19․ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` [դատելու ողջերին և մեռյալներին].

Գալոց է նովին մարմնով և փառօք Հօր` [իդատել զկենդանիս և զմեռեալս].

 

Նույն Ինքը հաջորդ անգամ Հոր փառքով գալու է` նորոգելու մեր ապականված բնությունը` Իր այդ մարդկությունն ահավոր, զարհուրելի, ինչպես նաև չքնաղագեղ ցույց տալով: Քանզի [գալու է] ոչ թե փրկելու համար, ինչպես այժմ, այլ դատաստանի ընտրության համար` արդարների և մեղավորների,  այդ  ժամանակ  տակավին  ողջ գտնվողների և վաղուց մեռածների: Իսկ արդար դատաստանից հետո արդյոք Նա ի՞նչ է լինելու: Ասվում է. Նրա թագավորությանը վախճան չկա. (Թագաւորութեան Նորա չիք վախճան). Ըստ  այս  խոսքի.  «Հակոբի  տան  վրա կթագավորի հավիտյան» (հմմտ. Միք. 4:7, Ղուկ. 1:32): Նա հեթանոսների հույսն է, Նա պե՛տք է թագավորի, թշնամիներին դնի Իր, այսինքն` Իր անմահ մարդկության ոտքերի տակ և խափանի ողջերի վերջին թշնամուն` մահը, որը նախ Իր կենարար հարությամբ ջախջախեց, իսկ համընդհանուր նորոգումից  հետո այն անհետ կկորցնի և նորոգվածների մեջ անվախճան կյանքը կթագավորեցնի` ամենքին ենթարկելով Իր ճշմարիտ թագավորությանը:

Տիրոջ այս տնօրինության մասին հավիտենական   հավատքի   ճշմարիտ   խոստովանությունն   անելուց   հետո   սուրբ հայրերը նույն շարադրանքում [կարգեցին] նաև ամենասուրբ Հոգու աստվածաբանությունը` ապավինելով հենց Նրան` դավանության հոգեղեն խոսքի շնորհը Բաշխողին:

 

Հաջորդը՝

20․ Նրա թագավորությանը վախճան չկա.

Նախորդը՝

18․ Եվ փառքով նստեց Հոր աջ կողմում.