Ա. Պ. Լոպուխին (†1904)
(եբր․ 8)․ «Վճռված է. նա պիտի մերկացվի ու գերեվարվի, և նրա աղախինները՝ իրենց կուրծքը ծեծելով, պիտի հառաչեն ինչպես աղավնիներ»։ (Սինոդական թարգ․)[7]
Մեկնության համար մեծ դժվարություն են ներկայացնում 7−րդ համարի սկզբնական խոսքերը, հատկապես առաջին՝ «հյուցցավ» արտահայտությունը։ Հաշվի առնելով հենց եբրայերենում այս բառի անհստակությունը՝ որոշ նոր շրջանի աստվածաշնչագետներ (Ռուբեն, Չեյն) պատրաստ են անգամ այն սերել ասորեստանյան «etellu» արմատից (այս արմատի իգական սեռը «etellitu» է, որն էլ նշանակում է «մեծ, վսեմ»)։ Այս բառի մեկնության բոլոր փորձերը կարելի է հանգեցնել երեք հետևյալ տարբերակների:
Ըստ մի տեսակետի (Քեյլ, Լյանգե−Քլեյներտ, Շտրաուս և այլք), որն ընդունված է նաև ռուսական սինոդական թարգմանության մեջ, այս բառը կարող է փոխանցվել անդեմ ձևով՝ «որոշված է», «վճռված է», «սահմանված է»: Այս դեպքում նկատի է առնվում Նինվեի նկատմամբ թշնամիների դատավճիռը, որը միաժամանակ նաև նրա վերաբերյալ Աստծու վճիռն է ( Նավ․ 1։4)։ Սակայն նման ընկալման օգտին հնարավոր չէ բերել հնագույն թարգմանություններից որևէ վկայություն։ Բացի այդ, այդպիսի ընկալումը սահմանափակում է Տեր Աստծու կողմից Նինվեի դեմ սահմանված դատավճռի բովանդակությունը (Նավ․ 1։14)։ Հնագույն թարգմանությունները, ընդհակառակը, ավելի շատ խոսում են «հյուցցավ» բառը որպես գոյական ընդունելու մասին (Յոթանասնից՝ «υποκασις», Վուլգաթա՝ «miles»)։ Ընդ որում՝ այստեղ առաջ են քաշվում երկու տեսակետ։ Ռաբբիները, Նիկողայոս Լիրացին, Լյութերը, իսկ նոր շրջանում՝ Ռոլինսոնը, Էվալդը, Ռյուկկերտը, Ցունցը, Մարտին և այլք, այս բառը համարում են ասորեստանյան թագուհու հատուկ անունը, որը ենթադրաբար Նինվեի գրավման ժամանակ գերեվարվել էր բաբելոնացիների կողմից։ Այս իմաստով Հովնաթանի Թարգումը 7−րդ համարի առաջին հատվածը «it regina currui insidens cum deportandis exit» տարբերակով է փոխանցում։ Իսկ մյուս մեկնիչները (Շեգգ, Ռեյնկե, Ֆիլիպպսոն, պրոֆ․ Գոլուբև, Սիմաշկևիչ և այլք), տեքստում այդ կարծիքի համար ոչ մի հիմք, իսկ պատմության մեջ դրա հաստատման համար ոչ մի ապացույց չգտնելով, «հյուցցավ» բառի մեջ Նինվեի խորհրդանշական անվանումն են տեսնում (ինչպես «Սիսաք»−ի մեջ Բաբելոնի, Երեմ․ 25։26, 51։41, իսկ «Արիել»−ի մեջ՝ Երուսաղեմի անվանումը, Ես․ 29։1-2)։ Նման տեսակետը հիմնավորվում է ինչպես աստվածաշնչյան զուգահեռներով (որոնք այժմ հիշատակվում են ուրիշների կողմից), այնպես էլ «հյուցցավ» բառի առավել հավանական և ընդունված ստուգաբանությամբ՝ («հոֆալ»−ը ծագում է «նացավ» բայից) «ամուր, կայուն հաստատված», հետևաբար՝ «իրեն վտանգներից հեռու համարող»։ Այդպիսի նշանակությամբ անվանումը լիովին համապատասխանում է չափազանց ինքնավստահ Նինվե քաղաքին (Սոփ․ 2։15)։ Իր ուժով, գեղեցկությամբ և անվտանգությամբ հպարտ այս քաղաքը պիտի անարգվի թշնամիների կողմից, որոնք այդ երկրի և ամբողջ Արևելքի այս թագուհու հետ վարվելու են ինչպես ստրկուհու և պոռնիկի հետ՝ նրան մերկացնելով, կողոպտելով և գերության տանելով (Նավ․ 3։4−6)։ Հետևաբար, եթե Նինվեի մասին միտքը մարգարեի մոտ անբաժան է գերի թագուհու պատկերից, ապա այս վերջին պատկերը ավելի ուղղակի կերպով է ենթադրվում 7−րդ համարի երկրորդ հատվածում. «Նրա աղախինները՝ իրենց կուրծքը ծեծելով, պիտի հառաչեն ինչպես աղավնիներ»։ Եթե անարգված թագուհու պատկերի ներքո խորհրդաբանորեն ներկայացվում է պետության մայրաքաղաքը՝ Նինվեն, ապա իրենց տիրուհու վիշտը կիսող, աղավնիների պես հառաչող և թշնամու ահից թաքուն տրտմության մեջ ընկնող աղախինների ներքո պետք է հասկանալ ոչ միայն Նինվեի բնակիչներին, այլև նրան ենթակա Ասորեստանի թագավորության քաղաքները․«Նինվեին ենթակա քաղաքները և գյուղերը նրա հետ կկիսեն գերությունը՝ սրտի հառաչանքով և աղավնու ձայնին նմանվող ողբով» (Երանելի Թեոդորոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 13)։ «Նինվեի աղախինների» ներքո փոխաբերական իմաստով պետք է հասկանալ փոքր քաղաքները, գյուղերն ու ավաններ, կամ էլ, գուցե, նկատի են առնված գերվարված կանայք, որոնք հաղթողների աչքի առաջ ենթարկվում էին սպառնալիքների, և սարսափն այնքան մեծ էր, որ վիշտը չէր արտահայտվում ողբով ու լացով, այլ լուռ, ներսում հառաչելով: Նրանք ղունղունացող աղավնիների պես խուլ շշուկով կուլ էին տալիս իրենց արցունքները» (Երանելի Հերոնիմոս․ «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 279)։ Նմանատիպ պատկերներ հանդիպում են նաև Ես․ 38։14, 59։11, Եզեկ․ 7։16 համարներում, իսկ «կուրծքը ծեծել» արտահայտությունը՝ Ղուկ․ 18։13, 23։27 համարներում։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում:
(Արարատ թարգ․) Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։
(Գրաբար) Ինքն ելանէր, եւ նաժիշտք իւր առաջի գային, իբրեւ զաղաւնիս ի սրտից իւրեանց մնչէին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: