Գիրք` 2. Ելք

Գլուխ 5

ՄՈՎՍԷՍԸ ԵՒ ԱՀԱՐՈՆԸ ՓԱՐԱՒՈՆԻ ԱՌՋԵՒ
   
1. Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում»»:
2. Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»:
3. Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել 45մեզ իր մօտ: Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»:
4. Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից: Ամէն մէկը թող գնայ իր գործին»:
5. Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»:
6. Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.
7. «Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս: Իրենք թող գնան ու իրենց համար յարդ հայթայթեն: Եւ ստիպեցէ՛ք,
8. որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք: Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. «Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն»:
9. Թող մարդկանց գործն է՛լ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»:
10. Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ, դիմելով ժողովրդին, ասացին. «Այսպէս է ասում փարաւոնը. «Ձեզ այլեւս յարդ չեմ տայ:
11. Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի»»:
12. Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար:
13. Գործավարներն ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամենօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ էին տալիս ձեզ»:
14. Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»:
15. Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ:
16. Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք: Քո ծառաներն, ահա, տանջանքի մէջ են: Դու կեղեքում ես քո ժողովրդին»:
17. Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»:
18. Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»:
19. Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամենօրեայ քանակը:
20. Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք փարաւոնի պալատից ելնելով՝ գալիս էին իրենց մօտ:
21. Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին: Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»:
   
ՄՈՎՍԷՍԸ ԳԱՆԳԱՏՒՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ
   
22. Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ:
23. Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես փրկում քո ժողովրդին»: