Գիրք` 1. Ծննդոց

Գլուխ 13

ԱԲՐԱՄԸ ԵՒ ՂՈՎՏԸ ԲԱԺԱՆՒՈՒՄ ԵՆ ԻՐԱՐԻՑ
   

  • 1. Եգիպտոսից Աբրամն ելաւ գնաց անապատ, ինքը՝ իր ամբողջ ունեցուածքով, իր կինը եւ Ղովտն էլ նրա հետ:
    2. Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկով:
    3. Նա իր հասած տեղից՝ անապատից, գնաց Բեթէլ, որտեղ նախապէս նրա վրանն էր խփած, Բեթէլի եւ Անգէի միջեւ գտնուող վայրը,
    4. ուր սկզբնապէս նա զոհասեղան էր կառուցել: Այդտեղ Աբրամը կանչեց Տէր Աստծու անունը:
    5. Աբրամի հետ գնացող Ղովտը նոյնպէս ունէր արջառներ, ոչխարներ, անասուններ,
    6. բայց երկիրը նրանց չէր բաւականացնում միասին ապրելու համար, քանի որ նրանք մեծ ունեցուածքի տէր էին, ուստի հնարաւոր չէր համատեղ ապրել:
    7. Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում:
    8. Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիւ չլինի իմ ու քո եւ իմ հովիւների ու քո հովիւների միջեւ, որովհետեւ մենք եղբայրներ ենք:
    9. Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»:
    10. Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ Յորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են: Քանի դեռ Աստուած չէր կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչեւ Զոորայի սահմանը Աստծու դրախտի նման էր, Եգիպտացւոց երկրի նման:
    11. Ղովտն ընտրեց Յորդանանի ողջ շրջանը եւ գնաց դէպի արեւելք: Այսպիսով եղբայրները բաժանուեցին միմեանցից:
    12. Աբրամը պանդխտեց Քանանացւոց երկրում, իսկ Ղովտը հաստատուեց այդ կողմերում գտնուող մի քաղաքում՝ ապրեց Սոդոմում:
    13. Սոդոմացիները չար մարդիկ էին եւ Աստծու հանդէպ բազում մեղքեր էին գործում:
       
    ԱԲՐԱՄԸ ԳՆՈՒՄ Է ՔԵԲՐՈՆ
       

  • 14. Ղովտի հեռանալուց յետոյ Աստուած Աբրամին ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայի՛ր դէպի հիւսիս ու հարաւ, դէպի արեւելք ու ծով:
    15. Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին:
    16. Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան:
    17. Իսկ արդ, արի շրջի՛ր այդ երկիրն իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետեւ այն քեզ եմ տալու»:
    18. Աբրամը ճանապարհ ընկաւ, եկաւ բնակուեց Քեբրոնում գտնուող Մամբրէի կաղնու մօտ եւ այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց: