Նավումի մարգարեության մեկնություն 3:14

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

14-17․ «Ջո՛ւր հավաքիր պաշարման օրերի համար, ամրացրո՛ւ քո ամրոցները, մտի՛ր տիղմի մեջ, տրորի՛ր կավը և նորոգի՛ր աղյուս թրծելու վառարանը»: [14] «Քո վաճառականները շատացել են՝ ավելի, քան երկնքի աստղերը, բայց այդ մորեխը կտարածվի ու կթռչի»: «Քո իշխանները մորեխի պես են, և քո զորավարները՝ մժեղների պարսերի նման, որոնք ցուրտ օրերին բույն են դնում պատերի ճեղքերում, և երբ արևը ծագում է, նրանք թռչում են, և չես գտնի այն տեղը, թե որտեղ էին նրանք»: (Սինոդական թարգ․)
   
    Ինչպես վերևում՝ 2−րդ գլխի 1−ին համարում (եբր․՝ 2), այնպես էլ այստեղ՝ 14−րդ համարում, մարգարեն դառը հեգնանքով Նինվեին խորհուրդ է տալիս լարել բոլոր ուժերը և օգտագործել քաղաքի պաշտպանության բոլոր միջոցները պաշարող թշնամիների դեմ, սակայն այդ բոլոր ջանքերը և միջոցները միանգամայն անպտուղ պիտի լինեն (15−17−րդ համարներ)։ Այս հատվածի ընդհանուր իմաստը երանելի Թեոդորիտոսը հետևյալ կերպ է արտահայտում․ «Մի՛ ապավինիր այդ ամրություններին, որովհետև դրանք քեզ ամենևին չեն օգնի, այլ ինչպես կավը, որն աղյուս պատրաստելու համար տրորում են հարդի հետ, այնպես էլ դու պիտի ոտնակոխ արվես քեզ վրա հարձակվող թշնամիների կողմից: Քաղաքը պիտի այրվի, իսկ ձեզ՝ բնակիչներիդ, պիտի խոցեն ամեն տեսակ նետերով, և վերջում մորեխի և մժեղի պես բոլորիդ կկործանեն: Իսկ այն հարստությունը, որ կուտակել եք ամեն տեղից, և որն նույնքան դժվար է հաշվել, ինչպես երկնքի աստղերը, կվերցնեն թշնամիները» («Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, Գիրք 3, էջ 18-19)։

    Ըստ եբրայերեն բնագրի՝ 17−րդ համարում հանդիպում են երկու բառ՝ «միննեզարիմ» և «տիֆսարիմ», որոնց ստուգաբանությունը և ճշգրիտ նշանակությունը դժվար է որոշել։ Հրեա մեկնիչները (օրինակ՝ Աբարբանելը) «միննեզարիմ» բառը եբրայերեն «նեզեր» (խույր, ապարոշ) բառից են ծագեցնում և դրա իմաստը «principes, quorum capitibus diadema et corona inest» տարբերակով են փոխանցում։ Նոր ժամանակներում Գեզենիուսը, Քյոնիգը և այլք, այս բառը մոտեցրել են «նազիր» (իշխան, լուսավորված, նազովրեցի) հասկացությանը։ Սակայն գիտականորեն առավել ընդունված կարծիքի համաձայն (Ջերեմիաս, Լենսեն, Ցիմեռն)՝ և՛ «միննեզարիմ»−ը, և՛ «տիֆսարիմ»−ն ունեն ասորեստանյան արմատներ ու ասորեստանյան բանակում կարևորագույն պաշտոնների կամ կոչումների անվանումներ են։ Առաջինի նախատիպը համարում են ասորերեն «massaru» (tanzaru−պահապաններ) բառը, իսկ երկրորդինը՝ «dupsarru»−ը (tupsarru−դպիրներ)։ Այսպես թե այնպես, ասորեստանյան զորահրամանատարներին մորեխի կամ մժեղի հետ համեմատությունը (17-րդ համար) միաժամանակ մատնանշում է և՛ նրանց ծայրահեղ բազմաթիվ լինելը, և՛ առանձնահատուկ արագությունը, որով էլ նրանք կվերանան՝ առանց Նինվեին պաշտպանություն ապահովելու։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր, շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ աւելի քան աղիւսը:
(Արարատ թարգ․) Պաշարման համար ջո՛ւր քաշիր քեզ համար, պնդացրո՛ւ ամրոցներդ, ցե՛խը մտիր ու տրորի՛ր կավը, նորոգի՛ր աղյուսի փուռը։
(Գրաբար) Լից քեզ ջուր պաշարման եւ պնդեա զամուրս քո. մուտ ի կաւ՝ եւ կոխեա ընդ յարդի, եւ պնդեա քան զաղիւս։