Գիրք` 2. Ելք

Ներածութիւն

   
   «Ես եմ քո Տեր Աստուածը, ես քեզ դուրս հանեցի Եգիպտոսից, ուր դու գերի էիր տարուել»։
   «Ելք» գրքի այս կենտրոնական համարը բացայայտում է գրքի վերնագրի իմաստը եւ նրա էական բովանդակութիւնը, այն է՝ Աստուած ազատարարն է իր ժողովրդի։ Այս համարը միաժամանակ «Տասնաբանեայ պատուիրանների» հիմքն է կազմում․ Աստուած, որ իր սիրով ազատեց իսրայէլացիներին, առաջարկում է նրանց, արտայայտել իրենց սէրը իր նկատմամբ՝ հնազանդուելով իր օրէնքներին։
   Իսրայէլացիները Եգիպտոսում ապաստան գտնելուց յետոյ, այնտեղ դարերի ընթացքում, դառնում են բազմամարդ մի ժողովուրդ, սակայն գերութեան դատապարտուած՝ Եգիպտոսի թագաւորի կողմից։ Աստուած անտարբեր չի մնում իսրայէլացիների տառապանքների նկատմամբ․ Նա նրանց միջից ընտրում է Մովսէս անունով մի մարդու, որպէսզի սա դառնա նրանց առաջնորդը։ Ապա բազում ազդու միջամտութիւններով ստիպում է Եգիպտացիներին ազատութիւն տալ այդ ժողովրդին եւ թույլատրել նրանց մեկնել իրենց երկրից։ Սինայի անապատը կտրելու ամբողջ ընթացքում, Աստուած իսրայէլացիներին առաջնորդելուց ու պաշտպանելուց յետոյ, նրանց դարձնում է իր ժողովուրդը՝ դաշինք կնքելով նրանց հետ Սինայի լերան վրայ եւ յայտնելով նրանց իր օրենքները։ Այնուհետեւ, մինչ Մովսէսն ստանում է սրբարանի շինութեան համար անհրաժեշտ բոլոր ցուցումները, իսրայէլացիները տարերային մի մղումով, Աստծուն ներկայացնում են ոսկէ հորթի կերպարանքով, որը պատճառ է դառնում Աստծու խիստ միջամտութեանը (գլ․ 32-34)։ Գիրքն աւարտւում է սրբարանի կառուցման պատմութեամբ, որտեղ Աստուած գալիս է յայտնելու իր ներկայութիւնը։
   «Ելքը» գերութեան բոլոր ձեւերին դատապարտուած մարդկանց, բոլոր ժամանակներում, ցույց է տալիս, թէ ինչ է ճշմարիտ ազատագրութիւնը, այն ազատագրութիւնը, որ իրականացնում է Աստուած՝ թույլ տալով մարդուն հաղորդութեան մէջ լինել իր եւ ուրիշների հետ։