Սարկավագի քարոզից խորապես ազդված՝ ժողովուրդը ներքին հոգեկան ուժով իր մտքերն ու զգացումները ամփոփել ու կենտրոնացրել է մատուցվելիք պատարագի խորհրդի շուրջ: Հոգեպես մաքրվել ու հասել է այն վիճակին, որ սարկավագը պահանջում է իրենից: Եվ որպես այդ հոգեկան վերացման, անարատ սիրո և սրբության զգացումի արտաքին նշան, սարկավագը թելադրում է ժողովրդին. «Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան. Եւ որք ո՛չ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհրդոյս, առ դրունս ելէք եւ աղօթեցէք»: (Այսինքն՝ Սուրբ Համբույրով ողջույն տվեք իրար, և նրանք, որ չեք կարող հաղորդվել աստվածային խորհրդին, ելեք դռների մոտ և աղոթեցեք):
Նույն սարկավագն է, որ «Ողջոյն»-ը ներքև է բերում դասի մեջ կանգնած քահանաներին և դպիրներին՝ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» ասելով, իսկ ողջույն ստացողը պատասխանում է. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:
Ողջույնը տրվում է ժողովրդին և ամեն մի հավատացյալ այն փոխանցում է կողքինին՝ նույն խոսքերը կրկնելով, որով ամեն հավատացյալ իր հոգու մեջ խոստովանում է Քրիստոսի գաղափարի հայտնվելն ու հավատում: Այս պահը արդեն վերացման և սրբության զգացումի ամբողջացումն է. ժողովուրդը ոչ միայն իր ողջույնի համբույրով է խոստովանում, այլ նաև դպիրների հաղթական և ոգևորյալ երգերով էլ այս զմայլելի խոսքերն է ասում.
«Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղև,
Համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեա՛յք բարձեալ զձայն՝
Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան
Միասնական Աստուածութեանն,
Որում Սրովբէքն են սրբաբան»:
(Քրիստոս մեր մեջ հայտնվեց,
Աստված Էն այստեղ բազմեց:
Խաղաղության ձայն հնչեց, այս
Սուրբ ողջույնի հրաման տրվեց:
Եկեղեցին մի անձ դարձավ,
Համբույրը միության կապ եղավ:
Թշնամությունը հեռացավ,
Սերը սփռվեց բոլորի վրա:
Արդ, պաշտոնյաներ
Ձայները բարձրացնելով՝
Միաբերան օրհնություն տվեք
Միասնական Աստվածությանը,
Որին Սերովբեները սրբաբան են):
Ուրեմն, Քրիստոս մարդկանց հոգիների մեջ հայտնվելով, խաղաղության ձայն լսվեց, և սուրբ ողջույնի, այսինքն՝ մարդկանց եղբայրության հրաման տրվեց, որով և ամբողջ Եկեղեցին, ամբողջ ժողովուրդը մեկ սիրտ, մեկ հոգի դարձավ, համբույրը դարձավ միության կապը, թշնամությունը հեռացավ և սերը տարածվեց ընդհանուրիս վրա: Սարկավագը կրկին ժողովրդին հիշեցնում է, թե սուրբ խորհրդի պահը մոտ է, և, հետևաբար, ինքն էլ հուզված, դողդոջուն ձայնով ասում է. «Ահիւ կացցուք, երկիւղիւ կացցուք Բարւոք կացցուք եւ նայեցարուք զգուշութեամբ»:
(Ահով, երկյուղով, բարությամբ մնանք և զգուշությամբ նայենք):
Ժողովուրդը (դպիրները) պատասխանում է. «Առ քեզ Աստուած»: (Դեպի քեզ ենք ուղղում մեր հոգիները, ով Աստված):
Եվ ահա սարկավագը հայտարարում է. «Պատարագ Քրիստոս մատչի Գառն Աստուծոյ»: (Քրիստոս՝ Աստուծո Գառը մատուցվում է որպես պատարագ (զոհ)):
Քահանան դառնում է ժողովրդի կողմը և տալիս օրհնություն այս բառերով.
«Շնորհք, սէր եւ աստուածային սրբարար զօրութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեան»: (Հոր, Որդու և Սուր Հոգու աստվածային սրբարար զորությունը, սերը, շնորհքը թող լինի ձեզ՝ բոլորիդ հետ):
Սարկավագը, վերջին անգամ լինելով՝ ազդարարում է. «Զդրունս, զդրունս, ամենայն իմաստութեամբ եւ զգուշութեամբ, ի վեր ընծայեցուցէք զմիտս ձեր աստուածային երկիւղիւ»: (Դռները, դռները [փակեցեք] ամենայն իմաստությամբ և զգուշությամբ: Ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով):
Որպեսզի չլինի թե դուրս ելածները՝ թերահավատները, անմաքուրները և այլն, տեսնեն սուրբ խորհուրդը, իսկ ներսը մնացողներին էլ թելադրում է՝ աստվածային վախով ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք: Այսինքն՝ բոլորին պատվիրում է, որ իրենց հոգու և մտքի դռները լավ փակեն և պահպանեն, որպեսզի այդ ահավոր խորհրդի միջոցին այդ դռներից ներս չմտնի որևէ անմաքուր զգացում կամ մտածում: Ժողովուրդը (դպիրները) պատասխանում է. «Ունիմք առ քեզ, Տէր ամենակալ», այսինքն՝ «Մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված»:
Սարկավագը՝ «Եւ գոհացարուք զՏեառնէ բոլորով սրտիւ»: Ժողովուրդը՝
«Արժանի եւ իրաւ», այսինքն՝ իսկապես շատ արժանի և իրավացի է շնորհակալ լինել:
Մի ծածուկ աղոթքից հետո քահանան բարձրաձայն ասում է. «Եւ ընդ Սերովբէսն եւ ընդ Քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել»: (Սերովբեների և Քերովբեների հետ միաձայն սրբասացությամբ երգեր հորինել և համարձակորեն գոչելով՝ նրանց հետ աղաղակել և ասել):
Իսկ ժողովուրդը ոգևորությամբ ձայնակցում է այս փառաբանական խոսքերին՝ երգելով.
«Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր Զօրութեանց, Լի՛ են երկինք եւ երկիր փառօք քո. Օրհնութիւն ի բարձունս. Օրհնեալդ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն: Ովսաննա ի բարձունս»: (Սուրբ, սուրբ, սուրբ, Զորությունների Տեր, Երկինքն ու երկիրը լի՛ են քո փառքով, Օրհնություն բարձունքներին: Օրհնեալդ, որ եկար և պիտի գաս Տիրոջ անվամբ: Օվսաննա բարձունքներին):
Նախորդ գլուխը՝
Հաջորդ գլուխը՝

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: