Նավումի մարգարեության մեկնություն 2:6

Ա․ Լոպուխին

(եբր 7)․ Գետի դարպասները բացվում են և դղյակը կործանվում է։ (Սինոդական թարգ․)[6]
   

   6−րդ համարը (մասնավորապես դրա առաջին երկու «գետի դարպասներ» կամ «հեղեղների դարպասներ» բառերը (եբրայերեն՝ «шааре−ганегарот»)) մշտապես առաջացրել է մեկնաբանների տարակուսանքը, որոնք էլ դրա մի քանի հակասական մեկնաբանություններ են առաջարկել։ Հաշվի առնելով ակնհայտ դժվարությունները՝ նույնիսկ սկզբնական արտահայտության բառացի ըմբռնման թվացյալ անհնարինությունը, շատ հին և նոր մեկնաբաններ, թույլ են տալիս դրա փոխաբերական բացատրությունը։ Այսպիսով՝ երանելի Հերոնիմոսն ամբողջ 6−րդ համարը հետևյալ կերպ է վերաշարադրում․ «բացվեցին Նինվեի դարպասները, որը, գետերի նման, բազմաթիվ քաղաքացիներ ուներ, և տաճարը, այսինքն՝ նրա թագավորությունը, ավերվեց, և նրա զինվորը գերության տարվեց, այսինքն՝ բոլորը տարվեցին Բաբելոն» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 279), մեր կողմից շեղատառերով նշված բառերը երանելի Հերոնիմոսի մոտ բացատրում են աստվածաշնչյան տեքստի «հեղեղների դարպասներ» արտահայտությունը))։ Դիտարկվող արտահայտության նմանատիպ փոխաբերական մեկնաբանություն կարելի է տեսնել Յոթանասնիցի փոխանցած «πυλαι τω ν πολεων» բառերում (սլավոներեն՝ «քաղաքների դարպասները»)։ Քննարկվող արտահայտությունը նման կերպ է ընկալվում նաև Նոր ժամանակներում (Դե−Վետտե, Ռոզենմյուլեր, Հիտցիգ, Ումբրեյտ և այլք)։ Այնուամենայնիվ, այստեղ ևս, ինչպես ցանկացած այլ աստվածաշնչյան հատվածի մեկնաբանության մեջ, պետք է հավատարիմ մնալ ընդհանուր հերմենևտիկական սկզբունքին՝ Սուրբ Գիրքը մեկնաբանելիս առանց ծայրահեղ անհրաժեշտության չհեռանալ տառացի իմաստից։ Ընդ որում՝ համարի երկրորդ հատվածը («դղյակը կործանվում է»), անկասկած, պետք է տառացի իմաստով հասկանալ։ Այդ պատճառով տառացի մեկնաբանությունը պետք է գերակշռող համարվի նաև համարի առաջին հատվածի համար։ Սակայն այստեղ հնարավոր են և գոյություն ունեն երկու գլխավոր տարբերություններ։ Այս մեկնաբանություններից մեկն ավելի առանձնահատուկ, իսկ մյուսն ավելի ընդհանուր տեսք ունի։ Ըստ առաջին մեկնաբանության (Kleinert’a, պրոֆ․ Գոլուբևա և այլք)՝ «հեղեղի դարպասներ» արտահայտությունն այնպիսի դարպասներ է նշանակում, որոնց միջով հոսում, կամ էլ որոնցով արգելափակվում էին ջրանցքները։ Դրանք ավելորդ ջուրը քաղաքից դուրս հանելու և ջրհեղեղները կանխելու համար էին նախատեսված։ Հիմնվելով Դիոդորոսի այն մասին հաղորդման վրա (Դիոդորոս Սիցիլիացի, «Պատմական գրադարան», II, 25, 27, 28), որ բաբելոնացիների կողմից Նինվեի պաշարման 3−րդ տարում ափերից դուրս եկած Տիգրիսի ջրերը կործանեցին քաղաքի պարիսպների զգալի մասը (սա հեշտացրեց պաշարողների համար քաղաքը գրավելը)՝ դիտարկվող բառերը նինվեական Տիգրիս և Կոսար (Khosar) գետերի մասին են մեկնաբանվում։ Միաժամանակ ենթադրվում է, որ թագավորական դղյակը, որի կործանման մասին խոսվում է համարի երկրորդ հատվածում, ջրհեղեղից կործանված պարսպի մոտ էր։ Թեև այս մեկնաբանության ընդհանուր իմաստը հաստատվում է ոչ միայն հիշատակված արտաքին պատմական վկայությամբ, այլ նաև աստվածաշնչյան աշխարհայացքի հետ ընդհանուր համապատասխանությամբ, ((այս աշխարհայացքը թույլ է տալիս Աստծո անուղղակի միջամտությունը բնությունը [կազմող] տարրերի կյանքում և վերջիններիս ծառայությունը Աստծո դատաստանի պատժիչ գործողությանը (Դատ․ 5։20, 21)), ինչպես նաև մարգարեի կողմից նկարագրված պատկերի առանձին հատկանիշներով (Նավում 1։8, 10, 2։8, եբրայերեն տեքստի−9−ը), սակայն այստեղ արված ենթադրություններն ակնհայտորեն կազմում են այս մեկնաբանության թույլ կողմը։ Այդ պատճառով նախապատվության է արժանի առավել ընդհանուր տառացի մեկնաբանությունը, ըստ որի՝ «հեղեղների դարպասներ»−ը ոչ միայն արհեստական կերպով, այլև բնականորեն ամրացված այն դարպասներն են, որոնք ընկած են հեղեղների մոտ, կամ էլ ընկած են հեղեղների դարպասի մոտ։ Ոչ միայն քաղաքի հեղեղների մոտ գտնվող պակաս ամրացված հատվածները, այլ նույնիսկ ամենաամրացված դարպասները և ամրությունները՝ ինչպես թագավորական դղյակը կամ էլ տաճարը (եբրայերեն՝ «հեյհալ» բառն այդ փոխադարձ իմաստն ունի), որոնք կառուցված են արհեստական հարթակների վրա (Philipson, Սիմաշկևիչ, Martin և այլք)։ Յոթանասնիցը, ի հակադրություն եբրայերեն տեքստի, 6−րդ համարում հավելում ունի՝ «χαι η οποστασις αποκαλυφθη» (սլավոներեն՝ «և ունեցվածքը բացահայտվեց»), որը, ըստ երանելի Թեոդորոսի, նշանակում է՝ «ինչը նախկինում գաղտնի էր պահվում և փակված էր բազմաթիվ արգելքներով, բոլորի համար հայտնի դարձավ» (Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 13)։ Ընդունված հունարեն տեքստում այս բառերը առնչվում են հաջորդ 7−րդ համարին (սլավոներեն տեքստում դրված են 6−րդ համարի վերջում)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ:
(Արարատ թարգ․) Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։
(Գրաբար) Դրունք քաղաքաց բացան. եւ կործանեցան արքունիք. եւ ստացուածք յայտնեցան։