Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 4

Կայեն և Աբել
   

1. Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»։

2. Եվ դարձյալ ծնեց և ունեցավ նրա եղբայր Աբելին: Եվ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ:

3. Եվ եղավ, որ օրեր անց Կայենը երկրի պտուղներից Տիրոջն ընծա մատուցեց:

4. Եվ Աբելն էլ մատուցեց իր առաջնածին և պարարտ ոչխարներից: Եվ Տերը նայեց Աբելին ու նրա ընծային:

5. Բայց Կայենին և նրա ընծային չնայեց: Եվ Կայենը շատ բարկացավ ու գլուխը կախեց:

6. Եվ Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես գլուխդ կախել:

7. Չէ՞ որ եթե բարիք գործես, գլուխդ բարձր կպահես, բայց եթե բարիք չգործես, մեղքը պառկած է դռանդ մոտ և քեզ է ցանկանում, բայց դու իշխի՛ր նրա վրաե:

   
Եղբայրասպանություն
   
8. Եվ Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ: Եվ եղավ, որ երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան:

9. Եվ Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայրը՝ Աբելըե: Եվ նա ասաց. «Չգիտե՛մ, մի՞թե ես եղբորս պահապանն եմե:

10. Եվ Նա ասաց. «Ի՞նչ ես արել, քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է Ինձ:

11. Եվ հիմա դու անիծյա՛լ լինես այն երկրից, որը բացեց իր բերանը եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար:

12. Երբ մշակես հողը, թող այն այլևս քեզ իր բերքը չտա, և երկրի վրա աստանդական ու թափառական լինեսե:

13. Եվ Կայենն ասաց Տիրոջը. « Մեծ է իմ մեղքը թողություն ստանալու համար:

14. Ահա այսօր արտաքսեցիր ինձ երկրից, և ես պիտի թաքնվեմ Քո երեսից ու երկրի վրա աստանդական ու թափառական լինեմ, և ամեն ոք, ով ինձ գտնի, կսպանիե:

15. Եվ Տերն ասաց նրան. «Ուրեմն ով Կայենին սպանի, թող նրանից յոթնապատիկ վրեժ լուծվիե: Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որ ամեն ոք, ով նրան գտնի, չսպանի:

16. Եվ Կայենը հեռացավ Տիրոջից ու բնակվեց Նայիդում՝ Եդեմի արևելքում:

   

Կայենի սերունդը
   
17. Կայենը մտավ իր կնոջ մոտ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին: Նա մի քաղաք շինեց և այդ քաղաքի անունը իր որդու անվամբ Ենոք կոչեց:

18. Եվ Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, և Մաթուսայելը՝ Ղամեքին:

19. Եվ Ղամեքը երկու կին առավ. մեկի անունը Ադդա էր, երկրորդինը՝ Սելլա:

20. Եվ Ադդան ծնեց Հոբելին, որը եղավ վրանաբնակների և խաշնարածների հայրը:

21. Եվ նրա եղբոր անունը Հոբալ էր, որը եղավ բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը:

22. Եվ Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիքներ էր շինում: Եվ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման:

23. Եվ Ղամեքն իր կանանց՝ Ադդային ու Սելլային ասաց. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ականջ դրե՛ք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի՝ ինձ վիրավորելու ու մի երիտասարդ՝ ինձ հարվածներ հասցնելու համար:

24. Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնեն, ապա Ղամեքինը՝ յոթանասունյոթ անգամե:

   

Սեթ
   

25. Եվ Ադամը դարձյալ մտավ իր կնոջ մոտ, ու նա մի որդի ծնեց, և նրա անունը Սեթ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենըե:

26. Եվ Սեթին էլ մի որդի ծնվեց, և նա նրա անունը Ենոս դրեց: Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը: