Իսրայելացիները ժայռից ջուր են խմում
1. Եվ ինչպես պատվիրել էր Տերը, Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը տեղաշարժվեց Սին անապատից և բանակ դրեց Ռափիդիմում: Եվ այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար:
2. Եվ ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ ու ասաց. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»: Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վիճում ինձ հետ, ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»:
3. Եվ այդտեղ ժողովուրդը ծարավեց ու տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ դուրս բերեցիր Եգիպտոսից: Մեզ, մեր որդիներին ու մեր հոտերը ծարավից պիտի մեռցնե՞ս»:
4. Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին: Քիչ է մնում նրանք ինձ քարկոծեն»:
5. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ժողովրդի առաջն անցի՛ր, քեզ հետ վերցրո՛ւ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, ու գնա՛:
6. Ահա Քորեբում, այնտեղ՝ այն ժայռի վրա, կկանգնեմ քո առաջ: Դու կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և թող ժողովուրդը խմի»: Եվ Մովսեսն այդպես արեց Իսրայելի ծերերի առաջ:
7. Եվ այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց, որովհետև Իսրայելի որդիների այդտեղ վիճեցին և Տիրոջը փորձեցին՝ ասելով. «Արդյոք Տերը մեր մեջ է, թե՞ ոչ»:
Իսրայելացիները հաղթում են ամաղեկացիներին
8. Եվ Ամաղեկն եկավ ու Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի հետ:
9. Եվ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրի՛ր և ելի՛ր՝ Ամաղեկի դեմ պատերազմելու: Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծո գավազանը ձեռքիս»:
10. Եվ Հեսուն արեց, ինչպես պատվիրեց Մովսեսը ու պատերազմեց Ամաղեկի դեմ: Եվ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը:
11. Եվ երբ Մովսեսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում, և երբ իր ձեռքերն իջեցնում էր, Ամաղեկն էր հաղթում:
12. Եվ Մովսեսի ձեռքերը ծանրացան. մի քար առան, դրեցին նրա տակ, և նա դրա վրա նստեց: Եվ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից և մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին:
13. Եվ Հեսուն սրի բերանով հարվածեց Ամաղեկին ու նրա ժողովրդին:
14. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Սա գրքի մեջ գրի՛ առ հիշատակի համար և Հեսուին լուր տուր, որ Ամաղեկի հիշատակը երկնքի տակից ամբողջովին պիտի ջնջեմ»:
15. Եվ Մովսեսը զոհասեղան շինեց և այն կոչեց «Տերն իմ ուղենիշն է»,
16. Եվ ասաց. «Տիրոջ ձեռքը դատաստանի աթոռին է, Նա պիտի պատերազմի Ամաղեկի դեմ սերնդե-սերունդ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: