Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Քո դեմ է բարձրանում կործանողը. պաշտպանի՛ր պարիսպները, հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մեջքդ, հավաքի՛ր ուժերդ»։ (Սինոդական թարգ․)[1]
Եթե Նավումի առաջին գլխի 15 համարներում խոսքը միայն Նինվեի կործանման և Հուդայի փրկության ավետաբերի մասին էր, ապա այստեղ մարգարեն կենդանի կերպով դիտում և հստակորեն պատկերում է Նինվեի հանդեպ Աստծու դատաստանի իրականացումը: Նա ապագա իրադարձություններն այնպես է պատկերում, որ ասես դրանք կատարվում են իր աչքի առաջ։ Նինվեի դեմ արշավող թշնամիների (բաբելոնացիների և մարերի) միացյալ ուժերը մարգարեին ներկայացվում են որպես «կործանողներ» կամ մուրճ (եբր.՝ «մեֆից» կամ «մապպեց», տե՛ս Երեմ. 51։20, Առակ. 25։18), որը պատրաստ է վճռական ու կործանարար հարված հասցնել Նինվեին (քանի որ Աստվածաշնչում (Երեմ. 51։20, Առակ. 25։18), և ասորեստանյան հուշարձաններում մուրճը ռազմական զենքերի շարքին է դասվում, ուստի հասկանալի է դառնում Նաբուգոդոնոսորի նկատմամբ մուրճի պատկերի կիրառումը (Երեմ. 51։20−23), ինչպես նաև նույն պատկերի կիրառությունն ավելի ուշ ժամանակներում ապրած հզոր և կործանարար նվաճողների վերաբերյալ, ինչպիսին Աթթիլան էր։ Միևնույն ժամանակ, մարգարեն դառը հեգնանքով Նինվեին խորհուրդ է տալիս շտապ ձեռնարկել պաշտպանական միջոցներ ՝ խնամքով պահպանել ամրոցները և ամրությունները, բարձրադիր վայրերում պահակախումբ կարգել (հմմտ. Ամբ. 2:1 և Ես. 21։6)՝ հետևելու, թե որ ճանապարհով կգա թշնամին և որ կողմից կհարձակվի։ Բացի այդ, հաշվի առնելով թշնամիների բացառիկ ուժը և քաջությունը, Նինվեի զորքը պետք է պատրաստ լինի սարսափելի պատերազմի. հավաքի իր ողջ ուժերը և չկորցնի ոգու արիությունը (այդպիսի լիարժեք մարտունակությունը այստեղ արտահայտվում է երկու փոխկապակցված փոխաբերություններով՝ «պնդացնել մեջքը» (հմմտ. Ես 5։27, Հոբ 38:3, 40:7) և «հավաքել ուժերը»)։ Սակայն այս բոլոր ձեռնարկները, ըստ մարգարեի խորին համոզման, անպտուղ և ապարդյուն են լինելու։
Յոթանասնիցում 1−ին համարի «մեֆից» բառի փոխարեն, հավանաբար, «մեֆիախ» («պուախ» բառից) է ընթերցվել, այդ պատճառով էլ «εμφυσων» (փչելով «քո դեմքին»), սլավոներեն՝ вдыхаяй 1 տարբերակով է թարգմանվել, ինչն էլ երանելի Թեոդորիտոս Կյուրոսացին վերագրում է ասորեստանցիների անկումից հետո Աստծու կողմից հրեաներին նոր կյանք շնորհելուն. «Այս ամենի պատճառը քեզ համար Աստված է, Ով ակնթարթորեն, ասես ինչ−որ շնչով, ջախջախեց նրանց, իսկ քեզ ազատեց նրանց տիրապետությունից» (Տասներկու մարգարեների մեկնությունը, Մոսկվա, 1857, գիրք 3, էջ 11): Սակայն ավելի բնական ու համատեքստին առավել համապատասխան է եբրայերեն տեքստի ընթերցումը, որտեղ խոսքն ուղղված է ոչ թե Հուդային, այլ Նինվեին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով.
(Արարատ թարգ․) Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։
(Գրաբար) Քանզի ել որ փչէ ընդ երեսս քո, եւ ապրեցուցանէ ի նեղութենէ։ Դիտեա ճանապարհ, պնդեա զմէջ, զաւրացիր զաւրութեամբ յոյժ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: