Գալոց է նովին մարմնով և փառօք Հօր` [իդատել զկենդանիս և զմեռեալս].
Նույն Ինքը հաջորդ անգամ Հոր փառքով գալու է` նորոգելու մեր ապականված բնությունը` Իր այդ մարդկությունն ահավոր, զարհուրելի, ինչպես նաև չքնաղագեղ ցույց տալով: Քանզի [գալու է] ոչ թե փրկելու համար, ինչպես այժմ, այլ դատաստանի ընտրության համար` արդարների և մեղավորների, այդ ժամանակ տակավին ողջ գտնվողների և վաղուց մեռածների: Իսկ արդար դատաստանից հետո արդյոք Նա ի՞նչ է լինելու: Ասվում է. Նրա թագավորությանը վախճան չկա. (Թագաւորութեան Նորա չիք վախճան). Ըստ այս խոսքի. «Հակոբի տան վրա կթագավորի հավիտյան» (հմմտ. Միք. 4:7, Ղուկ. 1:32): Նա հեթանոսների հույսն է, Նա պե՛տք է թագավորի, թշնամիներին դնի Իր, այսինքն` Իր անմահ մարդկության ոտքերի տակ և խափանի ողջերի վերջին թշնամուն` մահը, որը նախ Իր կենարար հարությամբ ջախջախեց, իսկ համընդհանուր նորոգումից հետո այն անհետ կկորցնի և նորոգվածների մեջ անվախճան կյանքը կթագավորեցնի` ամենքին ենթարկելով Իր ճշմարիտ թագավորությանը:
Տիրոջ այս տնօրինության մասին հավիտենական հավատքի ճշմարիտ խոստովանությունն անելուց հետո սուրբ հայրերը նույն շարադրանքում [կարգեցին] նաև ամենասուրբ Հոգու աստվածաբանությունը` ապավինելով հենց Նրան` դավանության հոգեղեն խոսքի շնորհը Բաշխողին:
Հաջորդը՝
20․ Նրա թագավորությանը վախճան չկա.
Նախորդը՝
18․ Եվ փառքով նստեց Հոր աջ կողմում.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: