Ա․ Լոպուխին
(եբր․ 8)․ Որոշվա՛ծ է․ նա կմերկացվի և գերության կտարվի, և նրա գերուհիները կդողան ինչպես աղավնիները՝ հարվածելով իրենց կրծքին։ (Սինոդական թարգ․)[7]
Մեկնաբանության համար մեծ դժվարություն են ներկայացնում 7−րդ համարի առաջին բառերը, հատկապես առաջին՝ «гюццав» արտահայտությունը։ Այս բառը, հաշվի առնելով հենց [եբրայերենում] դրա անհասկանալի լինելու հանգամանքը, որոշ նոր աստվածաշնչագետներ (Ruben, Cheyne) պատրաստ են անգամ ասորական «etellu» (այս արմատի իգական սեռը «etellitu» է, որն էլ նշանակում է «մեծ, վսեմ») արմատից ծագեցնել։ Այս բառի բոլոր գոյություն ունեցող մեկնաբանությունները կարելի է ներառել հետևյալ երեք կետերի մեջ։ Ըստ կարծիքներից մեկի (Կեյլի, Լյանգե−Կլեյներտի, Շտրաուսսի և այլոց), որն ընդունված է նաև ռուսերեն սինոդալ թարգմանության մեջ, այս բառը կարող է փոխանցվել անդեմ ձևով՝ «որոշված է», «հրամանագրված է», «սահմանված է», ընդ որում՝ նկատի է առնվում Նինվեի նկատմամբ թշնամիների դատավճիռը, որը միաժամանակ նաև նրա վերաբերյալ Աստծո սահմանումն է ( Նավ․ 1։4)։ Սակայն հօգուտ նման ըմբռնման՝ հնագույն թարգմանություններից ոչ մի վկայություն չի կարելի վկայակոչել։ Ավելին, այդպիսի ընկալմամբ սահմանափակվում է Նինվեի վերաբերյալ Տեր Աստծու կողմից սահմանված դատավճիռը (Նավ․ 1։14)։ Հնագույն թարգմանությունները, ընդհակառակը, ավելի շատ խոսում են «гюццав» բառը որպես գոյական ճանաչելու մասին (Յոթանասնից՝ «υποκασις», Վուլգաթա՝ «miles»)։ Ընդ որում՝ այստեղ երկու կարծիք կա։ Րաբբիները, Նիկոլայ Լիրան, Լյութերը, իսկ նոր ժամանակներում՝ Ռոլինսոնը, Էվալդը, Ռյուկերտը, Ցունցը, Մատին և այլք այս բառը ասորեստանյան թագուհու հատուկ անունն են համարում, որը ենթադրաբար Նինվեի գրավման ժամանակ գերվել էր բաբելոնացիների կողմից։ Այս իմաստով Հովնաթանի Թարգումը 7−րդ համարի առաջին հատվածը «it regina currui insidens cum deportandis exit» տարբերակով է փոխանցում։ Իսկ մյուս մեկնաբանները (Շեգգ, Ռեյնկե, Ֆիլիպպսոն, պրոֆ․ Գոլուբև, Սիմաշկևիչ և այլք), տեքստում այդ կարծիքի համար ոչ մի հիմք, իսկ պատմության մեջ դրա հաստատման համար ոչ մի ապացույց չգտնելով, «гюццав» բառի մեջ Նինվեի խորհրդաբանական անվանումն են տեսնում (ինչպես, օրինակ, «Սիսակ»−ի մեջ Բաբելոնի, Եր․ 25։26, 51։41, իսկ «Արիել»−ի մեջ՝ Երուսաղեմի անվանումը, Ես․ 29։1, 2)։ Նման կարծիքը արդարացվում է ինչպես աստվածաշնչյան զուգահեռներով (որոնք այժմ հիշատակվում են ուրիշների կողմից), այնպես էլ «гюццав» բառի («гофал»−ը ծագում է «нацав» բայից) առավել հավանական և ընդունված «ամուր, կայուն հաստատված», հետևաբար՝ «իրեն վտանգներից հեռու համարող» իմաստով։ Այդպիսի նշանակությամբ անվանումը բավականին պատշաճ է չափից դուրս ինքնավստահ Նինվե քաղաքի համար (Սոփ․ 2։15)։ Իր ուժով, գեղեցկությամբ և անվտանգությամբ հպարտ այս քաղաքը անարգվելու է թշնամիների կողմից, որոնք այդ երկրի և ամբողջ արևելքի այս թագուհու հետ վարվելու են, ինչպես ստրկուհու և պոռնիկի հետ․ մերկացնելու, թալանելու և գերության են տանելու (Նավ․ 3։4−6)։ Հետևաբար, եթե Նինվեի մասին միտքը մարգարեի մոտ անբաժան է գերի թագուհու պատկերից, ապա այս վերջին պատկերը ավելի ուղղակի կերպով է ենթադրվում 7−րդ համարի երկրորդ հատվածում․ «և նրա գերուհիները կդողան ինչպես աղավնիները՝ հարվածելով իրենց կրծքին»։ Եթե խայտառակված թագուհու պատկերի ներքո խորհրդաբանորեն ներկայացվում է պետության մայրաքաղաքը՝ Նինվեն, ապա իրենց տիրուհու վիշտը կիսող, աղավնիների պես հառաչող և թշնամու վախից թաքուն տխրության մեջ ընկնող ստրկուհիների ներքո հասկացվում են ոչ միայն Նինվեի բնակիչները, այլ նաև նրան ենթակա Ասորական թագավորության քաղաքները․ «Նինվեին ենթակա քաղաքները և գյուղերը նրա հետ կկիսեն գերությունը՝ իրենց սրտերում հառաչելով և աղավնիների ձայնն ընդօրինակելով» (երանելի Թեոդորոս, Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 13)։ «Նինվեի ստրկուհիների ներքո փոխաբերական իմաստով անհրաժեշտ է փոքր քաղաքները, գյուղերն ու գյուղակները հասկանալ։ Կամ էլ, գուցե, գերված կանայք հաղթողների աչքերի առաջ այնպիսի սպառնալիքների են ենթարկվելու, և սարսափն այնքան զորեղ է լինելու, որ վիշտը ոչ թե ողբով ու լացով է արտահայտվելու, այլ լռելյայն։ Կանայք հառաչելու են և ղունղունող աղավնիների պես խուլ շշուկով կուլ են տալու արցունքները» (Հերոնիմոս եր․ «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 279)։ Նմանատիպ պատկեր հանդիպում է Ես․ 38։14, 59։11, Եզ․ 8։16 համարներում, իսկ «կուրծքը ծեծել» արտահայտությունը՝ Ղուկ․ 18։13, 23։27−ում։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում:
(Արարատ թարգ․) Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։
(Գրաբար) Ինքն ելանէր, եւ նաժիշտք իւր առաջի գային, իբրեւ զաղաւնիս ի սրտից իւրեանց մնչէին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: