Գիրք` 2. Ելք

Գլուխ 34

   
1․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կոփեա դու քեզ երկուս տախտակս քարեղէնս ըստ առաջին տախտակացն, եւ ել առ իս ի լեառնն. եւ գրեցից ի վերայ տախտակացն զպատգամսն` որ էին յառաջին տախտակսն զոր խորտակեցերն:

2․ Լեր պատրաստ առ վաղիւ, եւ ելանիցես ընդ առաւաւտս ի լեառն Սինա. եւ մնասցես ինձ անդ ի վերայ գլխոյ լերինն:

3․ Եւ մի ոք ելանիցէ ընդ քեզ, եւ մի ոք երեւեսցի ամենեւին ի լերինն. եւ արջառ եւ ոչխար` մի արածեսցին մաւտ ի լեառնն:

4․ Եւ կոփեաց երկուս տախտակս քարեղէնս, ըստ աւրինակի առաջին տախտակացն. եւ կանխեալ Մովսիսի ընդ առաւաւտն` ել ի լեառնն Սինա, որպէս հրամայեաց նմա Տէր: Եւ առ Մովսէս ընդ իւր զերկուս տախտակսն քարեղէնս:

5․ Եւ էջ Տէր ամպով, եւ կայր յանդիման նորա անդ: Եւ կոչեաց յանուն Տեառն:

6․ Եւ անց Տէր առաջի նորա: Եւ կարդաց Տէր Աստուած` գթած եւ ողորմած, երկայնամիտ բազումողորմ եւ ճշմարիտ:

7․ Որ պահէ զարդարութիւն, եւ առնէ զողորմութիւն ի հազար ազգս: Բառնայ զանաւրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս. եւ ոչ անպարտ առնէ զպարտաւորն. ածէ զանիրաւութիւնս հարց` որդւոց եւ յորդիս որդւոց` մինչչեւ յերիս եւ ի չորս ազգս:

8․ Եւ երագեաց Մովսէս խոնարհ երկիր եպագ,

9․ եւ ասէ. Եթէ գտի շնորհս առաջի քո, Տէր, երթիցէ ընդ մեզ Տէր. զի ժողովուրդս խստապարանոց է. եւ բարձցես դու զանաւրէնութիւնս եւ զմեղս մեր. եւ եղիցուք մեք քո:

10․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահա ես դնեմ ընդ քեզ ուխտ առաջի ամենայն ժողովրդեան քոյ. եւ արարից սքանչելիս` որ ոչ եղեն յամենայն երկիր, եւ յամենայն ազգս. եւ տեսցէ ամենայն ժողովուրդդ` յորս ես դու ի մէջ դոցա զգործս Տեառն. զի զարմանալիք իցեն զոր եսս արարից ձեզ:

11․ Զգոյշ լեր դու ամենայնի, զոր միանգամ պատուիրեցի քեզ այսաւր: Ահաւասիկ ես մերժեմ յերեսաց ձերոց զԱմովրհացին, եւ զՔանանացին, եւ զՔետացին, եւ զՓերեզացին, եւ զԽեւացին, եւ զԳերգեսացին, եւ զՅեբուսացին:

12․ Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յորում դու մտանելոց ես ի նոսա. գուցէ լինիցի ձեզ գայթագղութիւն:

13․ Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա` փշրեսջիք, եւ զանտառս նոցա` կոտորեսջիք, եւ զդրաւշեալս դից նոցա` հրով այրեսջիք:

14․ Եւ մի պագանիցէք երկիր աստուածոց աւտարաց. զի Տէր Աստուածդ անուն նախանձելի է. Աստուած նախանձոտ է:

15․ Գուցէ դնիցեն ուխտ ընդ բնակիչս երկրին, եւ պոռնկիցին զկնի դից նոցա, եւ զոհիցեն աստուածոց նոցա. եւ կոչիցեն

զքեզ` եւ ուտիցես ի զոհից նոցա:

16․ Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց. եւ ի դստերաց քոց` տացես ուստերաց նոցա. եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց:

17․ Եւ աստուածս ձուլածոյս` մի առնիցես քեզ:

18․ Զտաւն բաղարջակերաց պահեսցես. զեւթն աւր բաղարջ կերիցես որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ:

19․ Ամենայն արու որ բանայ զարգանդ` ինձ լիցի, եւ ամենայն արուք անասնոյ քոյ,

20․ անդրանիկն արջառոյ, եւ անդրանիկն ոչխարի: Եւ զանդրանիկն իշոյ` փրկեսցես գառամբ. ապա թէ ոչ փրկեսցես զնա` զգինս նորա տայցես: Զամենայն անդրանիկս որդւոց քոց փրկեսցես: Եւ ձեռնունայն առաջի իմ` մի երեւեսցիս:

21․ Զվեց աւր գործեսցես. եւ յաւուրն եւթներորդի հանգիցես. եւ ի սերմանս եւ ի հունձս` հանգիցես:

22․ Եւ տաւն եւթներորդաց արասցես ինձ, ի սկզբանէ հնձոց ցորենոյ: Եւ զտաւն արմտեաց անփոփելոյ` յընդմիջել տարւոյն:

23․ Երիս ժամանակս ի տարւոջ երեւեսցի ամենայն արու մանուկ քո առաջի Տեառն Աստուծոյ Իսրայէլի:

24․ Քանզի մերժեցից զազգսն յերեսաց քոց. եւ ընդարձակեցից զսահմանս քո, եւ ոչ ոք իցէ որ ակն դնիցէ երկրին քում, յորժամ ելանիցես երեւել առաջի Տեառն Աստուծոյ քոյ յերիս ժամանակս ի տարւոջն:

25․ Մի զենուցուս ի վերայ խմորելոյ զարիւն զոհից իմոց. եւ մի ելանիցէ յայգ զենումն տաւնի զատկի:

26․ Զառաջին արմտիս երկրի քոյ` տարցիս ի տուն Տեառն Աստուծոյ քոյ:  Մի եփեսցես զգառն ի կաթն մաւր իւրոյ:

27․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Գրեա դու քեզ զպատգամսդ զայդոսիկ. զի այդու բանիւ դնիցեմ ուխտ ընդ քեզ` եւ ընդ իս Իսրայէլ:

28․ Եւ էր Մովսէս առաջի Տեառն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ եկեր, եւ ջուր ոչ արբ. եւ գրեաց ի վերայ տախտակացն զբանս ուխտի` զտասն պատգամացն:

29․ Մինչդեռ իջանէր Մովսէս ի լեռնէն Սինայ, եւ երկոքին տախտակքն ուխտի ի ձեռս Մովսիսի էին: Եւ յիջանել իւրում ի լեռնէ անտի, ոչ գիտէր Մովսէս, եթէ փառաւորեալ իցէ տեսիլ գունոյ երեսաց նորա ի խաւսել նորա ընդ նմա:

30․ Եւ ետես Ահարոն եւ ամենայն որդիքն Իսրայէլի զՄովսէս. եւ էր փառաւորեալ տեսիլ գունոյ երեսաց նորա. եւ երկեան մերձենալ ի նա:

31․ Եւ կոչեաց զնոսա Մովսէս. եւ դարձան առ նա Ահարոն եւ ամենայն իշխանք ժողովրդեանն. եւ խաւսեցաւ Մովսէս ընդ նոսա:

32․ Եւ ապա մերձեցան առ նա ամենայն որդիքն Իսրայէլի: Եւ պատմեաց նոցա զամենայն զոր խաւսեցաւ ընդ նմա Տէր ի լերինն Սինայ:

33․ Եւ իբրեւ դադարեաց ի խաւսելոյ անտի ընդ նոսա. արկ պատրուակ զերեսաւք իւրովք:

34․ Իբրեւ մտանէր Մովսէս առաջի Տեառն խաւսել ընդ նմա, մերկանայր զպատրուակն մինչչեւ այսրէն ելանելոյ: Եւ իբրեւ ելանէր` խաւսէր ընդ ամենայն որդիսն Իսրայէլի զոր միանգամ պատուիրեաց նմա Տէր:

35․ Եւ տեսանէին որդիքն Իսրայէլի զերեսն Մովսիսի զի փառաւորեալ էր տեսիլ գունոյ երեսաց նորա. եւ արկանէր Մովսէս պատրուակ ի վերայ երեսաց իւրոց, մինչչեւ անդրէն մտանելոյ եւ խաւսելոյ ընդ նմա: