Աբրամը բաժանվում է Ղովտից
1. Եվ Աբրամն իր կնոջ, իր ամբողջ ունեցվածքի և Ղովտի հետ գնաց դեպի հարավային կողմը:
2. Եվ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով:
3. Եվ տեղ-տեղ իջևանելով՝ հարավային կողմից գնաց մինչև Բեթել՝ այնտեղ, ուր առաջ իր վրանն էր՝ Բեթելի և Գայիի միջև:
4. Եվ այն զոհասեղանի տեղում, որ առաջ շինել էր, Աբրամը կանչեց Տիրոջ անունը:
5. Եվ Ղովտն էլ, որ գնացել էր Աբրամի հետ, ոչխարներ, արջառներ և վրաններ ուներ:
6. Եվ այն երկիրը բավական չէր նրանց միասին բնակվելու համար, որովհետև մեծ էր նրանց ունեցվածքը, և չէին կարողանում միասին բնակվել:
7. Եվ վեճ եղավ Աբրամի անասունների հովիվների և Ղովտի անասունների հովիվների միջև: Այդ ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիները և փերեզացիները:
8. Եվ Աբրամն ասաց Ղովտին. «Թող վեճ չլինի իմ ու քո միջև, իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք:
9. Ամբողջ երկիրն առջևդ չէ՞: Բաժանվի՛ր ինձանից. Եթե դու ձախ կողմ գնաս, ես դեպի աջ կգնամ, և թե աջ կողմ գնաս, ես դեպի ձախ կգնամ»:
10. Եվ Ղովտը բարձրացրեց իր աչքերը ու նայեց Հորդանանի շրջակայքին և տեսավ, որ ամբողջ հողատարածքը ջրառատ էր, Սոդոմից և Գոմորից՝ նախքան Տիրոջ նրանց կործանումը, մինչև Սեգոր Տիրոջ դրախտի պես էր, Եգիպտոսի երկրի նման:
11. Եվ Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի շրջակայքը ու գնաց դեպի արևելք, և միմյանցից բաժանվեցին:
12. Աբրամը բնակվեց Քանանում, իսկ Ղովտը՝ դաշտի քաղաքներում և Սոդոմի մոտ վրան խփեց:
13. Եվ Սոդոմի մարդիկ շատ չար ու մեղավոր էին Տիրոջ առջև:
Խոստումը հաստատելը
14. Եվ Տերը Ղովտի հեռանալուց հետո ասաց Աբրամին. «Բարձրացրո՛ւ աչքերդ և քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս և հարավ, դեպի արևելք ու արևմուտք,
15. Որովհետև այդ ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու հավիտյան:
16. Եվ քո սերունդը երկրի ավազահատիկների չափ եմ դարձնելու այնքան, որ եթե մեկը կարողանա հաշվել երկրի ավազահատիկները, կհաշվի նաև քո սերունդը:
17. Վե՛ր կաց, շրջի՛ր այդ երկրում, նրա երկարությամբ և լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»:
18. Եվ Աբրամը եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է և այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: