ՆԱԶԻԱՆԶԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ, ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԻ ՎԱՐՔԸ

   Որ լուսով աստուածային Բանին զարդարեցեր զԵկեղեցի.

եւ զխաւարն անգիտութեան հալածեցեր յոգւոց մարդկան.

ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:

Որ զհամագոյ բնութիւն` միասնական Երրորդութեանն

յայտնեցեր եկեղեցւոյ խոստովանել միութիւն,

ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:

Որ զփրկական տնօրէնութիւն մարդացելոյն

վասն մեր ուսուցեր մի յերկուց նոր խառնումն սքանչելի.

ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:

(Շարակնոց)

   

   Սուրբ վարդապետներից գերագոյնը եւ հայրերից Աստծուն մօտ կանգնած, հաւատի հաստատութեան սիւն ու ուղղափառների պարծանք Գրիգոր Աստուածաբանը երկրորդ Կապադովկիայի Նազիանզ քաղաքից էր՝ նախկին Դիոկեսարիա քաղաքից: Ազգութեամբ յոյն էր, ծնուել է Դ դարի սկզբներին: Նրա մայրը հաւատով քրիստոնեայ ու յոյժ բարեպաշտ կին էր, որի անունը յունարէն Նոննա էր, իսկ հայերէն՝ Նունի: Հայրն էլ, որի անունը նոյնպէս Գրիգոր էր, ով յետոյ որդուց տարբերուելու համար Գրիգորիոս կոչուեց, յարում էր հելլէնական հեթանոս աղանդներից մէկին, որի անդամները սնոտիապաշտներ էին, պատւում էին կրակն ու ճրագը եւ արհամարհելով կուռքերին՝ դրանց պաշտամունք ու զոհաբերութիւններ չէին մատուցում: Նրանք ճանաչում էին մի բարձրեալ աստուծոյ, որի համար «բարձրելապաշտներ» էին կոչւում: Ունէին ինչ-ինչ ընդհանրութիւններ հրէական աղանդի հետ, այսինքն՝ պահում էին շաբաթ օրերը, խտրութիւն էին դնում կերակուրների միջեւ, սակայն մերժում էին թլփատութիւնը:

   Գրիգորիոսը, երկար տարիներ ապրելով այդ մոլորութեան մէջ, երբ աւելի քան յիսուն տարեկան էր, վերին տւչութեամբ ընդունեց քրիստոնէական հաւատը, որն այսպէս եղաւ: Նրա կինը՝ բարեպաշտ Նունին, յարատեւ աղօթքներով ու արտասուքներով Աստծուց դարձ էր խնդրում ամուսնու համար, անդադար յորդորում էր նրան հեզ խօսքերով, բայց աւելի շատ՝ իր բարի վարքի օրինակով, եւ այդպէս ամուսնու մէջ կամաց-կամաց սէր բորբոքուեց քրիստոնէութեան հանդէպ: Մի օր նա մի զարմանալի տեսիլք տեսաւ: Գիշերուայ քնի մէջ նրան թուաց, թէ երգում է իրեն անծանօթ սաղմոսի այս տողերը. «Ուրախանում էի, երբ ինձ ասում էին՝ գնանք Տիրոջ տուն»: Այս խօսքերից լոյս ծագեց նրա սրտում, բոցավառուեց նրա սիրտը ու ցանկացաւ քրիստոնեայ դառնալ: Երբ արթնացաւ տեսիլքից, այն պատմեց իր կնոջը, ով մեծապէս ուրախ եղաւ եւ թա­խանձեց ամուսնուն անփոյթ չգտնուել ու չարհամարհել Աստուծոյ հրաւէրը: Եւ Գրիգորիոսը, հաստատուելով այդ խորհրդի մէջ, իր անձը պատրաստեց մկրտութեան:

   Պատահեց, որ այդ օրերին Նազիանզ քաղաքով պէտք է անցնէին Նիկիայի սուրբ ժողովին մասնակցող եպիսկոպոսները: Նրանց մէջ էր Կեսարիայի սուրբ Ղեւոնդիոս եպիսկոպոսապետը, ում հովւութեան ներքոյ էր գտնւում նաեւ Նազիանզ քաղաքը: Գրիգորիոսը դիմեց նրան ու յայտնեց սուրբ մկրտութեան խորհրդին մօտենալու իր ցանկութեան մասին: Եպիսկոպոսապետն ուրախացաւ, եւ մկրտելու համար նրան հաստատեցին երախայութեան կարգի մէջ 1 Նոյն օրերին այդտեղ ժամանեցին նաեւ մեր երանելի Արիստակէսը, ով, ի դէմս սուրբ Լուսաւորչի, պէտք է մասնակցէր ժողովին, Մեծն Յակոբ Մծբնայ հայրապետը, Եդեսիայի Եւթաղէ եպիսկոպոսն ու Պարսից Յովնան եպիսկոպոսը: Նրանք բոլորը, ներկայ գտնուելով Գրիգորիոսի մկրտութեան արարողութեանը, տեսան, որ երբ նա դուրս եկաւ ջրից, լոյս էր փայլատակում նրա շուրջբոլորը: Մի այլ բարեխորհուրդ նշան եւս երեւաց այդտեղ. երբ կատարւում էր մկրտութեան կարգը, որն ընթանում էր սուրբ Ղեւոնդի եւ Նազիանզի եպիսկոպոսի գործակցութեամբ ու այլ եպիսկոպոսների մասնակցութեամբ, անակնկալ կերպով մտքի յափշտակութեամբ սկսեցին խօսել նրա քահանայական եւ եպիսկոպոսական ձեռնադրութեան մասին: Իսկ երբ սթափուեցին, ասացին՝ դա ոչ թէ մեզ թուաց, այլ ըստ հաւաստի յայտնութեան՝ քիչ անց նա պիտի հասնի եպիսկոպոսական աստիճանի, որը եւ եղաւ, քանզի երկու տարի անց վախճանուեց Նազիանզի եպիսկոպոսն ու նրա փոխարէն Գրիգորիոսը՝ Գրիգոր Աստուածաբանի հայրը, նոյն Ղեւոնդ պատրիարքի կողմից եպիսկոպոսական ձեռնադրութիւն ընդունեց:

   Իսկ Գրիգոր Աստուածաբանի ծնունդը եղաւ իր հօր քրիստոնէութեան դարձի սկզբում: Նրա բարեպաշտ մայրը միշտ խնդրում էր Աստծուն իրեն արու զաւակ պարգեւել՝ խոստանալով նրան ընծայել Պարգեւատուին եւ նուիրել Տիրոջ տաճարի ծառայութեանը կամ մենակեցութեան ուխտին: Երկար ժամանակ յարատեւ պաղատելով` մի անգամ մայրն անուրջի մէջ տեսաւ այն մանկանը, որին պէտք է ունենար: Անուրջը տեւեց այնքան, մինչեւ մտքի մէջ պայծառ ձեւաւորուեցին նրա կերպարանքն ու առաքինազարդ բարեմասնութիւնները: Իմացաւ նաեւ նրա անունը, որ պէտք է Գրիգոր լինէր: Ըստ տեսիլքի՝ ամէն ինչ կատարուեց. մանուկն աճում էր՝ կրթուելով աստուածպաշտութեամբ: Երբ մեծացաւ, մայրը նրան յայտնեց Աստծուն ընծայելու իր ուխտի մասին, իսկ Գրիգորը յօժարութեամբ յանձն առաւ լսածը, որովհետեւ ամէն բանում նա հնազանդ էր իր քրիստոսասէր ծնողի հոգելից խրատներին:

   Եւ մինչդեռ փոքր էր, երազում տեսաւ երկու պարկեշտ կոյսերի, ովքեր կային իր առջեւ լռութեամբ եւ խոնարհութեամբ՝ աչքերը գետնին յառած: Գրիգորը հարցրեց նրանց. «Ովքե՞ր էք դուք»: Նրանցից մէկն ասաց. «Ես սրբութիւնն եմ», իսկ միւսը՝ «Ես պարկեշտութիւնն եմ», եւ յորդորեցին նրան նմանուել իրենց: Նրանք ասացին.  «Մենք սիրելի ու հարազատ ենք երկնաւոր Թագաւորին, եւ ովքեր նմանւում են մեզ, նրանց զարդարում ենք լուսեղէն զգեստներով ու կանգնեցնում աստուածութեան Աթոռի առջեւ»: Այս ասելով՝ նրանք հեռացան: Գրիգորն արթնանալով սկսեց մտածել հրեշտակային առաքինութիւնների պատուի մասին եւ ցանկացաւ դրանք անթերրի կերպաւորել իր անձում: Հասակ առնելուն զուգընթաց, երբ իր մէջ առաջ էին գալիս ընդդէմ սրբութեան ու պարկեշտութեան չար խորհուրդներ, նա յիշում էր այդ տեսիլքը եւ հոգու անդորր գտնում: Օրըստօրէ այնքան էր քաղցրանում առաքինութեան ճանապարհը նրա առջեւ, որ նա ոչինչ էր համարում բոլոր երկրաւոր վայելչութիւններն ու ինչպէս դառը դեղից՝ խորշում էր ճոխ կերակուրներից, հանդերձներից, բոլոր զուարճութիւններից եւ իր հասակակիցների բոլոր զբաղմունքներից:

   Գրիգորն ունէր մի եղբայր ու մի քոյր՝ Կեսարիոսը եւ Գորգոնիան, ովքեր իր նման մեծացան բարեպաշտ վարքով, սակայն Գրիգորն անհամեմատ վեր գտնուեց նրանցից: Նա իր մատաղ հասակում նրանց համար առաքինութեան ու երկիւղածութեան սքանչելի օրինակ էր: Բարեպաշտ մայրը շատ յաճախ Գրիգորի ձեռքն էր դնում սուրբերի վարքագրութիւնները եւ պատմելով սուրբ նահապետների պատմութիւնները՝ յորդորում էր հետեւել նրանց աստուածահաճոյ ընթացքին: Այդպէս մանուկ Գրիգորն անյագ փափագով առաջադիմում էր սուրբ գրքերի ուսման մէջ ու հոգու զմայլանքով խորամուխ լինում դրանցում:

   Երբ պատանի դարձաւ, կամեցաւ ուսանել նաեւ ներքին ու արտաքին իմաստութիւնները: Եւ քաղաքում չգտնելով մէկին, որից կարողա­նար ուսանել, որոշեց գնալ կրթութեան կենտրոններ: Համոզելով ծնողներին՝ մեկնեց նախ Կապադովկեան Կեսարիա, իսկ ժամանակ անց մի քանի իր ուսումնակիցների հետ ուղղուեց դէպի Պաղեստինեան Կեսարիա: Այնտեղ մնալով Թեսպէս անունով մի մեծանուն հռետորի մօտ՝ կարճ ժամանակում ձեռք բերեց մեծ գիտելիքներ, սակայն ձգտելով առաւելագոյնին՝ տեղափոխուեց Ալեքսանդրիա, որտեղ գիտական դպրոցն առաւել հռչակաւոր էր: Եւ երբ այնտեղ եւս մեղուաջան աշխատասիրութեամբ իմաստութեան մեծ պաշար ամբարեց իր անձում, այնուհետեւ տենչաց հասնել Աթէնք, որը համարւում էր իմաստութեան մայրաքաղաք ու իմաստասէրների վայր:

   Շտապ այնտեղ հասնելու փափագով չսպասեց նաւարկութեան համար բարենպաստ եղանակի, այլ ոչ բարեխառն եղանակին շտապեց նաւ նստել: Եւ ահա ծովում յանկարծակի փոթորիկ սկսուեց, ու նաւը վտանգի ենթարկուեց: Բոլոր նաւորդները կտրեցին ապրելու յոյսը եւ սկսեցին բարձրաձայն ողբալ իրենց կորստեան համար:

   Իսկ Գրիգորը ոչ այնքան մահից, որքան հոգու վտանգից էր զարհուրում, վախենում էր մեռնել առանց լուացուելու սուրբ Աւազանով եւ կորստեան մատնուել: Ըստ ժամանակի սովորութեան, որն արմատացած էր շատերի մօտ, նա եւս ցանկանում էր մկրտուել երիտասարդ տարիքում: Այդ պատճառով արտասուքներ հոսեցնելով՝ ողբում էր դառնագին, աղաղակում էր Տիրոջը ու ասում. «Մինչ սպասում էի կենդանի Ջրին, ժամանեց ինձ մահառիթ ջուրը: Թող ինձ չընկղմեն ծովի ջրի կորստաբեր հոսանքները, մինչեւ չլուացուեմ սուրբ Աւազանի կենարար Ջրով»:

   Եւ այնպիսի աղիողորմ ձայն բարձրացրեց, որ նաւորդներն ու նաւաստիները, մոռանալով իրենց, սկսեցին կարեկցել Գրիգորին ու հարցնել նրա ողբի պատճառը: Իսկ նա պատասխանելու փոխարէն առաւել ողբագին ձայնով էր աղաղակում Նրան, Ով միայն կարող է սքանչելագործել: Իր խնդրանքներում յիշատակում էր Աստուծոյ հրաշագործութիւնները Եգիպտոսում ու Կարմիր ծովում եւ ասում. «Տէ՛ր, կարող ես եւ այժմ, փրկի՛ր մեզ, ինչպէս կամենում ես»: Նաեւ խոստացաւ վտանգից ազատուելու դէպքում չյետաձգել իր մկրտութիւնը, բոլորանուէր ընծայուել Կեցուցչին՝ մերկանալով աշխարհից ու կրօնաւորութեամբ ծառայել Տիրոջը, ինչպէս որ ուխտել էր իր մայրը:

   Ծովի ալեկոծութեան այս դէպքը տեսիլքով յայտնուեց Գրիգորի ծնողներին, որի համար նրանք եւս աղաղակեցին Աստծուն: Նրանց եւ Գրիգորի աղօթքները լսելի եղան: Եւ ահա նաւավարներից մէկը, ով Գրիգորի մտերիմն ու սիրելին էր, տեսաւ, որ նրա բարեպաշտ մայրը՝ Նունին, համարձակ մտնելով ծովը, քայլեց ջրերի վրայով, բռնեց նաւից եւ ցամաք հանեց: Ու մինչ Գրիգորին պատմում էր տեսիլքի մասին, այն անմիջապէս իրականացաւ. անակնկալ պահին ծովը հանդարտուեց, եւ նրանք խաղաղութեամբ հասան Հռոդոս կղզի: Այս տեսնելով՝ նաւում գտնուող անհաւատները խոստովանեցին, որ միայն քրիստոնեաների Աստուածն է Փրկիչ եւ Օգնական, ու նրանցից շատերը հաւատացին Քրիստոսին:

   Ապա նաւարկելով մեղմ հողմով՝ Գրիգորը հասաւ Աթէնք, ուր երկար տարիներ ուսումնասիրելով հելլէնական իմաստասիրութիւնը՝ իր անձում  գիտական մեծ պաշար հաւաքեց: Այնտեղ եկաւ նաեւ Բարսեղ Կեսարացին, ով եւս ուսումնառութեան նպատակով շրջում էր Բիւզանդիայում ու միւս քաղաքներում: Նրանք երկուսով եղան մի սիրտ եւ մի հոգի՝ միմեանց հացակից ու բնակակից: Ձեռք ձեռքի տուած՝ դարձան արտաքին իմաստութեան քաջ գիտակներ, խրատ եւ օրինակ եղան իրենց ընկերներին,  առաւել առաջադէմ եղան աստուածպաշտութեան, քան թէ արտաքին գիտութիւնների ուսման մէջ: Իբրեւ մենակեացներ՝ նրանք կենցաղավարում էին պահեցողութեամբ եւ աղօթքներով, ընթանում անարատ վարքով ու իրենց կրթում Սուրբ Գրքի ընթերցուածքներով, որի համար սքանչելատես եւ զարմանալի էին բոլոր աթէնացիների համար: Նրանց իմաստութեան ու առաքինութեան համբաւը տարածուեց ողջ Հելլադայում եւ հեռաւոր վայրերում, ու բոլորն ասում էին, թէ Աթէնքում չգտնուեց մէկը, ով իր կատարեալ առաքինութեամբ եւ դրան զուգահեռ կատարեալ գիտութեամբ  նման լինէր Գրիգորին ու Բասիլիոսին 2

   Այդ օրերին՝ Տիրոջ 354 կամ 355 թուականին, ուսումնառութեան համար Աթէնք եկաւ Մեծն Կոստանդիանոսի եղբօրորդին՝ երիտասարդ Յուլիանոսը՝ ստահակ եւ չարանենգ մէկը: Տեսնելով նրա ընթացքն ու վարքը՝ Գրիգորը կանխազգաց այն չարիքները, որ նա պիտի անէր իր թագաւորելուց ոչ քիչ անց, որի մասին յայտնեց նաեւ իր ուսումնակիցներին՝ ասելով. «Աւա՜ղ, ինչպիսի՛ չար կորիւն է սնուցում հռոմէական ինքնակալութիւնը, սակայն տայ Աս­տուած, որ սուտ դուրս գան իմ բերանից ելած խօսքերը»:

   Սրանից յետոյ՝ Տիրոջ 355 կամ 356 թուականին, Բարսեղը որոշեց հեռանալ Աթէնքից, որովհետեւ այնտեղ չգտաւ այն, ինչ կարծում էր, եւ չյագեցաւ կատարեալ իմաստութեան հասնելու իր ծարաւը: Գրիգորը յոյժ տխրեց նրա մեկնելու համար, փորձեց մեծ ջանքերով պահել նրան, սակայն չկարողացաւ: Ապա միմեանց խոստացան դարձեալ հանդիպել, միաբան հրաժարուել աշխարհից ու անապատի մենակեացների օրինակով Աստծուն ծառայելով՝ առանձնական կեանք վարել: Բաժանուելուց յետոյ ամէն օր նրանք հառաչանքներով յիշում էին միմեանց: Գրիգորը կամենում էր շուտ հասնել Բարսեղին, սակայն աթէնացիներն ու Գրիգորի ուսումնակիցներն աղաչում էին նրան մնալ իրենց մօտ, որովհետեւ բոլորին ցանկալի էր վայելել նրա իմաստութեան պտուղները եւ տես­նել նրա հրեշտակային վարքը: Կամենալով խափանել նրա որոշումը՝ անդադար համոզում էին նրան ընդունել աթէնացիների իմաստութեան Աթոռը ու լինել վարդապետ Արիսպագում:

   Գրիգորը տեսնելով, որ արգելում են իրեն հեռանալ, միառժամանակ լռեց, ապա ժամանակ անց մի պատրուակով խոյս տուեց Աթէնքից եւ ուղղուեց դէպի Կոստանդնուպոլիս, ուր գտաւ իր Կեսարիոս եղբօրը, ով կրթութիւն ստանալու նպատակով նոր էր եկել Ալեքսանդրիայից: Ապա ծնողների թախանձանքով գնաց իր հայրենի քաղաքը՝ Նազիանզ, ուր, ինչպէս ասում են, նախ իր հօրից՝ Գրիգորիոս եպիսկոպոսից, մկրտութիւն ընդունեց եւ ապա շտապ հեռացաւ բոլորից ու առանձնացաւ անապատում: Սակայն նրա ծնողները շուտով յետ բերեցին նրան եւ միառժամանակ արգելեցին հեռանալ իրենցից, ինչպէս որ Բարսեղին՝ իր իւրայինները:

   Այսպէս Գրիգորը, մնալով ծնողների մօտ, խնամում էր նրանց իրենց ծերութեան մէջ ու միաժամանակ անխոնջ կերպով զբաղւում հոգեւոր կրթութեամբ եւ Սուրբ Գրքի վերծանութեամբ: Բոլոր նրան տեսնողները զարմանում էին, որովհետեւ իր հայրական տան գործերով զբաղուածութեան հետ մէկտեղ նա ունէր մենակեացների կատարեալ հանդարտութիւն, բնակակից էր մարդկանց, սակայն նրա քաղաքացիութիւնը երկնքում էր, որովհետեւ իր մէջ ուխտել էր ամենուր ապրել ինչպէս անապատում ու հոգու կարիքները ամէն բանում նախապատիւ համարել մարմնի կարիքներից, զգոյշ պահել իր անձն աշխարհի բոլոր պատրանքներից, միշտ վերինը խորհել, չդատարկաբանել, չերդուել, որեւէ մէկին չերդուեցնել, երբէք անգործ չմնալ, այլ գիշեր-ցերեկ ուսանել Սուրբ Գիրքը: Եւ առաքինասէր վարքով ամբողջովին միաւորուելով Աստուծոյ հետ՝ բազում անգամներ գիշերային տեսիլքներում յայտնապէս տեսնում էր Քրիստոսին եւ ընտանեբար խօսակցում Նրա հետ:

   Այդ ժամանակներում՝ Կոստանդիանոսի որդի Կոստանդի թագաւորութեան տարիներին, զօրացել էին արիոսականները, եւ Գրիգորի հայրը՝ Նազիանզի Գրիգորիոս եպիսկոպոսը, զինուեց ընդդէմ նրանց՝ օգնականութիւն գտնելով իր որդուց, ով Աստծուց տրուած կատարեալ իմաստութեամբ ու ճշմարիտ աստուածաբանութեամբ յաղթում եւ յետ էր դարձնում մոլորուածներին: Արիոսականները տեսնելով, որ իրենց մոլորութիւնը յանդիմանւում է ուղղափառների կողմից, որոշեցին մի տառի փոփոխութեան միջոցով որսալ տգէտներին ու գիտուններից շատերին: Քանզի պատճառ բռնելով, թէ բոլոր խռովութիւններն առաջ են գալիս «ՀmooՅsioj» բառի պատճառով, որը նշանակում է «համագոյ», այն փոխարինեցին «ՀmioՅsioj»  բառով, որը նշանակում է «նմանագոյ», եւ ասում էին, թէ դա կը լինի ընդունելի բոլորի համար ու խաղաղութեան առիթ: Այսպիսի հնարքներով ժողով գումարեցին Սելեւկիայում եւ Արիմինայում, աղաւաղեցին նիկիական սուրբ հաւատի սահմանումը ու իբրեւ համաձայն նոյնին՝ խօսքերի յօրինուած շարադրութեամբ տարածեցին իրենց դաւանութիւնը: Եւ կայսեր հրամանով հարկադրեցին բա­զում եպիսկոպոսների ձեռք դնել իրենց ժողովի ձախողակ վճռի վրայ, որն էլ արեցին ոչ քիչ անուանի անձինք՝ չտեսնելով այլափառների 3 չարարուեստ խաբէութիւնը: Նոյն պատրանքներով բռնուեց նաեւ Գրիգորի հայրը՝ Գրիգորիոս եպիսկոպոսը, եւ ըստ ինքնակալի կամքի՝ ստորագրեց Արիմինայի վճիռը:

   Այս տեսնելով՝ Նազիանզի Եկեղեցու ժառանգաւորներն ու մերձակայքում գտնուող մենակեացները խոյս տուեցին եւ հեռացան իրենց հո­վուի հետ հաղորդութիւնից, ով բռնուել էր արիոսականների թակարդով: Եւ նաեւ ինքը՝ Գրիգորը, նոյն պատճառով հեռացաւ հօրից՝ օտարութիւն ցուցաբերելով նրա հանդէպ, սակայն մտածում էր տարբեր միջոցներով իր ծերու­նի հօրը ճշմարտութեան ճանապարհին դարձնելու մասին ու իրենից հեռացած ծնողին դարձեալ միաբանել իր հետ: Եւ անցնելով ծանր խնդիրների ու երկպառակութիւնների միջով՝ սքանչելի Գրիգորը, որ զարդարուած էր իմաստութեամբ եւ բոլոր առաքինութիւններով, շահեց հովուին ու ամբողջ հօտին, քանզի փրկեց հօրը նենգամիտների պատրանքներից, ժողովրդին հաշտեցրեց նրա հետ եւ իր աստուածախօս բերանի հանապազօրեայ վարդապետութեամբ բոլորին հաստատեց նիկիական հաւատի ուղղափառ դաւանութեան մէջ: Ու այնքան վսեմ եւ խորին էին նրա խօսքերը, միանգամայն ճարտար ու վա­յե­լուչ, որ բոլոր լսողներին ձգում էր դէպի իրեն եւ համոզում բոլոր դժուարալուր ականջ ունեցողներին:

   Երբ թագաւորեց Յուլիանոս Ուրացողը, նա հրաման արձակեց Գրիգորի Կեսարիոս եղբօրը արքունիքում կարգել աւագանու դասում, որի մասին լսելով՝ երանելի Գրիգորը խրատական նամակ գրեց եղբօրը՝ զգուշացնելով հեռու մնալ թունաւոր չար վիշապներից: Եւ նա, անսալով իր հարազատ եղբօր ազդու ու հոգեշահ խրատին, ինքնակամ հրաժարուեց արքունական պատիւներից եւ աճապարելով վերադարձաւ իր հայրենիք, որի համար յոյժ ուրախ եղաւ Գրիգորը: Սակայն առաւել ուրախ էր այն բանի համար, որ այնուհետեւ Կեսարիոսը կը հոգայ իր հօր տան կարիքները, ու ինքը կը կարողանայ հեշտութեամբ գնալ դէպի առանձ­նութիւն իր մտերիմ Բասիլիոսի մօտ:

   Եւ մինչ պատրաստւում էր հեռանալ, հայրը բռնադատեց նրան ու քահանայ ձեռնադրեց, որպէսզի իր ծերութեան օրերին օգնական լինի իրեն Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Նոյն օրինակով Բարսեղը եւս, բռնադատուելով իւրայիններից, քահանայ օծուեց: Այդ առիթով Գրիգորը նրան գրեց. «Ինչպէս դու, այնպէս էլ ես, բռնուեցինք միօրինակ կերպով»: Սակայն ժամանակ անց, երբ գժտութիւն ծագեց Կապադովկեան Կեսարիայի եպիսկոպոս Եւսեբէոսի ու Բարսեղի միջեւ, վերջինս խոյս տուեց դէպի անապատ, դէպի իր ցանկալի առանձնութիւնը: Լսելով այս խռովութեան մասին՝ Գրիգորը, նրանց երկուսին նամակներ գրելով, հաշտեցրեց նրանց եւ ապա շտապեց ինքը եւս գնալ անապատ՝ Բարսեղի մօտ: Սակայն մահուան դռներին հասած ծնողների ծանր հիւանդութիւնը խափանեց իր որոշումը: Ապաւինելով աղօթքին՝ նա Աստծուց բժշկութիւն ստացաւ ծնողների համար, եւ այդպէս յաջողուեց նրան գնալ Բարսեղի մօտ՝ Պոնտոսի կողմերը:

   Այնժամ, ինչպէս ուխտել էին միմեանց, սկսեցին կրօնաւորել իրարից փոքր-ինչ հեռու գտնուող առանձին վայրերում, իրենց մէջ կեանքի կոչել առաքինութիւններ ու մի հոգով նահատակուելով՝ պահեցողութեամբ, աղօթքներով եւ մարտահանդէսներով կրել կրօնաւորական կեանքի խստակեցութիւնը: Յաճախակի միասին իմաստասիրում էին քրիստոնէական հա­ւա­­տի շուրջ ու շարադրում անբիծ կեն­ցա­ղա­­վա­րու­­թեան մասին բազում ճառեր: Երանելի Գրի­գորն ասում էր. «Հրաժարւում եմ հելլէնական իմաստութիւնից, քանզի այն պիտանի չեղաւ ինձ: Հարկ է արհամարհել այն եւ ուսանել ու ճաշակել աստուածային վարդապետութեան քաղցրութիւնը, քանզի Տիրոջ խօսքերն իմ քիմ­քին առա­ւել քաղցր եղան, քան մեղրախորիսխը: Աս­տուա­ծային սուրբ գրքերից ես ճա­նա­­չեցի երկ­­րաւոր իմաստութեան սնոտի խաբէութիւն­նե­րը, որը, արտաքի­նից պա­ճուճուած լինելով, ինչ- որ բան է թւում, սակայն իրականում թերի է գտ­նւում»:

   Պատահեց, որ Բարսեղի ծանօթները թախանձելով նրան Կեսարիա կանչեցին, իսկ նա նա­մա­­կով պատասխանեց նրանց. «Ինչպէ՞ս կարող եմ հեշտութեամբ թողնել բազում չար­չա­րան­ք­ներով հազիւ գտած փափագելի իմ առանձնութիւնը: Ներէ՛ք ինձ, աղաչում եմ ձեզ, թոյլ տուէք միառժամանակ վայելել այս երանութիւնը, որին արժանացայ, քանզի ես կեն­դա­նի ջրի խոր ջրհոր եմ գտել՝ ընտրեալ անօթ, Քրիս­տոսի բերան, երանաշնորհ անձ Գրիգորին»:

   Անապատից Գրիգորը յանդիմանական գրութիւն ու­ղար­կեց ուրացող Յուլիանոսին, ով քրիս­տո­նեայ պատանիներին արգելում էր ուսանել արտաքին իմաստու­թիւնը, մինչեւ չընդունեն հե­թա­­նոսական կրօնը, «քանզի,- ասում էր,- եթէ իմա­­նան իրենցն ու սովորեն մերը, կը մարտնչեն մեր դէմ»: Իսկ Գրի­գորը գտնելով, որ քրիստ­ո­նեա­­ները կարիք չունեն արտաքին իմաստու­թեան, աս­տուածիմաստ հանճարով շարադրեց բազում ճառեր, իմաստասիրական խօսքեր եւ պէս­-պէս տաղաչափութիւններ: Դրանք ուսանելու համար տուեց քրիս­տոնեայ զաւակներին, ովքեր խորամուխ եղան առաւել շատ դրանցում, քան թէ ար­­տա­քին գիտութիւնների ուսման մէջ: Յու­լիա­նո­սը, տեսնելով, որ ոչինչ չկա­րո­ղացաւ անել, վե­­րացրեց իր նախկին հրամանը, որովհետեւ տեսաւ, որ Գրի­գորի՝ հան­ճարով լի գրութիւնները յոյժ իմաստուն էին, քան հելլէն ի­մաս­­տուն­նե­րի­նը: Եւ ամենակարեւորը. Գրիգորը  ցոյց էր տալիս, որ արտաքին գիտութիւններն առանց Սուրբ Գրքի լոկ ստուեր են՝ հիմնովին անհաղորդ լոյսին ու լի ունայնա­բանութեամբ:

   Այս ամէնից յետոյ Գրիգորը ծեր ծնողների թա­խանձանքով մերթ գնում էր իր հայրենի Նա­զիանզ քաղաքը, մերթ անապատ՝ Բարսեղի մօտ: Բայց երբ թագաւորեց արիոսական Վաղէսը, եւ դարձեալ զօրացան արիոսականները, Գրիգորի հայրը ստիպուած որդուն իր մօտ կանչեց, ով հարկադրուած վերադարձաւ անա­պա­տից ու մեծ նպաստ բերեց Եկեղեցուն: Ջանաց նաեւ, որ Բարսեղը եւս անապատից գայ Կե­սա­րիա եւ ձեռք մեկնի ուղղափառ դասին: Գրեց նրա եղբօրը՝ Գրիգոր Նիւսացուն, ով այդ ժա­մա­նակ ու­սում­նա­սի­րում էր արտաքին գի­տու­թիւն­ները, որպէսզի թողնի երկրաւոր իմաստութիւնն ու հետամուտ լինի աստուածային գիտութեանը, որ­ կարողանայ հաւատացեալների միջից հեռացնել հերձուածողների չար սերմերը: Եւ նրանք ե­րե­քով եռալոյս պայծառ ջահ եղան Եկեղեցու լուսաւորութեան համար։ Սակայն այս բոլոր ջանքերով հանդերձ, որ նրանք ներ­դնում էին Ե­կե­ղե­ցու օգտի համար, Գրիգորն ու Բար­սեղը չէին թողնում իրենց առանձնութիւնը: Նրանք, կրօնաւորելով մերձակայ աւաններում, ճգնում էին խստակրօն վարքով եւ աս­տուածային խոկումներով ու իրենց քա­ղաք­ներն էին գնում միայն Եկեղեցու կարեւոր խնդիր­ների լուծման համար:

   Մահացաւ Գրիգորի եղբայրը՝ Կեսարիոսը, եւ Աս­­տուա­ծաբանը նրան պատուեց ներբողական ճա­ռով՝ վկայելով նրա մասին, թէ բազում ան­գամ­ներ է տե­սել նրա հոգին՝ զուարթ ու լուսափայլ: Եւ քանի որ ծնողները յոյժ ծերա­ցել էին, հարկ եղաւ, որ Գրիգորը մնայ տանը ու իր հօր փո­խա­րէն, ով մօտ 90 տարեկան էր, լինի Նազիանզի Եկե­ղեցու հոգաբարձուն:

   Այդ օրերին վախճանուեց նաեւ Կա­պա­դով­կեան Կեսարիայի Եւսեբէոս եպիս­կոպոսապետը, եւ նրան յաջորդեց երանելի Բարսեղը, ով ձեռ­նա­դրուեց Գրի­գոր Աստուածաբանի հօր կողմից: Եւ սա եղաւ Գրիգորի ջանքերով, քանի որ գի­տէր Բարսեղի առաքինութիւնները, համարում էր նրան քաջ ախոյեան՝ ընդ­դէմ ժամանակի աղան­դաւորների, եւ միայն նրան էր տեսնում արժանի այդ Աթոռին: Այնուհետեւ սուրբ Բար­սե­ղը Եկեղեցում ծագած խնդիրներում իրեն օգ­նա­կան լինելու համար յաճախ իր մօտ էր կան­չում Գրի­­գոր Աստուածաբանին՝ ասելով. «Միայն քո ներկայութիւնը բաւական է` յաղ­­թելու հա­ւա­տի թշնամիներին»: Եւ այդպէս օգնական էր լի­նում նրան Եկեղեցու բարեկարգութեան բոլոր գործերում: Հոգում էր նաեւ աղքատների մասին, որոնց համար կառուցել տուեց հիւանդանոցներ, հիւրանոցներ ու սքանչելի ճառեր գրեց աղքատասիրութեան մասին:

   Որոշ ժամանակ անց, երբ իշխանասէր անձանց կողմից Բարսեղի թեմի համար խռովութիւն ծագեց, նա ստիպուած եղաւ աւելացնել եպիսկոպոսարանները: Նա, բռնադատելով նաեւ Գրիգորին, կամեցաւ նրան Սասիմի եպիսկոպոս ձեռնադրել, որպէսզի կարողանայ տիրապէս հովուել ժողովրդին իր աստուածախօս վարդապետութեամբ, սակայն Գրիգորը հրաժարւում էր, որպէսզի չզրկուէր իր առանձնութիւնից եւ հոգեպարար կեանքից, ու բացի դրանից՝ այդ վայրը լի էր աշխարհական խուռն բազմութեամբ: Յատկապէս տեսնում էր, որ ժողովրդի մէջ շատ խօսակցութիւններ կային չարակն ու մախացող մարդկանց կողմից, ովքեր աղանդաւորների բանսարկութեամբ բամբասում էին իրենց երկուսի բարեկամութիւնից: Մինչեւ ան­գամ կարողացան փոքր-ինչ տարաձայնութիւն գցել նրանց միջեւ, այնուամենայնիւ սուրբ Բար­սեղը, անտեսելով այդ ամէնը, շտապ եկաւ Նազիանզ եւ Գրի­գորին ձեռ­նադրեց Սասիմ քաղաքի եպիս­կո­պոս: Սակայն թշնամիների առաջացրած խռո­վու­­թիւնները Գրիգորին թոյլ չէին տալիս համարձակապէս հովուել, որի համար նա չկամեցաւ նս­տել այդ Աթոռին ու առանձնութեան ձգտելով՝ վերադարձաւ իր տեղը: Այնժամ նրա ծե­րու­նի հայրը հարկադրեց նրան ըն­դու­նել նաեւ Նա­զիանզի իր Աթոռը, քանզի ինքն այլեւս չէր կա­րող հովուել հօ­տը: Երանելի Գրիգորը թէպէտ շատ ընդդիմացաւ, սակայն յաղթուելով հնա­զան­դու­թիւնից՝ յանձն առաւ գործակցել հօրը` այն պայ­մանով, որ նրա մա­­­հից յետոյ չստիպեն իրեն մնալ Աթոռին, այլ ըստ իր ցանկութեան՝ թոյլ տան ի­րեն առաձնանալ:

   Տիրոջ 373 թուականին, վախճանուեց նրա հայրը՝ Նազիանզի եպիսկոպոս երանելի Գրիգորիոսը, ով ապրեց ոչ պակաս քան հարիւր տարի եւ շուրջ 45 տարի վարեց եպիս­կո­պոսական պաշտօնը: Սուրբ Գրիգո­րը Մեծն Բար­սեղի ներկայութեամբ դամբանական ճառով մե­ծապէս պա­տուեց հօրը, խօսքի սկիզբը նրան՝ Բար­սեղին ուղղելով, ապա հիասքանչ կեր­պով խօ­սեց հօր առաքինութիւնների մասին: Դեռեւս կեն­դանի էր բարեպաշ­տ մայրը՝ Նունին, ում եւս արժանապէս դրուատեց ու մխիթարեց: Իսկ երբ ո­րոշ ժամանակ անց վախճանուեց նաեւ մայ­րը, երանելի Գրիգորը, ա­զա­տուե­լով բոլոր հոգսերից, յայտարարեց նազիանզացիներին. «Ես այլեւս ձեր եպիսկոպոսը չեմ եւ ազատ եմ Եկե­ղե­ցու բոլոր գործերից: Ձեզ համար հովիւ ընտրէք ու ինձ ազատ թողէք»: Բայց քաղա­քացի­նե­­րը եւ մերձակայ գա­ւառ­ների առաջնորդներն ընդ­դիմացան ու իր փոխարէն մէկին ընտրելու խոս­­տումով խնդրեցին, որ միառժամանակ մնայ, սակայն մտա­դիր չէին որեւէ մէ­կին ընտրել, այլ կամենում էին նրան մշտա­պէս պահել:

   Այնժամ ծածկաբար խոյս տուեց Նա­զիան­զից եւ գնաց Սելեւկիա՝ ս.Թեկղի վանք, ուր մնաց բաւական ժամանակ՝ մտածելով, որ այդ ընթացքում ո­րեւէ մէկին Նազիանզի եպիսկոպոս կընտրեն: Անցան հինգ տարիներ, ու նազիանզացիներն իրենց եպիսկոպոս չընտրեցին: Որոշ առաջնորդներ սկսեցին մեղադրել Գրիգո­րին` հօտն անտերունչ թողնելու համար, եւ այդ պատ­­ճա­ռով Տիրոջ 378 կամ 379 թուականին ժո­ղո­վրդին հովուելու համար նա ստի­պուած վերա­դար­ձաւ Նազիանզ, սակայն յաճախակի յիշե­ց­նում էր, թէ՝ «Ե՛ս չեմ տեղի եպիսկոպոսը, որե­ւէ մէկին ձեզ հովիւ ընտրէք»:

   Այդ շրջանում երա­նելին ծանր ճգնութիւններից ու չարչա­րանք­ներից հիւանդացաւ եւ այդ դրութեան մէջ իմացաւ Կեսարիայի հայրապետի՝ սուրբ Բարսեղի՝ այս կեան­քից փոխուելու մասին, որից խորը տրտմու­թեան մէջ ընկաւ: Գրիգորը մխի­թարա­կան նա­մակ գրեց նրա եղբօրը՝ Գրիգոր Նիւսացուն, իսկ երբ փոքր-ինչ թեթեւացաւ հիւան­դու­թիւ­նը, շարադրեց Բարսեղին նուիրուած մի ներ­­բող, ուր նկա­րագրում էր նրա սրբութեան նախանձելի վար­քը: Նրան, ըստ իր վկա­յութեան, շատ ան­գամներ տեսնում էր գիշերային տե­սիլք­ներում ու նրանից ընդունում պատգամներ եւ քաջալերութիւն՝ իր ծա­ռա­յու­թեան մէջ արիաբար մնալու եւ ի շահ Եկեղեցու անդադար աշ­խա­տելու համար:

   Այդ օրերին Անտիոքում տեղի ունեցաւ եպիսկոպոսական ժողով՝ Եկեղեցու խաղաղութեան հա­մար միջոց գտնելու եւ բոլոր եկեղեցիներում ուղ­­ղա­փառ հովիւներ կարգելու համար, որպէսզի արիո­սականներն իսպառ չզօ­րա­նան: Ժողովի մաս­նակից հայրերը նամակ գրեցին երանելի Գրի­գոր Նազիանզացուն ու հրամայեցին, որ նա առանց վարանելու գնայ թագաւորական քա­ղաք՝ Կոս­տանդնուպոլիս, եւ առաջնորդի ժողովրդի ուղղափառ հօտին, ո­րով­հե­տեւ արիոսականներն այն­տեղ առաւել էին զօրացել, ու նաեւ բազ­մա­ցել էին տեսակ-տեսակ հերձուածները: Մեծ էր Եկեղեցուն սպառնացող վտանգը, եւ չկար մէ­կը, որ կարո­ղա­նար յաղթել չարափառներին եւ հաստատուն պա­հել ուղղափառներին ճշմարիտ վարդապետութեան մէջ, բացի երանելի Գրիգորից, ում իմաստութեան ու սրբութեան համբաւը տարածուել էր ամե­­նուր: Այնժամ բռնա­դատուելով հայրերի կողմից՝ Տիրոջ 379 թուականին մեկնեց Կոստանդնուպոլիս: Այդ շրջանում մեռաւ արիո­սական Վաղէս կայսրը, եւ ինքնակալ ընտրուեց բարեպաշտ Մեծն Թէոդոսը:

   Երբ Գրիգորը հասաւ թագաւորանիստ քաղաք, Թէոդոս ար­քան դեռեւս այդտեղ չէր: Ուստի չկարողացաւ ազատօրէն գործել, որովհետեւ նրան խոչընդոտում էին արիոսականները, ովքեր տիրում էին Եկեղեցուն՝ սկսած Վաղէսի ու Կոստանդի ժամանակներից: Այդ պատճառով իջեւանեց իր ծանօթներից մէկի տանը, ուր ծածկապէս ժողովւում էին ուղղափառները եւ լսում նրա քարոզութիւնները: Այնուհետեւ այդ տեղը դար­­ձաւ ուղղափառների ժողովատեղի, աղօթարան ու տիրապէս ուղղափառութեան վերահաստատման վայր, որը թւում էր, թէ արդէն կոր­ծան­­ման վտանգի տակ էր: Ուստի այդ հաւաքատե­ղին կոչուեց «Անաստասիա», որը թարգմանւում է «Յարութիւն», իսկ յետագայում այդտեղ Եկեղեցի կա­­ռուցուեց:

   Եւ թէպէտ սուրբի քարոզութեան վայրն անշուք ու աննշան էր թւում, սակայն այն օրից, ինչ երանելին մուտք գործեց այդտեղ, քա­ղա­քում ծաղ­կեց ուղղափառութիւնը, եւ բեկուեց այ­լա­­փառների զօրութիւնը: Կա­տա­րուեց Սուրբ Գրքի այն խօսքը, թէ՝ «Դաւթի տունը գնալով զօ­րա­նում էր, իսկ Սաւուղի տունը` գնալով խա­ւա­րում» [Բ Թագ. Գ 1]: Բազ­մութեան առ­ջեւ երեւան եկաւ երանելի Գրի­գո­րի հրաշալի աստուածա­բա­նու­թեան աստուածաձիր պարգեւը: Ամէն օր ժո­ղո­­վուածներին խորիմաստ ու ազդու խօսքերով նա վարդապետում էր համագոյ եւ միասնական Սուրբ Երրորդութեան հրա­շափառ Խորհուրդը ու քա­րոզում Միածնի անճառ տնօրէնութիւնը: Քա­րո­­­զում էր Բանի աստուածութիւնը՝ ընդդէմ քրիստոսամարտների, եւ Սուրբ Հո­գու աստուա­ծու­­թիւնը՝ ընդդէմ հոգեմարտների: Այդպէս ուղ­ղա­­փառ դասին հաս­տատեց Ճշմարտութեան մէջ ու ամաչեցրեց հակառակորդներին, որովհետեւ մէկ առ մէկ հերքում էր ժամանակի բոլոր աղան­դա­ւոր­­ների՝ ա­րիո­սա­կան­նե­րի, մակեդոնականների, եւնո­մէականների, փոտինեանների, մար­կե­ղա­կան­­նե­րի, սաբելէականների, ապողինարների, նո­վա­­տիանոսների եւ նրանց նման­նե­րի սնոտի բարբաջանքները: Սրանք յաճախ էին վիճաբանութիւնների մէջ մտնում նրա հետ, սակայն գլխի­կոր յետ էին դառնում, քանզի նա, զօրացած Տիրո­ջով, յաղթում էր հազարաւոր հակառա­կորդ­ներին: Կոստանդնուպոլսի ժո­ղովուրդը զար­­մանում էր երանելի Գրիգորի բերանից ել­նող աս­տուած­ի­մաստ խօսքերից, որի համար նրան կոչեցին Աստուածաբան ու պատուեցին Յովհաննէս Աւետարանչի առանձնական անուամբ:

   Օրըստօրէ ծաղկեց Աստուածաբանի վար­դա­­պետութիւնը, եւ բազում մոլորուածներ կանգ­­­­նե­ցին ճշմարտութեան ճանապարհին: Նրա դէմ չարացան հաւատի հակառակորդները՝ արիոսականներն ու նրանց արբանեակները, եւ չկարողանալով խօսքով ընդդիմանալ նրան՝ սկսեցին տեսակ-տեսակ անարգանքներով պատվազրկել նրան: Լինում էր, որ քաղաքով մէկ ծաղրում էին նրան ՝որպէս մի աննշան ռամկի, լի­նում էր, որ անարգում էին հանդերձների հա­մար՝ իբրեւ քրձազգեստ մէկի, երբեմն էլ նուաստացնում էին ծերութիւնից ու հիւանդութիւնից ձեռք բերած անշուք տեսքի համար եւ այդպէս անամօթաբար ծաղրանքի ենթարկում: Քանզի նախանձաբեկ լինելով նրա սքանչելի, պերճախօս ու հրաշախօս բեմասացութիւններից՝ անարգական նե­տեր էին արձակում նրա վրայ՝ նրան նմա­նեց­նե­­լով գուսաններին եւ վարձկան­ներին: Իսկ մի ան­գամ էլ իրենց սաստիկ չարութիւնից կրճտացնելով ատամ­ները՝ բրիչներով ու քարերով յար­­­­­ձա­կուեցին նրա վրայ, սակայն Տէ­րը նրան ան­­վնաս պահեց նրանց ձեռքից: Դարձեալ մէկ այլ անգամ սուտ մե­ղա­դրանքներ բարդեցին նրա վրայ, թէ իբր յանցաւոր է արքունի օրէնքը խախ­­­­տելու մէջ, եւ նրան կապանքներով կանգ­նեց­­րին հեթանոս դատաւորի առ­ջեւ: Սակայն երբ երանելին հեզութեամբ ապացուցեց իր անմեղութիւնը, դատաւորը հրամայեց նրան ազատ ար­ձա­կել:

   Այս բոլոր եւ նաեւ այլ բիւրապատիկ վշտերի ու հալածանքների մէջ երանելին միշտ անվրդով էր մնում: Եւ որքան սաստկանում էր ոսոխների գա­­զա­­նու­թիւնը, այնքան նա՝ իբրեւ անմեղ գառ, սի­րով ու քաղցրութեամբ էր խօ­սում նրանց հետ, որով էլ անհամար թշնամիների դէպի իրեն էր ձգում: Նա այն­պիսի առանձնակի շնորհ ունէր, որ պատեհ ժամին այնպէս էր մատուցում խօսքը, որ ան­հնար էր նրան մի ան­գամ լսողին չյարել նրան: Այդպէս շատերին դարձրեց մո­լո­րու­­­թիւ­նից եւ ուղղափառ հաւատին համընթաց` քա­­ղաքում ծաղկեցրեց աս­տուած­պաշտութիւնը:

   Եւ քանի որ տարածուել էր նրա համբաւը, սկսեցին հեռու տեղերից նրան այցելել շատ ե­րե­ւելի մարդիկ, որոնցից մէկն էր Մեծն Հե­րո­նի­մոս Գաղմատացին: Սա հռոմէացի լուսաւոր եւ բա­րեսէր վարդապետներից էր եւ այդ ժամանակ գտնւում էր ասո­­րիների երկ­րում: Գնաց Բիւզանդիա՝ Գրիգոր Աստուածաբանի մօտ, ու իրեն պատիւ հա­մարեց լինել նրա աշակերտներից մէ­կը, «քանզի,- ասում էր,- անհամեմատ գերա­գոյն եմ տեսնում սրա վարդապետութիւնը, քան յոյ­­նե­րի եւ լատինների ուսմունքը»:

   Եւ երբ ամենուր բազմացան երանելի Գրի­գո­րի բարեկարգութեան արդիւնք­ները, Կոստանդ­նու­պոլսի ուղղափառ ժողովուրդը միաբանուեց՝ նրան պատ­րիարք կարգելու համար, որովհետեւ այդ ժա­մանակ չունէին ուղղափառ ե­պիս­կոպոս: Այս որոշ­մանը միաւորուեց նաեւ Ալեքսանդրիայի հայ­րապետը՝ Պետ­րոս Երկրորդը, եւ գրութեամբ հաս­տատեց նրան` որպէս թագաւորանիստ քա­ղա­քի հովուապետ: Սակայն երանելի Գրիգորն ընդդիմացաւ, յանձն չառաւ այդ պատիւը ու մինչեւ ան­գամ արտասուքներով աղաչեց ժողովրդի իշ­խա­­­նա­ւոր­ներին, որպէսզի այլ արժանաւոր մէկին ընտրեն, սակայն նրանք չհրա­ժա­րուե­ցին իրենց որո­շումից եւ նրան իրենց հայրապետ կար­գե­ցին:

   Եւ քանի որ դեռեւս արիոսականների ձեռքին էին գտնւում եկեղեցիները, իսկ ինքնակալ Թէո­դո­սը պատերազմական եւ այլ խնդիրների լուծ­ման համար գտնւում էր հեռաւոր երկրներում, արիո­սականները մեծ աղմուկ բարձ­րաց­րին թա­գա­­ւորական քաղաքում ու բազում չարիքներ պատ­­­ճառեցին ուղ­ղա­փառների դասին: Իսկ երա­նե­­լի Գրիգորը, չարին բարութեամբ հատուցե­լով, սիրով եւ քաղցրութեամբ նուաճեց բոլոր թշ­­նամի­ներին:

   Երբ Թէոդոսը հասաւ Թեսաղոնիկէ եւ տե­ղե­կա­­ցաւ Եկեղեցու խռովութեան ու արիո­սա­կան­նե­­րի ստահակութեան մասին, արձակեց մի հրո­վար­­տակ, ըստ որի՝ թագաւորական քաղաքում չպէտք է գտնուէր Նիկիական հաւատից շեղուած որե­ւէ մէկը, իսկ բոլոր աղանդները պէտք է կա՛մ միա­բանուէին Եկեղեցուն, կա՛մ հեռանային քա­ղա­­քից: Այս հրամանով թէպէտ զօրացան ուղղա­փառ­ները, սակայն իսպառ չընկրկեցին չարա­փառ­­ները, քանզի ոչ բոլորը հե­ռացան քաղաքից, իսկ շատերն էլ յայտնապէս ընդդիմացան արքունի հրո­վար­տակին ու մինչեւ անգամ հրա­պա­րա­կում արիւնահեղութիւն արեցին: Իսկ սուրբ Գրի­գորը շարունակում էր հեզահամբոյր վարք ցուցաբերել ընդ­դէմ գազազած թշնամիների եւ ջանում էր քաղցրութեամբ գրաւել նրանց սրտե­րը: Միշտ սիրալիր յորդորներով էր խօ­սում նրանց հետ ու այն­պի­սի մարդասի­րու­թիւն ցուցաբերում, որ շատերը, յաղթուելով նրա սիրուց, յօ­ժարութեամբ խոնարհւում եւ հպա­­տակւում էին Եկեղեցուն: Սակայն Աստու­ծոյ մար­դու այս գովելի ընթացքը, որով դիւրագոյն կեր­պով բոլորին որ­սում էր Աւետարանի ուռ­կա­նի մէջ, անպատեհ թուաց ուղղափառների դա­սին, ովքեր, այդքան ժամանակ կեղեքուած լի­նե­լով արիոսականներից, հա­մար­ձա­կու­թիւն գտ­նե­լով Մեծն Թէոդոսից, կամեցան հատուցել նրանց ու սկսեցին քրթմնջել Աստուածաբանից:

   Ժողովրդի այս տրտունջը խռովութեան մեծ դուռ բացեց, քանզի մախացողներից եւ փառասէրներից ոմանք Աստուածաբանին Աթոռից հեռացնելու հա­մար սկսեցին արատաւորել նրան: Նրանց գլխաւորում էր Մաքսիմոս Ա­լեք­սանդ­­րացին՝ մի խորամանկ ու ճարտար այր խառնակութիւններ եւ յու­զում­ներ առաջացնելու մէջ, ով եղել էր կիւնիկեան, այսինքն՝ իմաս­տա­­սէր­նե­րի շնական 4 աղանդի անդամ ու մի ժամանակ զոհաբերել նաեւ կուռքերին: Նա աքսո­րուած է եղել իր անիրաւութիւնների համար, սա­կայն աքսորից փա­խուստ էր տուել, իրեն քարո­զում էր որպէս հալածուած Քրիստոսի անուան հա­­մար եւ հանդէս գալիս որպէս կենդանի նա­հա­տակ: Արդ, սա նախ կեղ­ծա­պա­տիր հնարքներով շնորհ գտաւ երանելի Գրիգորի առջեւ, բազում բա­­րե­­րա­րու­թիւններ ստացաւ նրանից ու մինչեւ ան­գամ դարձաւ նրա սիրելի սպասաւորներից եւ աշակերտներից մէկը, իսկ ապա՝ նաեւ բնա­կա­կիցն ու սե­ղա­նա­կի­ցը: Երբ նա լսեց Գրիգորի մա­­սին ժողովրդի բողոքները, սկսեց յեղաշրջել ամ­­բո­խին ընդդէմ Գրիգորի եւ բազմութեանը գրա­ւել դէպի իր կողմը, քան­զի հանդէս էր գա­լիս որպէս ամբողջ հոգով թշնամի չարա­փառ­նե­րին ու ինչ­պէս ինքն էր ասում. «Գրիգորի պէս հա­­մա­խոհ եւ համահունչ չեմ ճշմարտութեան թշնամիներին»: Այս կերպով նա հաճոյացաւ ժո­ղո­վրդին ու այնքան ա­ռաջ տարաւ իր չար­արուեստ հնարքները, որ գրաւեց նաեւ Ալեքսանդրիայի Պետրոս պատրիարքի սիրտը: Վերջինս, հրաժարուելով իր նախկին մտահաճութիւնից, որով Գրիգորին պատրիարքութեան էր կար­­գել, Եգիպտոսից ուղերձ յղեց եպիս­կո­պոս­նե­րին, որպէսզի Կոստանդնուպոլսի Աթոռին նստե­լու համար ձեռնա­դրեն Մաքսիմոս Ալեք­սանդ­րա­ցուն:

   Երբ եպիսկոպոսներն այդ նպատակով եկան թա­­գա­ւորական քաղաք, մեծ ըն­դունելութեան ար­­ժանացան երանելի Գրիգորի կողմից: Եւ մինչ խոր­հուրդ էին անում այն գործի շուրջ, որ եկել էին իրագործելու, հիւանդացաւ երանելի Գրիգորը, ու եպիսկոպոսները, օգտագործելով այդ առի­թը, Մաքսիմոսի հետ գիշերը հաւաքուեցին ոմն փողհար ռամկի տանը, ուր նրան եպիսկոպոս ձեռ­­նադրեցին եւ կարգեցին Կոստանդնուպոլսի պատ­րիարք: Ու քանի որ կայս­րը քաղաքում չէր, հրա­պուրանքներով եւ կաշառքներով քաղաքի մե­­ծա­մեծ­ներին հեշտութեամբ հաւանութեան բե­րե­ցին: Սակայն այդ բանին հա­մա­ձայն էր ոչ ամ­բողջ ժողովուրդը, որի համար լուրը տարածուելուն պէս մեծ պա­ռակտութիւն ընկաւ ժողովրդի մէջ, ու ողջ քաղաքն ալեկոծուեց: Իսկ ե­րա­նելի Աս­տուա­ծաբանը հիւանդ վիճակով միառժամանակ հեռացաւ քաղաքից՝ ոչ թէ հոգալով իր անձի մա­սին, այլ Աստուծոյ ժողովրդի, որովհետեւ յայտ­նա­­պէս տեսաւ հօտի ցրումը յափշտակիչ գայլերի կող­մից: Նա անհանգստանում էր՝ Եկեղեցու անդամներին վտանգուած տեսնելով, որի համար գրու­­թեամբ եւ խօսքերով բոլորին ցոյց էր տա­լիս աղանդաւոր Մաքսիմոսի բռնա­կալութեան պատճառած հոգեւոր կորուստը: Եւ այնչափ ազ­դու էին սուր­բի խրատները, որ շատ չանցած Մաք­­սիմոսի բոլոր համախոհները հե­ռա­ցան նրա­նից, իսկ ինքը, մնալով անօգնական, դիմեց Թեսաղոնիկէում գտնուող Թէոդոս կայսրին: Սակայն նրա­­­նից եւս նախատինքներով մերժուելուց յե­տոյ գնաց Ալեքսանդրիա, ուր ստիպեց Պետրոս հայ­­­րապետին, որ կա՛մ ի­րեն հաստատի Կոստանդ­նու­­­պոլսի Աթոռին, կա՛մ էլ հայրապետն ինքը եւս հե­ռա­նայ իր Աթոռից, սակայն քաղա­քա­պե­տը, արագ վրայ հասնելով, հալածեց նրան քաղաքից:

   Եւ քանի որ թագաւորական քաղաքում չէին հանդարտւում պառակտութիւններն ու աղմուկը, երանելի Գրիգորը որոշեց թողնել Աթոռը եւ վերա­դառնալ իր տուն, որի համար մի օր բեմ բարձ­րացաւ ու ժողովրդին ասաց. «Մնա­ցէ՛ք խա­ղա­ղութեամբ: Այսուհետեւ իսպառ հրաժարւում եմ հովւութիւ­նից եւ գնում եմ դէպի առանձնութիւն, որպէսզի իմ պատճառով խառնաշփոթ ու բաժանութիւն չառաջանայ Քրիստոսի հօտի մէջ: Միայն աղաչելով խնդրում եմ ձեզ. անթերի պահէք ուղղափառ հաւա­տը, որպէսզի զուր չանց­նի ձեզ համար իմ թա­փած քրտինքը»: Այս լսելով՝ ժողովրդի բազմութիւնն արտասուեց եւ չհանդուրժելով քաջ հովուի հեռանալը` միաբերան գոչեց. «Դո՛ւ ես մեր հայրը, հո­վիւն ու վարդապետը: Մենք չե՛նք թող­նի մեր առաջնորդին»: Սակայն տեսնելով, որ Աստուածաբանը չի կամենում լսել իրենց, բո­ղո­քի ձայն բարձ­րացրին եւ ասացին. «Եթէ հեռանաս մեզանից, ո՛վ սուրբ հայր, մենք կը հեռա­նանք ճշմա­րիտ հաւատից, ու մեզանից կ օտարանայ Սուրբ Երրորդութիւնը: Եւ ինչպէ՞ս ես անտեսում Տիրոջ ժողովրդին, որ Քրիս­տոսի Արեան գինն է, կամ ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուն»: Այնժամ սուրբը, խոնարհուելով նրանց արտասուքներին, խոստացաւ միառժամանակ մնալ, մին­չեւ կը գար արժանաւոր մէկը:

   Այդ օրերին՝ 380 թուականին, Կոստանդ­նու­պո­լիս քաղաք մտաւ աստուածասէր Թէոդոս թա­գա­ւորը  եւ տեսնելով, որ քաղաքը Գրիգոր Աստուածաբանի ջանքերով ծաղկել է ուղղա­փա­ռու­թեամբ, յոյժ ուրախ եղաւ: Ապա սուրբի յոր­դո­րով քաղաքը մաքրեց մնացած աղանդներից, հե­ռացրեց արիոսական ե­պիսկոպոսներին ու Եկե­ղե­ցին, որին նրանք տիրում էին քառասուն տա­րի, յանձ­նեց ուղղափառների ձեռքը, իսկ երա­նե­լի Գրիգորին՝ որպէս օրինաւոր հայ­րապետի, հան­­դիսապէս տարաւ աւագ Եկեղեցի: Ճանապարհին, երբ ինք­նա­կալը հայրապետի հետ տաճար էր գնում, յանկարծակի երկինքը պատուեց մթա­գին ամ­պով, եւ թանձրամած խաւարը ծածկեց ցերեկուայ լոյսը: Այս տես­նելով՝ հերձուածողների խմ­բերն սկսեցին խայտալ ու ասել. «Ահա սա յայտ­­­­­նի նշան է, որ Աստուած չէր կամենում մեր արտաքսուելը թագաւորական քաղաքից»: Իսկ սրանց հակառակ՝ ուղղափառ դասի պարզամիտ ժողովուրդը մեծ տրտմութեան մէջ ընկաւ, քան­զի հանդիսաւոր տօնի օրուայ խաւարելը չարագու­շակ նշան համարեց: Բայց երբ երանելի Գրի­գորն արքայի հետ մտաւ Խորան, անմիջապէս ցրուեց մթագին ամպը, եւ պայծառ լոյս ծագեց, որի համար ուղղափառները մեծապէս ուրախացան, իսկ հակառակորդներն ամաչեցին: Այնժամ արքան, սիրալիր պատուելով Գրիգորին, ասաց նրան. «Ահաւասիկ, հա՛յր սուրբ, Տէրն Ինքը քեզ յանձ­նեց Եկեղեցին, որը ծաղկեցրիր՝ ոռոգելով քո քրտինքով: Այսուհետեւ քոնն է հօտը ու քոնն է հայրապետական Աթոռը»: Եւ որչափ երանելի Գրիգորն ընդդիմանում էր մտնել այդ լծի տակ, այնքան բարեպաշտ կայսրը հարկադրում էր նրան յանձն առնել այդ պաշտօնը: Աստուածասէր Թէո­դոսը յոյժ մեծարում էր Աստուածաբանին եւ իբ­րեւ հոգիների հարազատ հօր՝ հպատակ էր նրան ամէն բա­նում: Յաճախ էր նրան հրաւիրում ար­­քունի պալատ, սակայն նա խոյս էր տա­լիս ու ասում. «Իմ գործը Քրիստոսի հօտին ծառայելն է եւ ոչ թէ թագաւորական սեղաններ վայելելը»:

   Երբ արիոսականներն ու միւս հակառակորդները տեսան, որ իրենց աղանդը ջախջախողը պատուի արժանացաւ ինքնակալի կողմից, առատապէս կաշառեցին մի գազանամիտ զօրականի՝ սուրբ հայրապետին դաւադրութեամբ սպանելու համար: Եւ նա, իր հետ վերցնելով իր գործակիցնե­րին, յանկարծակի մտաւ սուր­բի սենեակ, ուր նա, տկարացած իր մարմնաւոր հիւանդութիւնից, պառկած էր մահճում: Սուրբը, նրանց տեսնելով, շարժուեց մահճում եւ ոտքե­րը դուրս հա­նեց: Այնժամ Տիրոջից մեծ ահ ընկաւ այդ մար­դու վրայ, կապուե­ցին նրա ձեռքերը, ու ոչինչ չկարողացաւ անել: Երբ նրա ընկերները դուրս եկան,  զօրականն արտասուքներով ընկաւ սուր­բի ոտքերը եւ իրեն թողու­թիւն խնդրեց այն չար գործի համար, որ եկել էր անելու: Իսկ սուրբը քաղցրութեամբ խրատեց նրան ու սիրով ար­ձա­կեց՝ ասելով. «Թող Աստուած, որ պահեց ինձ թշնամու որոգայթից, քեզ պահապան լինի»: Երանելին բոլորից ծածկեց այս դէպքը եւ իր անոխակալութեամբ շահեց իր հակառակորդներին:

   Սրանից յետոյ Աստուածաբանը բարեպաշտ Թէոդոսին յորդորում էր հոգալ Եկեղեցու խաղաղութեան համար ու մաքրել իր տէրութիւնը տե­­­սակ-տեսակ հերձուածողներից` յատկապէս հո­գե­մարտ մակեդոնականներից, որոնց չար որոմ­նե­­րը սերմանուել էին ամենուր: Միաժամանակ աղա­չում էր նաեւ գտնել արժանաւոր մէկին եւ կար­գել Կոստանդնուպոլսի Աթոռին, իսկ ի­րեն ազատ արձակել: Ու այս խնդիրների լուծման համար Տիրոջ 381 թուականին Կոտանդնուպոլսում գումարուեց սուրբ ժողով 150 հայրապետների մասնակցութեամբ, որոնց մէջ անուանի էր Անտիոքի սուրբ Մե­լի­տոս հայրապետը: Արդ, ընդ­դէմ ժամանակի հեր­ձուածողների հաւատի սահմանումը հաս­տա­տե­­լուց յետոյ սուրբ Մելիտոսը եւ այլ եպիս­կո­պոս­­ներ բռնադատեցին Գրիգոր Աստուածա­­բանին ու հաստատեցին թագաւորական քաղաքի պատրիարքութեան Աթոռին: Եւ թէպէտ նա սկզբում ընդ­դիմանում էր, սակայն յետոյ յանձն առաւ հնա­­­զանդուել ժողովի հայրերին եւ նայեց ոչ թէ միայն իր առանձնութեան ցան­կութեանը, որին փա­փագում էր, այլ Քրիստոսի հօտին, որը կա­րիք ունէր նա­խանձախնդիր հովուի:

   Եւ երբ դեռ չէր աւարտուել ժողովը, վախ­ճա­նուեց սուրբ Մելիտոսը, որին ու­րիշների հետ ներ­բողական ճառով պատուեց նաեւ Գրիգոր Աս­տուա­ծաբանը: Մե­լիտոսի՝ Անտիոքի Աթոռը ժա­ռան­գելու համար քաղաքում ծագեցին հակառակութիւններ, որոնց խաղաղութեան միջնորդն ու խրատատուն եղաւ Աս­տուածաբանը: Բայց քա­նի որ ոչ բոլորն ընդունեցին նրա խոր­հուրդ­նե­րը, սաստ­կացաւ երկպառակութիւնը, եւ շատերը թշ­նա­մացան սուրբի հետ: Այնժամ մէկ այլ խռո­վու­թիւն եւս ծագեց. եգիպտացի եպիս­կո­պոս­նե­րից ոմանք, ուշ հասնելով ժողովին, մեղադ­րե­ցին հայրերին, թէ ինչո՞ւ առանց իրենց համա­ձայ­­նութեան Գրիգորին պատրիարք կարգեցին ու չսպասեցին իրենց գալստեանը: Գրիգորի հա­կա­ռակորդները, սա եւս առիթ դարձնելով, սկսե­ցին չա­րախօսել նրանից, թէ նա իր փառքի եւ պա­­տուի համար առանց իրաւունքի ու օրէնքից դուրս է ընդունել Կոստանդնուպոլսի Աթոռը՝ թողնելով Սասիմի, նաեւ Նազիանզի առաջնորդութիւնը՝ իբր եպիսկոպոսարանների հետամուտ մի թափառական: Եւ հեգնելով նրան կոչում էին եռեպիսկոպոս՝ երեք տե­ղերում եպիս­կո­պոս ընտրուած լինելու պատճառով:

   Եւ քանի որ օրըստօրէ սաստ­կա­նում էր խռովութիւնը, երանելի Գրիգորը կանգ­նեց ժողովի բե­մին, հրաշալի ատենախօսութեամբ մեր­կաց­րեց չարախօս­ների զրպարտութիւնները ու իր հա­մար հրաման խնդրեց հայրերից Աթո­ռից հրաժա­րուելու համար եւ ասաց. «Եթէ այս խռովութիւններն իմ պատճառով են, ապա ես աւելի լաւը չեմ, քան Յով­նանը. ինձ վերցրէք ծովը նետէք, եւ ձեր մէջ կը դադարի մրրիկը: Ես մեծապէս ուրախ կը լինեմ, որովհետեւ կազատուեմ տառա­պա­լից հոգ­սերից եւ կը դառնամ առանձնութեան իմ ցան­­կալի օթե­ւանը: Եւ առաւել ուրախ եմ ի Տէր, քան­զի ովքեր ինձ հեռացնում են Աթոռից, չեն կա­րող հեռացնել ինձ Աստծուց, այլ աւելի կը մօ­տեց­նեն, որին կարօտ եմ: Թո՛յլ տուէք ինձ, աղա­չում եմ ձեզ, ապրել առանձնութեան անզբաղ կեան­­­քով, որպէսզի միայն իմ Տէր Աստուծոյ հետ լի­նեմ: Իսկ դուք ձեզ համար ընտրէք այնպիսի մէ­կին, ով կառաջնորդուի Աստուծոյ Հոգով եւ խաղաղութեան մէջ կը պահի Եկե­­ղեցուն, որովհետեւ ինձ համար ծանր է տանել այս­պի­սի դժուարա­կիր պայքար, ցուցաբերել հեզութիւն եւ փո­խա­­րէնը դատուել որպէս յան­ցաւոր: Ես չեմ կարող կռուել մախացողների դէմ ու միօրինակ կեր­­­­պով մաքառել սիրելիների եւ թշնամիների հետ»:

   Այս եւ նման խօսքերով նա բա­զում անգամներ խօ­սեց ժողովի հայրերի, նաեւ ժողովրդի ու թա­գա­­ւորի առ­ջեւ եւ մի կերպ նրանց համոզելով՝ հրա­­ման առաւ վերադառնալ իր հայ­րե­նի քաղաքը: Սակայն հեռանալով հանդերձ` մեծ ան­հանգստու­­թիւն կար ե­րա­նե­լու սրտում, որովհետեւ չգի­տէր, թէ ո՛ւմ ձեռքը կ ընկնի հօտը, որին ժո­ղո­­վեց այդչափ դժուարու­թեամբ, եւ կամ իր հոգեւոր որդիներն ինչպէ՞ս կը պա­հեն ուղղափառ հա­­ւատը, որոնց ծնեց ի Քրիստոս մեծ երկունքով: Այսպէս նա հեռացաւ Կոստանդնուպոլսից մի կողմից ուրախ՝ աղմուկից ազատուելու հա­մար, սակայն միւս կողմից տխուր՝ իր զաւակերից բաժանուելու համար: Սակայն առաւել տրտմեցին սուրբ ժողովի հայրերը, ու բազում արտա­սուք­­ներ հե­ղեցին նրա որդիները: Եւ այնքան մեծ էր ճշմարտասէրների սրտի թա­խիծը, որ նրան­­ցից ոմանք խոյս տուեցին եպիս­կո­պոս­նե­րից եւ կուրծք բա­խելով՝ հեռացան քաղաքից, որպէսզի ոչ ոքի չտեսնեն Աստուծոյ մարդու՝ Գրիգորի տեղում: Իսկ եպիսկոպոսներն ընկան վարա­նում­ների մէջ, թէ Գրիգորի փո­խարէն ում դնեն Աթո­ռին, ու երկպառակութիւնների պատճառով ելք չէին գտնում, մինչեւ որ Թէոդոս ինքնակալի հա­ւա­նութեամբ ընտրուեց Նեքտարիոս Տարսոնացին՝ մի բարի այր պալատականների դասից:

   Իսկ երանելի Աստուածաբանն առանձնացաւ իր հօր կալուածքում, որը գտնւում էր Նա­զիան­զի մօտ՝ Արիազոն կոչուող վայրի աւանում, եւ իր անձը մե­նակեցութեամբ մատնեց ճգնութիւն­նե­րի: Նազիանզացիները նրան ստիպում էին իրենց առաջնորդ լինել, բայց նա յանձն չէր առ­նում, որպէսզի չզրկուէր առանձնութիւնից, որը գտաւ` ըստ իր փափագի: Նազիանզի եպիսկոպոսութեան Աթոռին ձեռնադրել տուեց իր կողմից ճա­նաչուած մի բարեկրօն մարդու՝ Եւղաղիոսին, իսկ ինքն իր հօր տան ողջ ունեցուածքն աղքատներին բաշխելուց յետոյ ուրախութեամբ առանձ­­նացաւ Արիազոնում: Անդադար գոհանալով Տիրոջից՝ Կոստանդնուպոլսի Սոփ­րոնիոս իշխա­նին գրեց, թէ՝ «Ինձ Աթոռից հեռաց­նե­­­լը շատերը պա­տիժ ու զրկանք համարեցին, սակայն երանութիւն են այսպիսի զրկանքները, որովհետեւ դրանք ինձ համար առիթներ են հանդարտելու եւ անզբաղ կեանքով իմաստասիրելու համար»:

   Այնտեղ երանելին գրեց շատ պիտանի ճառեր ու թղթեր՝ յօգուտ եւ ի շինութիւն Եկեղեցու եւ ի նուաճում ժամանակի աղանդաւորների, քանզի ազատուած լինելով բոլոր հոգսերից՝ լի էր Աստուծոյ շնորհներով, որոնք տրւում էին նրան Եկե­ղեցու պայծառութեան համար: Հակառակորդների անդուռ բերանները խցելու համար չափածոյ խօսքերով այնտեղ շարադրեց իր վարքը, քանզի շատերը բամբասասէր մտքով ասում էին, թէ նա մերժուեց Աթոռից յանցաւորութեան կամ մոլորութեան պատճառով, շատերն էլ ասում էին, թէ ակամայ հրաժարուեց իշխա­նու­թիւ­­նից, ու շատերն էլ այլեւայլ արատներ էին կա­մենում վերագրել նրան: Այդ պատճառով ամէն ինչ գրեց ճշմարտութեամբ եւ ուղարկեց Կոստանդնուպոլսի բնակիչներին, որով ամօթահար եղան բոլոր չարախօսները:

   Սակայն չար դեւը չդադարեց փորձութիւնների ենթարկել սուրբին նաեւ հանդարտութեան մէջ, քանզի իր մերձաւորներն սկսեցին բամբասել իրենից, թէ նա իր ծերութիւնն անց է կացնում այգեստաններում ու զուարճութիւննե­րի մէջ եւ կար­ծել է տալիս, թէ ապրում է մենակեացի խստա­­կրօն վարքով, ու այդպէս շարունակ չարախօսում էին նման բա­զում դժպատեհ խօսքերով: Եւ չգիտէին, որ երա­նե­լին ճգնում էր ծածուկ ու ամէն օր տան­ջում էր իր ծերացած մարմինը խիստ պա­հե­ցո­ղու­թեամբ, գետնախշտութեամբ եւ խարազնա­զգե­ցու­թեամբ՝ ա­ռաւել, քան անապատի խստա­կրօն ճգ­նա­ւորները: Իր հիւանդութեան յա­րա­տեւ ցա­ւերի հետ չխնայելով իրեն՝ զինւում էր ընդդէմ իր անձի ու տանջում իրեն: Ինչպէս մի անգամ, երբ իրեն թուացել էր, թէ ըստ իր ծերունական բարքի՝ խստութեամբ եւ անհամբերութեամբ է խօսել մէկի հետ, քառասուն օր լռութեամբ սանձահարեց իր լեզուն:

   Մէկ-երկու անգամ սուրբը Թէոդոս կայսեր ու եպիսկոպոսների կողմից հրաւիրուեց գալ Կոստանդնուպոլիս, որպէսզի մասնակցի տարբեր հարցերի շուրջ գումարուող նոր ժողովներին, սա­կայն նա յանձն չառաւ, քանզի խոյս էր տալիս եպիսկոպոսների միջեւ ծագած աղմուկներից: Բայց երբ նրան շատ ստիպեցին, երանելին պատասխանեց. «Թէեւ կը յօժարէի գալ, սակայն ինձ թոյլ չի տալիս մարմնիս խիստ տկարութիւնն ու մահացու հիւանդութիւնս: Եւ ուրախ եմ, որ ան­կա­րող եմ գալ»: Այնուամենայնիւ նա չէր դադարում իմաստալից գրերով թիկունքից օգնու­թեան հասնել եպիսկոպոսներին եւ ուսու­ցանել ար­­ժանին: Այդպէս մինչեւ իր վերջին օրը նա իր զօրաւոր աստուածաբանութեամբ պայքարում էր հերձուածողների դէմ ու անգամ իր ծանր հի­ւան­դու­թեան մէջ չէր դադարեցնում օգտակար խօսքերի շարադրութիւնը, որոնք գրում էր թէ՛ անձամբ եւ թէ՛ աւանդելով գրագիրներին: Ու երբ սաստ­­կացան ցաւերը, եւ մերձեցաւ մահուան դռներին, սկսեց խանդակաթ խօս­քերով ըն­տա­նե­բար խօսել Քրիստոս Փրկչի հետ ու այդ խօ­սակ­ցու­թեան մէջ էլ Տիրոջ 389 կամ390 թուականի յու­նուարի 25-ին քաղցրութեամբ իր հոգին աւանդեց Աստու­ծոյ ձեռքը: Բացի առաքելական վաս­տակից՝ որպէս ան­գին գանձեր նա Եկե­ղե­ցուն թողեց իր աստուածաբանութեան եւ վարդապետութեան մատեանները, որոնք անվրէպ կանոն եւ ուղ­եցոյց եղան ճշմարիտ աշակերտների համար, իսկ նրա խօսքերի վկայութիւնները՝ ան­ջինջ արձանագրութիւններ բո­լոր եկեղեցական ժողովներում:

   Սուրբի պատուական մարմինը թաղուեց Նա­զիան­­զում՝ հօր գերեզմանի մօտ, սակայն շատ տա­­րիներ անց մեծ պատուով փոխադրուեց Կոստանդնուպոլիս` սուրբ առաքեալների տաճար, եւ դրե­ցին սուրբ Յովհան Ոսկեբերանի հանգս­տա­րա­­նի մօտ: Ու ինչպէս որ Հռոմն է պար­ծե­նում սուրբ Պետրոսով եւ Պօղոսով, կամ երկինքը՝ արե­­գակով ու լուսնով, այն­­պէս էլ Կոստանդ­նու­պո­լիս քաղաքն է պարծենում սուրբ Գրիգոր Աս­տուա­­­ծա­բանով եւ սուրբ Յովհան Ոսկեբերանով: