ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՍԿԻԶԲԸ

 «Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում», (Քրիստոս պատարագվելով բաշխվում է մեր մեջ) ահա Ս. Պատարագի խորհրդի կարճ և լրիվ իմաստը:

Մարդկության հոգին ու խիղճը ցնցելու և հեղափոխելու նպատակով Հիսուս զոհաբերում է իր անձը: Նա պատարագվում և բաշխվում է մեր բոլորի մեջ՝ մեր բարոյական ազատագրման համար, մեր մեղքերի քավության և թողության համար: Իր չարչարանքների և մահվան գնով՝ Հիսուս ուժեղացնում է մեր հավատքը իր քարոզած Ավետարանի հանդեպ, որ մարդկությանը ցույց է տալիս բարու և ճշմարտի հավիտենական լույսը և այդ լույսով՝ մարդկային հոգու փրկության և անմահության ճանապարհը: Այս «ահավոր» խորհուրդը ներկայացնող արարողությունը՝ Ս. Պատարագը, սկսվում է «Խորհուրդ խորին» երգով, որ դպիրները երգում են խորհրդավոր շեշտով, մինչ պատարագիչ քահանան ավանդատան մեջ զգեստավորվում է՝ սարկավագի հետ փոխնիփոխ սաղմոսներ քաղելով:

Դպիրները երգում են. «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ ի յառագաստ անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք զդասս հրեղինաց»: (Ով խորին խորհուրդ, անհասանելի և անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստի մեջ զարդարեցիր վերին պետությունդ՝ գերապանծ փառքով՝ հրեղենների դասերը):

Հաջորդում են ևս յոթ տուն, որոնք, սակայն, սովորաբար չեն երգվում: Պատարագիչ քահանան՝ զգեստավորված, ավանդատնից գալիս է դասի մեջ: Ներս մտած ժամանակ դպիրները երգում են. «Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛ եւ զերկրպագուս անուանդ քում սրբոյ պահեա՛ ի խաղաղութեան»: (Երկնավոր թագավոր, անշարժ պահիր քո եկեղեցին և քո սուրբ անվան երկրպագուներին պահիր խաղաղության մեջ):

Ժամարար քահանան եկել է ատյան և ձեռքերն է լվանում, սարկավագի հետ փոխնիփոխ սաղմոսներ ասելով: Անմիջապես հետո, քահանան, երկու կարճաղոթքներից հետո բարձր ձայնով խոստովանում է այս խոսքերով.

 «Խոստովանիմ առաջի Աստուծոյ եւ սրբուհւոյ Աստուածածնի եւ առաջի ամենայն սրբոց եւ առաջի ձեր, հա՛րք եւ եղբա՛րք, զամենայն մեղս, զորս գործեալ եմ. քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, եւ ամենայն մեղօք, զոր գործեն մարդիկ, մեղայ, մեղայ: Աղաչեմ զձեզ՝ խնդրեցէք վասն իմ յԱստուծոյ զթողութիւն»: (Խոստովանում եմ Աստուծո առաջ և Սրբուհի Աստվածածնի և բոլոր սրբերի առաջ և ձեր առաջ ով հայրեր և եղբայրներ՝ իմ գործած բոլոր մեղքերը: Որովհետև մեղք գործեցի մտածումով, խոսքերով և գործով և բոլոր մեղքերով, որ գործում են մարդիկ. մեղա, մեղա: Աղաչում եմ ձեզ Աստծուց թողություն խնդրեցեք ինձ համար):

Ի պատասխան, դասից մի ուրիշ քահանա մոտենում է ժամարարին և ասում.

 «Ողորմեսցի քեզ Աստուած հզօրն եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց՝ անցելոյն եւ այժմուս, եւ յառաջիկայէն փրկեսցէ: Եւ հաստատեսցէ զքեզ յամենայն գործս բարիս եւ հանգուսցէ զքեզ ի հանդերձեալ կեանսն»: (Թող քեզ ողորմի հզորն Աստված և թողություն շնորհի քո բոլոր մեղքերին՝ անցյալ և արդի, և փրկի գալիքից: Եվ քեզ հաստատի բոլոր բարի գործերի մեջ, և հանգիստ պարգևի քեզ հանդերձյալ կյանքում):

Իսկ ժամարար քահանան խոսքը ժողովրդին ուղղելով աղոթում է.

 «Ազատեսցէ՛ եւ զքեզ մարդասէրն Աստուած եւ թողցէ զամենայն յանցանս ձեր. տացէ ժամանակ ապաշխարելոյ եւ գործելոյ զբարիս. ուղղեսցէ եւ զառաջիկայ կեանս ձեր շնորհօք Սուրբ Հոգւոյն հզօրն եւ ողորմածն, եւ նմա փառք յաւիտեանս: Ամէն»: (Ձեզ նույնպես թող ազատի մարդասեր Աստված և ների ձեր բոլոր հանցանքները: Ժամանակ տա ապաշխարելու և բարիք գործելու: Թող ուղղի և ձեր գալիք կյանքը հզոր և ողորմած Սուրբ Հոգու շնորհքով, և նրան փառք հավիտյան: Ամեն):

Դպիրներն ու ժողովուրդը ժամարարից խնդրում են. «Յիշեսջիր եւ զմեզ առաջի անմահ Գառինն Աստուծոյ»: (Մեզ ևս հիշիր Աստուծո անմահ Գառի առջև):

Ժամարարը պատասխանում է. «Յիշեալ լիջիք առաջի անմահ Գառինն Աստուծոյ»: (Հիշված կլինեք Աստուծո անմահ Գառի առջև):

Մի ուրիշ աղոթք արտասանելուց հետո, ժամարար քահանան ուղղվում է դեպի ձախ և սարկավագի հետ սաղմոսներ ասելով՝ բեմ բարձրանում դեպի Սուրբ Սեղան:

Հասնելով խորանի առջև՝ ժամարարը բարձր ձայնով, եղանակավոր աղոթում է.

«Ի յարկի քում սրբութեան. եւ ի տեղւոջ փառաբանութեան, հրեշտակաց բնակարանիս եւ մարդկան քաւարանիս...» և այլն. (Քո սուրբ հարկի տակ և փառաբանության տեղում հրեշտակների այս բնակարանում և մարդկանց այս քավարանում…):

Այս աղոթքը վերջացնելուց հետո՝ մեծ վարագույրը փակվում է, և դպիրները սկսում են ծանր եղանակներով Մեղեդի կամ Տաղ երգել:

 

Նախորդ գլուխը՝

ՆԱԽԱԲԱՆ

Հաջորդ գլուխը՝

ԵՐԵԽԱՅԻՑ (ՉՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ) ՊԱՏԱՐԱԳ