Նավումի մարգարեության մեկնություն 2:3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

(եբր․ 4) նրա հերոսների վահանը կարմիր է․ նրա քաջազունները որդան կարմիր հանդերձներով են․ մարտին պատրաստվելու օրը կառքերը բոցացայտ փայլփլում են, և նիզակների անտառը ծածանվում է։ (Սինոդական թարգ․)[3]
   
    Մարգարեն ասես արդեն տեսնում է Նինվեի թշնամիների՝ մարերի և բաբելոնացիների կարգավորված, լավ զինված և ահազդու կերպով առաջացող շարքերը և բանաստեղծական գեղեցիկ գծերով ուրվագծում է հակառակորդի զորքի պատկերը․ «Նրա հզորների վահանը կարմիր է» (եբր.՝ «meaddam»). սա ցույց է տալիս, որ դրանք կա՛մ պատրաստված էին կարմիր պղնձից, կա՛մ էլ ներկված էին կարմիր, այսինքն՝ արյան գույնով (տե՛ս Հովսեփիոս Փլավիոս Հրեական հնություններ: XIII, 12, 5, նաև Գ Թագ․ 14:27) ։

    «Նրա մարտիկները բոսորագույն հագուստներով են»․ սա, մասնավորապես, սովորական երևույթ էր քաղդեացի, մար և պարսիկ մարտիկների շրջանում (վերջիններս, ըստ Քսենոփոնի վկայության, «πορφυρους χιτωνας»−ը փոխառել են մարերից։ Բաբելոնացիների սիրելի գույնը կարմիրն էր (Եզեկ․ 23։15))։ Կարմիր հանդերձներ հագած քաջարի մարտիկները «իրենց աչքերում քաջություն էին արտահայտում․ կարծես ջահերով ու կայծակներով սարսափ էին տարածում (Երանելի Թեոդորետոս, նույն տեղում, էջ 13), կարծես անվախորեն կրակի հետ էին խաղում (տե՛ս Յոթանասնից, սլավոներեն) ու մի շարք մանգաղներով (եբր․՝ «պէլադոթ») և այլ մետաղական զենքերով զինված ահարկու մարտակառքերով սարսափ էին տարածում։ Ամեն ինչ կարծես այրվում էր․ իրենց ուժի ամբողջական գիտակցմամբ զինվորները մարտի էին նետվում և անհամբեր ցնցում էին նիզակների անտառը։ «Կրակով փայլփլում են մարտակառքերի սանձերը» արտահայտության մեջ առկա «փայլփլող սանձեր» բառերի միջոցով մատնանշվում է պատերազմի պատրաստվողների արագությունը, և ասես նկարագրվում է [նրանց] զրահների փայլը (επισκευης)» (Երանելի Հերոնիմոս. «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 278)։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար:
(Արարատ թարգ․) Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։
(Գրաբար) զզէն զաւրութեան նորա ի մարդկանէ. զարս հզաւրս որ խաղացին ընդ հրոյ. երասանակք կառաց նոցա, խռովեսցին հեծեալք ի ճանապարհս. եւ խռովեսցին ի հրապարակս.