Նավումի մարգարեության մեկնություն 2:2

Ա․ Լոպուխին

(եբր․ 3)․ Քանզի Տերը կվերացնի Հակոբի նախատինքը, ինչպես Իսրայելի նախատինքը, որովհետև կործանիչները ամայացրել են նրանց և նրանց որթատունկի ճյուղերը ոչնչացրել են։ (Սինոդական թարգ․)[2]
   
   Այժմ ցույց է տրվում Նինվեի թշնամիների մահացու ուժի և նրա ինքնապաշտպանական բոլոր ջանքերի ապարդյուն լինելու հիմնական պատճառը։ Որպես նրա թշնամի հանդես կգա Ինքը՝ Տեր Աստված. Աստծո թագավորության հանդեպ թշնամաբար տրամադրված Նինվեի կործանման միջոցով, [Տերը] կվերականգնի վերջինս [այսինքն՝ Աստծո թագավորությունը], կվերադարձնի Հակոբ−Իսրայելի, այսինքն՝ Աստծո ողջ ընտրյալ ժողովրդի արտաքին գեղեցկությունը և ներքին սրբազան մեծությունը (եբրայերեն՝ «гаон», Վուլգաթա՝ «Superbiam»)։ «Պետք է իմանալ,– այստեղ նշում է երանելի Թեոդորոս Կյուրոսացին (նույն տեղում, էջ 12),− որ Հակոբին Հակոբ անունը տրվել է ծնողների, իսկ Իսրայել անունը՝ Աստծու կողմից, և երկու անուններն էլ ընդունվել են Հակոբից սերած ժողովրդի կողմից։ «Հետևաբար,−ասում է Աստված,− ասորեստանցիներից կրած աղետների համար, Հակո՛բ, Ես կպատժեմ նրանց՝ հանուն նախահոր առաքինությունների, որի համար էլ Ես նրան նաև Իսրայել անունն եմ տվել»։ Հենց Նինվեի կործանման միջոցով պետք է վերականգնվի Աստծո ժողովրդի փառքը, Աստծո թագավորության մեծությունը, որովհետև հենց Նինվեն է տվել, ի դեմս իր Թիգլաթպալասար, Սալմանասար, Սենեքերիմ և այլ թագավորների, Աստծո ձեռքով տնկված, սակայն թշնամիների կողմից անխղճորեն ոչնչացված (Սաղմ. 80։8−13) Իսրայելի՝ Տիրոջ այս ճշմարիտ որթատունկի, մեծագույն ավերիչներին (Ես. 5:1)։ Այժմ՝ Հակոբի և Իսրայելի փառքի վերականգնման այս պահին, եկել է նրան ստրկացնողներից՝ ասորեստանցիներից, վրեժ լուծելու ժամանակը (Ես․ 33։1)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին:
(Արարատ թարգ․) Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։
(Գրաբար) զի դարձոյց Տէր զհպարտութիւնն Յակովբայ իբրեւ զհպարտութիւնն Իսրայէլի։ Զի թաւթափելով թաւթափեցին զնոսա, եւ զուռս նորա ապականեցին.