկեղեցական երգեր սովորեցնելը: Ահա թե ինչու մեր մտքի մեջ գաղափարը ծնվեց մեր քիչ իմացածից բաժին հանել մեր ընթերցասեր ժողովրդին և այսպիսով օգտակար լինել հոգևոր կյանքի ամրապնդմանը:

Մեր իղձն է մանավանդ, որ մեր պատանիներն ու երիտասարդներն անպայման կարդան սույն գրությունը և մի քիչ էլ խորհրդածեն աստվածային խոսքերի մասին:

Հետևաբար, գրի ենք առնում և մեր հավատացյալների տրամադրության տակ ենք դնում Ս. Պատարագի «ահավոր և սարսափելի խորհրդի» մեկնությունը պարզ ու հասկանալի բացատրություններով ու ծանոթություններով՝ այն բոլորին մատչելի դարձնելու նպատակով: Վստահ ենք, որ ամեն հայ սիրով պիտի իր ձեռքն առնի սույն գրքույկը ու անպայման պիտի ուզի կարդալ ու հասկանալ այն խորհուրդը, որ մեր ժողովուրդը դավանում է երկու հազար տարիներ ի վեր և պահում և պահպանում է որպես սրբություն սրբոց:

Իհարկե, հետաքրքիր և հույժ օգտակար պիտի լիներ, եթե մեր սույն աշխատության նյութ անեինք եկեղեցական բոլոր արարողությունների  բացատրությունը,  սակայն մենք առայժմ գոհանում ենք միայն Ս. Պատարագի մեկնությամբ՝ ապագային թողնելով ավելի մեծ մի աշխատության ծրագիր: Պատարագի Ս. Խորհրդին մոտենալու համար նախ պետք է հարց տանք մեզ, թե ի՞նչ զգացում, ի՞նչ գաղափար և ի՞նչ հոգեկան անհրաժեշտություն են մղում հավատացյալին դեպի եկեղեցի: Կամ, ավելի պարզ խոսելու համար՝ հոգեկան ի՞նչ պահանջից մղված, ի՞նչ զգացումով տոգորված պետք է եկեղեցի գա իսկական հավատացյալ մարդը:

Այս  հարցը  տալիս  ենք,  որովհետև  գիտենք, թե մեզանից շատ-շատերը եկեղեցի են գալիս բուն նպատակից բոլորովին հեռու տրամադրություններով և մղումներով: Թվենք մի քանի այդպիսի պարագաներ.

ա) Ոմանք եկեղեցի են գալիս իբրև ժամանցի տեղ, այնպես, ինչպես զբոսանքի կամ թատերական ներկայացման պիտի գնային:

բ) Ոմանք էլ եկեղեցի են գալիս մարդ տեսնելու, խոսակցելու կամ իրենց հագուստներն ու զարդերը ցուցադրելու:

Այսպիսի մարդկանց, բնականաբար, պետք է դատապարտել, ապա սովորեցնել և բացատրել եկեղեցի գալու բուն նպատակը:

գ) Կա մարդկանց մի ուրիշ դաս, որ եկեղեցի է գալիս ըստ ավանդական սովորության, մի տեսակ որպես ազգային պարտականություն,  որպես  հայկականության ապացույց իրենց խղճի և ուրիշների առջև:

Բնական  է,  որ  դատապարտելի  չէ  այս պատճառը, և լավ է, որ մարդ սովորության վերածի որևէ լավ գործունեություն, սակայն պայմանով, որ այդ սովորությունը լոկ ձև չդառնա, այլ իր խորքի իմաստն ու նշանակությունը  պահի,  որ  մեր  մի  շարք  հավատացյալների պարագան չէ:

Հետո մի ուրիշ խնդիր էլ է ծագում այստեղ, այն է՝ ազգայինի և եկեղեցականի հարաբերությունը:  Մենք  միշտ  կրկնում  ենք, թե մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, թե հայկական հաստատություն է. և դա կատարյալ ճշմարտություն է, սակայն, սա չի նշանակում, թե եկեղեցի գալը պարզապես ազգային մի պարտականություն է: Բավական չէ, որ մարդ մի լավ հայ լինի իր մյուս պարտականությունների մեջ, որպեսզի հայ Եկեղեցու լավ հավատացյալ նկատվի: Ինչպես որ, եթե մի լավ հայ, որ իր համոզումներով հավատացյալ չէ, դա երբեք չի նշանակում,  որ  այդ  մարդը  դադարում  է  լավ հայ լինելուց:

Բուն կրոնական զգացումը իր խորքի մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման  մեջ, այո, տվյալ ժողովրդի ուրույն ձևերն է ստացել, այսինքն՝ ժողովրդի հոգեկան  և  պատմական  զարգացման  հատուկ դրոշմը:

Այլ բացատրությամբ՝ եկեղեցին իր խորքով զուտ հոգևոր, տիեզերական մի երևույթ է, իսկ իր ձևով՝ ազգային: Ուրեմն, ակներև է, թե եկեղեցի գալու հոգեկան անհրաժեշտության զգացումը չպետք է շփոթել ազգային գիտակցության հետ:

դ) Շատերը եկեղեցի են գալիս հրապուրված Ս. Գրքի ընթերցումների և զանազան աղոթքների բանաստեղծականությամբ, մեր եկեղեցու զմայլելի երաժշտությամբ կամ եկեղեցու քանդակների և նկարների ձևերից, գույներից ու պատկերներից:

Իրապես գեղարվեստական հաճույք են պատճառում այս բոլորը և ամեն մի քաղաքակիրթ մարդու հոգու հետ խոսում են խորապես և նրան բարձրացնում են դեպի գեղեցիկ աշխարհը, սակայն սխալ պիտի լիներ այդ գեղարվեստական հաճույքը շփոթել կրոնական նպատակի հետ: Աղոթքների ու երաժշտության բանաստեղծությունը լոկ միջոցներ են բուն հոգևոր ապրումին բարձրանալու համար:

Վերը հիշված հեղինակը՝ Հովհ. Արճիշեցին, այսպես է մեկնում բանաստեղծության և երաժշտության իմաստը եկեղեցում. «Հեշտալուր երգք սաղմոսացն եւ շարականացն քաղցրացուցանեն զլսելիս ժողովրդեանն, զի մաքրեսցին ի մտաց նոցա մարմնական հոգքն եւ երգովքն միասցին առ Աստուած»:

Այսինքն. «Սաղմոսների և շարականների հեշտալուր երգերը քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստուծո հետ»:

Այս տողերը շատ պարզ ձևով ճշտում են բանաստեղծության և երաժշտության արժեքն ու նպատակը եկեղեցական արարողությունների մեջ:

ե) Վերջապես՝ կան մարդիկ, որոնք եկեղեցի են գալիս աղոթելու համար ի ցույց մարդկանց կամ իրենք իրենց խաբելու, այդ մի քանի աղոթքներով իրենց մեղքերը մաքրված կարծելով: Ու գոհ, հաղթական տրամադրությամբ մեկնում են տուն:

Այդպիսին է Գրիգոր Զոհրապի «Մեղա, Տե՛ր» նովելի մեջ նկարագրված հերոսը: Մի մարդ, որ շաբաթվա վեց օրը ուրիշի աշխատանքն է շահագործում, նրա արդար քրտինքի իրավունքն է հափշտակում, խաբում է ու կեղծում, իսկ յոթերորդ օրը, եկեղեցում, ժողովրդի ներկայությամբ, իր «Մեղա, Տե՛ր»-ն է աղոթում՝ վստահ լինելով, որ անոխակալ ու միշտ ներող Աստված իրեն էլ կների: Ու հաջորդ օրը, երկուշաբթի, իր նույն «գործերն» է շարունակում թեթև խղճով: Ինչ փույթ, թե բոլոր «գործերն» էլ մաքուր ու բարի չեն: Չէ՞ որ հաջորդ կիրակի կրկին եկեղեցի պիտի գնա աղոթելու և թողություն ստանալու համար:

Ահա Աստուծո բարությունը շահագործող մարդու մի տիպար, որ խաբում է ոչ միայն իր նմաններին, այլ նաև իր սեփական խիղճը: Ուրեմն, ո՞րն է այն հիմնական զգացումը, որ մարդուն պետք է մղի դեպի եկեղեցի, դեպի Ս. Պատարագի խորհուրդը: Ճիշտ պատասխանը կգտնենք՝ մտաբերելով ու քննելով Ավետարանի մեջ Հիսուսի պատմած մի առակը, որ հայտնի է «Մաքսավորն ու Փարիսեցին» անունով (Ղուկաս ԺԸ, 10-14): Երկու մարդ տաճարի մեջ, իրարից հեռու կանգնած այնպես էին աղոթում, որ մեկը մյուսի ասածը չէր լսում: Մեկը Փարիսեցի էր, այսինքն՝ հարուստ և օրինապահ դասակարգից մի հրեա, որ ընկերային պատվավոր դիրք ուներ, ինչպես իր դասակարգին պատկանող բոլոր անձերը: Փարիսեցիները օրենքները հարգող և, նույնիսկ, երբեմն էլ բարի գործեր կատարող մարդիկ էին, որով նրանք հարգված էին ժողովրդի կողմից, որպես տիպար հայրենակիցներ՝ կրոնական և ազգային իմաստով, որովհետև այդ դասակարգի մարդիկ հռոմեացիների դեմ կանգնող մտայնության առաջնորդներն էին և պաշտպանում էին հրեա ժողովրդի քաղաքական անկախության գաղափարը: Իսկ մյուսը՝ պարզ ու հասարակ մի հրեա, որ մաքսի գործերով էր զբաղվում, որի համար կոչվում էր Մաքսավոր,  մի  գործ,  որ  հաճախ  խաբեբայության էր վերածվում: Մաքսավորները, ընդհանրապես, անիրավություններ և զեղծումեր էին անում ի շահ իրենց գրպանի: Այդ  պատճառով՝  «մաքսավոր»  անունը հրեա ժողովրդի համար «խաբեբա» իմաստն էր ստացել:

Փարիսեցին թևերը տարածած, մի քիչ հպարտ ու ինքնագոհ կեցվածքով՝ բարձրաձայն աղոթում էր Աստծուն. «Աստված իմ, գոհ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց նման հափշտակող, անիրավ ու շնացող չեմ, և կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը երկու անգամ պաս եմ պահում և տասանորդն էլ եմ տալիս իմ ողջ շահածից»:

Իսկ մաքսավորը, ավելի հեռու կանգնած, վախով ու դողով, հազիվ համարձակվելով աչքերը վեր բարձրացնել՝ իր կուրծքն էր ծեծում և ասում. «Աստվա՛ծ, ներիր ինձ՝ մեղավորիս»:

Այս առակը պատմելուց հետո Հիսուս եզրակացնում է. «... սա իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը», այսինքն՝ Մաքսավորը ավելի շատ թողության արժանացած  ու ավելի արդարացած վիճակի մեջ իր տունը պիտի գնա, քան թե Փարիսեցին: Եվ ավելացնում է Հիսուս. «... ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»:

Պարզ է, ուրեմն, թե հակառակ որ խորքի մեջ  Մաքսավորը  ավելի  մեղավոր  էր,  սակայն, որովհետև նրա անկեղծությունը, նրա զղջումի խոր գիտակցությունը և աղոթելու, խնդրելու ջերմ զգացումը ավելի ուժեղ և մաքուր էին, նրան ավելի «արդարացած» դարձրին, քան մյուսը, որ աղոթում ու մարդկանց և Աստուծո առաջ ինքն իրեն էր գովում: Այս առակը, ահա, բավական է մեզ ցույց տալու այն ճշմարիտ ոգին, որով պետք է տոգորված լինի հավատացյալը, երբ եկեղեցի է մտնում, երբ պատրաստվում է մասնակցելու Ս. Պատարագին:

Անմիջապես ասենք, որ այդ ճշմարիտ ոգին անհատական մեղքի գաղափարն է, մեղավոր էակ  լինելու  զգացումը,  սխալական լինելու և մարդկային չարիքի համար տառապող մի հոգի լինելու գիտակցությունը: Որովհետև «Ո՞վ է այն մարդը, որը ապրում է և չի մեղանչում»: Ահա  գիտակցական-զգացական  ներքին պայմանը,  որ,  որպես  մղիչ  ուժ,  հոգեկան անհրաժեշտություն  է  ստեղծում  Աստուծո տունը գալու և աղոթելու:

Միայն մեղավոր ու սխալական լինելու գիտակցությամբ է, որ աղոթքը իմաստ է ստանում: Միայն  այն  ժամանակ  կարող  ենք  մի խնդրելիք ունենալ. միայն այն ժամանակ կրոնական-հոգևոր մթնոլորտ կարող ենք ապրել: Այն ժամանակ միայն եկեղեցական երաժշտության քաղցրությունը կարող ենք լիովին ըմբոշխնել, այն ժամանակ միայն կարող ենք թափանցել սրբերի տանջված դեմքերի էության մեջ, այն ժամանակ միայն կարող ենք Հիսուսին ճանաչել: Վերջապես՝ միայն այն ժամանակ կարող ենք ըմբռնել Ավետարանը և այն ժամանակ է, որ կարող ենք նաև հասկանալ Ս. Պատարագի խորհուրդը: Քրիստոնյա  հավատացյալի  մեղքի  գիտակցությունը, մեր համոզմամբ, ունի հետևյալ հոգեբանական զարգացման աստիճանները.

ա) Ինքն իրեն քննադատել,

բ) Ինքն իրեն պատժել,

գ) Ինքն իրեն ուղղել:

Հայտնի  է,  որ  մարդն  այն  էակն  է,  այն միակ էակը, որ ունի ինքը իր գիտակցությունը, հասկանում է իր կատարած չարն ու բարին, հետևաբար գիտակցում է, որ իր կատարած գործերի համար պատասխանատու է, և իր այդ բարի ու չար գործերը դատելու հնարավորությունն ունի իր ներքին գիտակցական աշխարհի առաջ, որը ոչ գիտական ընդհանուր մի բառով կոչում ենք խիղճ:

Խրիմյանը այսպես է սահմանում. «Խիղճը հաշվեպահանջ ոստիկան է, որն իբրև դատավոր, սրտի աթոռի վրա բազմած, խայթահարում է միշտ»:

Մեր ինքնաքննությունը կամ ինքնաքննադատությունը, որ պետք է կատարենք Աստուծո առջև, ահա այդ խղճի դատաստանի միջնորդությամբ է, որ պիտի կատարվի: Որովհետև կատարյալ խիղճը, որպես կատարելության, ճշմարտության և բարության մարմնացում և ներքին ձայն, ուրիշ բան չէ, եթե ոչ Աստուծո ներկայությունը մեր հոգիների մեջ:

Ինքն իրեն քննելու, քննադատելու համար նախ անհրաժեշտ է բացարձակ անկեղծություն՝ անվախ ու վճռական: Անկեղծ լինել ինքն իր հանդեպ ամենադժվար գործերից մեկն է, շատերի համար հոգեկան անկարելիություն: Ինքն իր հանդեպ բացարձակ անկեղծ լինելը բարոյական հերոսություն է, որին միայն քչերը կարող են հասնել: Որոշ չափով էլ դաստիարակության հարց է: Ինքնաքննության  և  քննադատության մեթոդը կիրառվում է նաև մանկավարժության և այլ մարզերի մեջ:

Հոգեկան երկրորդ գործողությունը, որ պահանջվում  է  ճշմարիտ  հավատացյալից, ինքն իրեն կամովին պատժելու հանձնառությունն է: Ինքդ քեզ անկեղծորեն քննելով հաստատում ես սխալդ, մեղքդ, նրա չափն ու խորությունը: Տեսնում ես սխալական էակ լինելդ: Հետևաբար, խիղճդ, որ այդ պարագաները հաստատեց, քեզ թելադրում է, որ մեղքերդ քավես: Ուրեմն, մի պատիժ կրելու, մի զրկանք ապրելու գաղափարն է, որ ծնվում է մեղավոր ու սխալական ամեն հոգու մեջ, ամեն ազնիվ հոգու մեջ: Պատժի գաղափար գրեթե բոլոր կրոններն էլ ունեն և նրանցից շատերի մոտ արտահայտվում է բարբարոս ու վրեժխնդիր ձևերով:

Ահա, օրինակ, ճապոնացիների «Հարաքիրի» կոչվածը, որ կատարվում է կրոնական արարողության  ձևի  տակ:  Իր  խղճի  առջև ծանր մեղքով մեղավոր զգացող ճապոնացին դաշույնը իր փորն է խրում ու իր աղիքները կտրելով՝ հոգին ավանդում է այն գիտակցությամբ, թե ինքն իրեն պատժեց և իր Աստուծո առաջ իր մեղքը քավեց հերոսաբար: Քրիստոնեությունը ո՛չ այդպիսի պատիժ է ընդունում, ո՛չ այսպես մեղքերի թողություն է ըմբռնում և ո՛չ էլ որևէ ձևով կատարված  անձնասպանությունը  հերոսություն է նկատում:

Ընդհակառակը, մահը պատիժ չի կարող լինել, այլ փախուստ պատժից, իսկ անձնասպանությունը ոչ թե հերոսություն, այլ թուլություն է, դասալքություն: Իրական հերոսությունը ապրելն է, և մեղքից ու սխալից իսկապես ազատվելու միակ ճանապարհը՝ բարի գործերով դրանք հատուցելը: Այստեղ, ահա, սկսվում է երրորդ հոգեկան պահը, որ է բարի գործով մեղքը քավել: Ինքն իրեն ուղղել բարիք գործելով՝ ահա դրա մեջ է կայանում փրկությունը «մեր անձերի»: Դրա համար է, որ պատարագիչ քահանան սեղան չբարձրացած աղոթում և մաղթում է ժողովրդին. «ժամանակ թող տա՝ ապաշխարելու և բարիք գործելու»:

Ահա քրիստոնեության ըմբռնումը աշխարհի չարը բարու վերածելու վերաբերյալ: Սա բարոյական բարձր գագաթի հասնող մի գաղափար է, որ նոր հեղափոխություն ստեղծեց մարդկային գիտակցության մեջ: Այսպես, ուրեմն, դասավորվում են հավատացյալի հոգեկան աշխարհի մեջ ներքին ապրումներն ու զգացումները:

Առանց մեղքի գիտակցության չկա խիղճ, առանց խղճի չկա մեղքի գիտակցություն, իսկ առանց այդ երկուսի չկա զղջում և բարիք գործելու կամեցողություն, առանց բարի ու շինարար գործի չկա Քրիստոս, չկա փրկություն, չկա Աստուծո արքայություն: Միայն բարի ու արդար գործի և ստեղծագործ, շինարար աշխատանքի ճանապարհի վրա է, որ մարդը, մի պահ, գոնե, զգում է արարչական ուժերի արթնացումը իր մեջ: Իսկ գործի լրումին հասնելով՝ զգում է իր մասնակցությունը Աստուծո արքայության, այսինքն՝ հավիտենականության:

Ուր որ չկա մեղավոր և սխալական լինելու զգացումը, ուր որ չկա խղճի դատաստան, ուր որ չկա մարդկային չարիքների գիտակցություն,  այնտեղից  հեռանում  են Աստված և Քրիստոս, որ աշխարհ եկավ այն նպատակով,  որ  մարդկանց  ցույց  տա  այդ խղճի ներկայությունը հոգիների մեջ: Նա ցույց տվեց մարդկանց`
֊ մեղքերից և սխալներից մաքրվելու, ազատվելու միջոցը, որ բարի գործն է,
֊ փրկության ճամփան, որ շինարար ու ստեղծագործ աշխատանքն է
֊ Աստուծո արքայությունը, որ ճշմարիտի, բարու և գեղեցիկի ապրումն է հոգիների մեջ, սիրո և խաղաղության մի աշխարհում:

Այս լույսով առաջնորդվելով, այս ճանապարհից  քայլելով  է,  որ  մարդ  արժանի  է դառնում  մեղքերի  թողության,  այսինքն՝ խղճի հետ հաշտ ու թեթև սրտով, ներքին ինքնագոհության ու երջանկության գերագույն ապրումն է ունենում, որը ուրիշ բան չէ, եթե ոչ Աստուծո արքայության հայտնությունը մարդկային հոգու մեջ: Աստուծո արքայությունը այն գերագույն պահն է, որ իրականանում է մեր մեղավոր ու անցավոր կյանքի, մեր հողեղեն գոյության մեջ: Եվ այդ չէ՞, որ խնդրում ենք հանապազոր. «Հայր մեր, որ երկնքում ես... թող քո արքայությունը գա... ինչպես երկնքի մեջ, այնպես էլ երկրի վրա...»:

Մեր Ս. Հայրապետների գրությունների մեջ բազմաթիվ են ներշնչված էջերը, որտեղ իրենց մեղքերը ողբում են այնքան խոր ու գեղեցիկ կերպով: Գաղափարի անկեղծության և զգացումի մաքրության զմայլելի էջեր են՝ հորինված բանաստեղծական թռիչքով, որոնք կազմում են մեր հոգևոր ու գրական ժառանգության թանկագին գոհարները: Ահա, որպես օրինակ Ներսես Շնորհալու «Աշխարհ ամենայն»-ից հետևյալ մի քանի տները.

Երբեմն լույս էի,

Այժմ խավար եմ

Եվ մահվան ստվեր:

Ես ինչպե՞ս պատմեմ

Թիվը մեղքերիս,

Քանզի շատ-շատ են:

Երկինք և երկիր,

Եկե՛ք, ողբացե՛ք

Անձն իմ եղկելի:

Ընտրեցի չարը,

Կամովին ընդունեցի

Հույլը մեղքերի:

Մեղքերի ճաշակմամբ

Մահը ճաշակեցի,

Հարուստս աղքատացա:

 

Հոգիս՝ անկենդան,

Միտքս՝ մոլորյալ,

Կա՛մ միայն մարմնով:

Շտապիր, ա՛նձ իմ

Փախչել չարիքից,

Բարին ցանկանալ:

Քեզ մոտ միշտ համարիր

Մահվան քունը երբ գա,

Քննո՛ղ դատավոր:

 

Կամ Գրիգոր Նարեկացու այս չարչարագին մտածումները.

 

Մեղա՜ ես մեծիդ բարերարությանը, Անարգս մեղա՜.

Մեղա՜ ծագումին ճառագայթներիդ, Խավարս մեղա՜,

Մեղա՜ շնորհիդ երախտիքներին, Արդարև մեղա՜.

Մեղա՜ երկնային գթառատ սիրուդ, Հայտնապես մեղա՜.

Մեղա՜ արարչիդ՝ անէությունից, Հավաստյալ մեղա՜.

Մեղա՜ գերագույն գոգիդ գրգալիր, Անսահման մեղա՜.

Մեղա՜ աննվազ լույսիդ վայելման, Նենգողս մեղա՜.

Մեղա՜ քո անճառ կյանքի ճաշակման, Բազմիցս մեղա՜.

Մեղա՜ քո անհաս շնորհատրման, Հանապազ մեղա՜.

Մեղա՜ խնկելի մարմնիդ Աստուծո, Մահու չափ մեղա՜.

Մեղա՜ պաշտելի արյանն արարչիդ, Իսկապես մեղա՜:

(Բան ԻԷ, Բ):

 

Որ մեզ՝ մարդկանց համար
Ու մեր փրկության համար»:
(«Հավատամք»)

   

Խոսեցինք մեղքի գիտակցության մասին, խոսեցինք ներքին այն ապրումների մասին, որով մարդը ինքն իր և Աստուծո հետ խոսքի նստելով է քննում ինքն իրեն իր խղճի առջև ու բարի գործի, շինարար ու ստեղծագործ աշխատանքի ճանապարհով հասնում է բարոյական ներքին երջանկության զգացումին, որը կրոնական բացատրությամբ՝ հոգու փրկության զգացումն է:

Այս  փրկության  գաղափարին  հասնող մարդկային տիպարը Ֆաուստն է, բայց աստվածային տիպարը ինքը՝ Հիսուսն է, Աստուծո և մարդու Որդին: Հիսուսի հավիտենական արժեքը ոչ միայն իր խոսքերի, իր հեղափոխող նոր գաղափարների  մեջ  է  կայանում,  այլ,  մանավանդ, իր կյանքի օրինակի մեջ:

Եվ  ո՞րն  է  Հիսուսի  կյանքի  մեծագույն երևույթը, ո՞րն է նրա գերագույն գործը:

Դա, իր կամովին զոհվելն է մի մեծ գաղափարի, մի մեծ ուխտի հաղթանակի համար: Վերը  խոսեցինք  և բացատրեցինք,  թե ինչպես հավատացյալ քրիստոնյան պետք է ի հարկին ինքն իրեն կամովին զրկանքի ու տառապանքի ենթարկի իր մեղքերը քավելու համար. պետք է իր հոգեկան բոլոր բարի ուժերը հավաքելով՝ աշխատի բարու և ճշմարտի հաղթանակի համար, բարի գործը ստեղծելու համար:

Հիսուս իր քարոզների և պատվերների մեջ խիստ էր. նա իրեն հետևողներին չէր խոստանում ո՛չ հարստություն, ո՛չ փառք, և ո՛չ մեկ երկրային երջանկություն, այլ պահանջում էր, ընդհակառակը, որ ամեն մեկը իր հարստությունը, եթե ունի իսկ, բաժանի աղքատներին և իր փշոտ ճանապարհին հետևի: Իրեն դիմող հարուստ պատանուն Հիսուս պատասխանում է. «Գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս. և դու արի իմ ետևից» (Մատթ. ԺԹ, 21):

Իսկ մի ուրիշ տեղ իր աշակերտներին պատվիրում է. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ, 24):

Ի՞նչ է այդ խաչը, եթե ոչ մարդկային խղճի վրա ծանրացող մեղքերի ծանր բեռը: Սակայն, որպեսզի Հիսուսի պատվերները լոկ խոսքեր չմնան, այլ իր ժամանակակիցների  և  ապագայի  վրա  իրենց  խոր  ազդեցությունը թողնեն, պետք է, որ ինքը՝ Հիսուս, գերագույն ապացույցը տար, թե ինքը իր խաչը պիտի տանի մինչև վերջ, ոչ որպես բեռը իր մեղքերի, այլ բոլոր մարդկանց, ամբողջ մարդկության մեղքերի խաչը: Գերագույն, կենդանի ապացույցը, որով Հիսուս ազդում է մարդկային գիտակցության վրա, որով ցնցում է մարդկության խիղճը, այդ իր զոհաբերությունն է:

Այն  Հիսուսը,  որ  պահանջում  է  մարդկանցից  սխալն  ու  չարը  ճանաչել,  մեղքը խոստովանել, զղջումի գալ ու ամեն բան զոհել, ամեն մի նյութական բարիքից և աշխարհիկ  վայելքից հրաժարվել՝ բարոյականը փրկելու համար, այդ Հիսուսը ինքը գերագույն օրինակն է տալիս իր զոհաբերությամբ, որ կատարվում է բոլոր մարդկանց փրկության համար. «Մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար»:

Հիսուս «Որդի մարդոյ» եղավ «Որդի Աստուծոյ»,  Հիսուս  եղավ  Քրիստոս,  այսինքն՝ Փրկիչ: Առանց Հիսուսի տառապանքի ու խաչելության, առանց Գողգոթայի վրա տեղի ունեցող զոհաբերության խորհրդի, Նոր Ուխտը՝ քրիստոնեական կրոնը, պիտի զրկվեր իր ամենից հիմնական ու էական արժեքից:

Քրիստոնեությունը հիմնվում և կառուցվում է այդ զոհաբերության խորհրդի վրա: Մինչ հրեաները իրենց կրոնի ու հավատքի ամրացման համար երկնքից նշաններ են հայցում, իսկ հեթանոսները խնդրում են իմաստություն,  մենք՝  քրիստոնյաներս,  գոչում է Պողոս առաքյալը, քարոզում ենք «Խաչեցյալ Քրիստոսին»:

Ահա այս պատճառով է, որ, որպես Նոր Ուխտի գերագույն խարիսխ-գաղափար, Հիսուսի զոհաբերությունը վերածվեց մի խորհրդի, որը արարողության ձևերով, աղոթքներով ու երգերով նվիրագործվեց Ս. Պատարագ անվան տակ:

Պատարագը (Liturgie) իր բառացի իմաստովն  իսկ  նշանակում  է  զոհաբերություն: Զոհաբերություններ անելու սովորություններ մյուս կրոններն էլ ունեին: Հեթանոսներն էլ, հրեաներն էլ կենդանիներ էին բերում տաճար և զոհում էին դրանք այն հավատքով, որ իրենց մարդկային մեղքերը կենդանին իր վրա կվերցնի ու կզոհվի՝ այսպիսով սրբելով իր տիրոջ հոգին այդ մեղքերից: Հիսուս ժխտեց այդ կեղծ «դրությունը»: Նա պատվիրեց մարդկանց, որ ամեն մեկը անձնապես քավի իր մեղքը, ամեն մեկը՝ իր խղճի առաջ:

Ու գերագույն ապացույցը ինքը տվեց իր զոհաբերությամբ՝ մարդկության մեղքերի համար: Հիսուս մարդկանց մեղքերի մուրհակը, պարտքը վճարեց իր խաչելությամբ ու մահով: Շնորհալին «Նորոգող տիեզերաց» շարականի մեջ ասում է. Երբ գոչեցիր «Էլի էլի»-ն՝ Երկրի հիմքերը տատանվեցին, Եվ վարագույրը հին օրենքի Պատռվում էր վերից ներքև: Արդ և շարժվող քարերի հետ Անշարժ սիրտս բարին շարժիր, Վարագույրի պատռվելու հետ՝ Իմ հին մուրհակն էլ պատռիր: Հիսուսն է, որ խաչի վրա զոհված ժամանակ պատռեց «զգիր պարտին», այսինքն՝ մեղքերի գիրը:

Նույն գաղափարը արտահայտվում է նաև նկարչության մեջ: Եկեղեցական պատկերներ կան, թեև հազվագյուտ, որտեղ Հիսուս խաչի վրա ներկայացվում է ձեռքին բռնած մի պատռված թուղթ: Այդ պատռված թուղթը խորհրդանշում է մարդկանց մեղքերի մուրհակը, որը Հիսուս իր զոհաբերությամբ վճարեց ու պատռեց: Քրիստոնյաները, սկզբից ևեթ ըմբռնելով Հիսուսի զոհաբերության հիմնական նշանակությունը,  այն  պաշտամունքի  հատուկ արարողության վերածեցին:

Առաջին դարից իսկ, քրիստոնյաները այդ արարողությունը սկսում են կատարել, բնական է, նախնական ձևով: Հետագային, այդ նախնական պատարագի արարողությունը ճոխանում է, փոփոխություններ է կրում, և մի քանի դար շարունակ հայրապետներ և ներշնչված  կրոնականներ  կատարելագործում են այն:

Ուրեմն, Ս. Պատարագը, որ մեր եկեղեցու մեջ մատուցվում է ամեն կիրակի, Հիսուսի զոհաբերության խորհուրդն է, որով ամեն հավատացյալ մի պահ վերանում է ու հոգով վերապրում է նրա տառապանքը և նրա անսահման սերը հանդեպ մարդկանց, որոնց համար զոհվեց: Դրանից չպետք է հետևեցնենք, սակայն, թե քանի որ Հիսուս մեր մեղքերի համար զոհվեց, այլևս, ուրեմն, մենք մեղք չունենք ու առանց խղճի խայթի կարող ենք ապրել: Նման ըմբռնում, անշուշտ, շատ միամիտ պիտի լիներ և բոլորովին կեղծ:

Հիսուս իր զոհաբերությամբ՝ մեղքը վերացնելու, չարը խափանելու գաղափարի գերագույն  ապացույցը  տվեց,  մեծագույն տուրքը վճարեց, որպես աշխարհասասան օրինակ մարդկության համար:

Հիսուսի զոհաբերությամբ ամեն քրիստոնյայի համար անխորտակելի ուժ է՝ թե՛ չարն է հաղթահարված, թե՛ մեղքից ազատվելու ճանապարհն է բացված: Այդ ճանապարհը Հիսուսի ավետարանն է, նրա թողած կտակը, որին, եթե հավատանք և հետևենք, կիմանանք սրբվել մեր մեղքերից այն միջոցներով, որոնց մասին արդեն խոսեցինք: Ահա, ուրեմն, Ս. Պատարագի հիմնական իմաստը  և  նրա  խոշոր  նշանակությունը քրիստոնյայի հոգևոր ապրումների մեջ:

Այժմ անցնենք Ս. Պատարագի արարողության բացատրությանը՝ կարելի եղածի չափ հասկանալի ձևով: Հայաստանյայց Եկեղեցին, ինչպես հայտնի է բոլորին, պատմական հնագույն Եկեղեցիներից մեկն է, և նրա գոյությունը սկիզբ է առնում առաքելական դարից: Թաքուն և հալածական կյանք ապրելուց հետո, չորրորդ դարի սկզբին, 301 թվականին, քրիստոնեությունը  պաշտոնապես  հռչակվում  է հայ ժողովրդի պետական կրոն՝ Ս. Գրիգոր Լուսավորչի օրով և նրա ձեռքով:

Բնական է, որ հայերը առաջին դարից իսկ սկսյալ պատարագ են մատուցել, հավանաբար շատ նախնական ձևի տակ, որ մեզ անհայտ է: Չորրորդ դարում, սակայն, երբ սկսեցին կառուցվել եկեղեցիները, ու կազմակերպվեց հայ հոգևորական դասը, Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադարձին, իր հետ բերեց, հավանաբար, Պատարագամատույց, որ իր ժամանակի մյուս եկեղեցիների մեջ գործածական էր, բայց որն այսօր մեզ ստույգ ծանոթ չէ:

Անմիջապես ասենք, որ ցարդ բազմաթիվ պատարագամատույցներ են ծանոթ, որոնք պատմության ընթացքին խմբագրվել են զանազան հայրապետների և ձեռնհաս կրոնականների կողմից, բնական է, նվիրված նույն խորհրդին  և,  սակայն,  ինչ-ինչ  տարբերություններով՝ աղոթքների, քարոզների խմբագրման, ծիսական արարողությունների, երաժշտության և այլ տեսակետներից:

Մեր  ազգային  ավանդությունը  մեր  այսօրվա պատարագամատույցը վերագրում է Ս.  Գրիգոր  Լուսավորչին  և  այլ  հայազգի հայրապետներին, որոնք հավելումներ են կատարել: Սակայն թվում է, պատմական-բանասիրական ուսումնասիրությունները գալիս են ապացուցելու, որ Հայաստանյայց Եկեղեցին 5-րդ դարի սկզբին գործածել է Ս. Բարսեղ Կեսարացու Պատարագամատույցը, իսկ հետագայում այն ենթարկել է փոփոխության՝ հիմնվելով, մանավանդ, Ս. Գրիգոր Նազիանզացու Պատարագամատույցի վրա, որը սխալմամբ մեզ մոտ կոչվում է «Աթանասյան» Պատարագամատույց (տե՛ս Հ. Հովսեփ Գաթրճյանի նշանավոր գործը՝ «Սրբազան պատարագամատույցք  հայոց»,  Վիեննա, 1827):

Մեր Պատարագամատույցի մեջ կան նաև աղոթքներ Հովհաննես Ոսկեբերանից, օրինակ՝ «Որ օրհնես զայնոսիկ»-ը, և Ս. Գրիգոր Նարեկացուց, ինչպես նաև այլ և այլ մանր փոփոխություններ, որ բնականորեն, առաջ են եկել պատմական կյանքի և հոլովույթի օրենքով:

Տասներորդ դարում, սակայն, Հայոց Պատարագամատույցը արդեն ստանում է իր վերջնական ձևը, որի մասին խոսում են ժամանակակից  նշանավոր  դեմքեր՝  Խոսրով Անձևացին և Ներսես Լամբրոնացին:

Այստեղ հիշենք, որ ուրիշ Եկեղեցիներ, մի քանի պատարագամատույցներ ունեն, իրարից տարբեր, որոնք բոլորն էլ իրենց համար մնում են գործածական:

Օրինակ, Մեծ Պահոց ընթացքին Ռումին Օրթոդոքս Եկեղեցին, փոխնիփոխ, տարբեր պատարագամատույցներով է կատարում Ս. Խորհրդի արարողությունը:

Հայաստանյայց Եկեղեցին, հնուց ի վեր, միաժամանակ  մի  քանի  պատարագամատույցներ չի գործածել, այլ ընդունել է մեկ պատարագամատույցի դրությունը: Մեր այսօրվա Ս. Պատարագի արարողությունը, իր նախնական ձևի մեջ, թեև օտար պատարագամատույցի  թարգմանություն  է և, սակայն, դարերի ընթացքին իր կրած փոփոխություններով ու հավելումներով, իր հայոց լեզվի կատարելությամբ, ծիսական ուրույն նկարագրով և, մանավանդ, զուտ հայկական երաժշտությամբ՝ վերածվել է ազգային գլուխգործոցի, ուր մեր հոգելույս նախնիները իրենց հոգու ադամանդն են բյուրեղացրել՝ մեզ ժառանգ թողնելով հոգևոր և մշակութային անփոխարինելի մի գանձ:

Հիրավի, մեր Ս. Պատարագը միայն կրոնական գանձ չէ, այլ նաև մշակութային մի արժեք: Մշակութային մի արժեք՝ գրաբարի անճառելի ձևերի և երաժշտության աստվածային ներդաշնակությունների շնորհիվ։ Եվ, երբ Ս. Պատարագի վերացման պահերին մեր աղոթքները խնկով ու երգով դեպի վեր են բարձրանում, կարծես, աստվածային խորհուրդը  և  մեր  աստվածային լեզուն մրցում են իրար հետ և մնում հավասար և իրար արժանի՝ սրբազան խորհուրդը և մեր ոսկեդարյան լեզուն:

Ս.  Պատարագին  մասնակցող  գլխավոր դերակատարներն են պատարագիչ քահանան, սարկավագը և դպիրները: Դպիրները ներկայացնում են ժողովուրդը, և ինչ որ երգում են, ժողովրդի կողմից են խոսում՝ լինի որպես պատասխան, լինի որպես գոհունակության արտահայտություն կամ խնդրանք:

Ս. Պատարագի արարողություն կատարողը՝ պատարագ մատուցողը, պատարագիչ քահանան է: Նա է, որ իր այդ հանգամանքով արտասանում է աղոթքները՝ լինի իր համար, լինի ժողովրդի համար:

Իսկ պատարագիչ քահանայի ու ժողովրդի (դպիրների) միջև միջնորդը սարկավագն է: Սարկավագը քահանայի օգնականն է՝ սպասավորի դերի մեջ: Նա, նաև սպասավորն ու պաշտոնյան է Աստուծո, նրա սեղանի, նրա խոսքի, այնպես, ինչպես Ս. Ստեփանոսը եղավ որպես նախասարկավագ: Բայց սարկավագի ամենից կարևոր պաշտոնը միջնորդ լինելն է: Սարկավագն է, որ իր այդ հանգամանքով ուշադիր կերպով հետևում է արարողություններին, և, երբ գալիս է մի կարևոր  պահ,  անմիջապես  դառնալով  ժողովրդին՝ նրան ուշադրության է հրավիրում, հրահանգներ ու խորհուրդներ է տալիս և, երբեմն էլ, արտասանում է ժողովրդի կողմից քահանային ուղղված խոսքեր:

 

Հաջորդ գլուխը՝

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՍԿԻԶԲԸ