Գիրք` 7. Դատավորներ

Ներածութիւն

   
   Դատաւորների գրքի պատմութիւնները վերաբերում են այն փոթորկալի ժամանակաշրջանին, որն սկսւում է Քանանի երկրում իսրայէլացիների հաստատումից մինչեւ նրանց հիմնադրումը։ Գիրքը ունի «Դատաւրներ» վերնագիրը, որովհետեւ նրա կենտրոնական մասում տրուած է մի շարք «դատաւորների» գօրծերի կամ նրանց կեանքի համառօտ պատմութիւնը։ Այս վերնագրի տակ խօսւում է այն մարդկանց մասին, որոնց իշխանութիւնը գալիս է Աստծուց եւ տարածւում շատ աւելի լայն մի բնագաւառի վրայ, քան իրաւագիտութեան բնագավառն է։ Այս մարդիկ կոչուած են թէ՛ կառավարելու ժողովրդին եւ թէ՛ ազատագրելու դժուարութիւնների մէջ գտնուող մէկ կամ բազմաթիւ ցեղերի։
   Դատաւորների գիրքը բաղկացած է երեք մեծ մասերից․
   Առաջին մասում յիշատակւում են այն իրադարձութիւնները, որոնք վերաբերում են Քանանի երկրում իսրայէլացիների հաստատմանը մինչեւ Յեսուի մահը։
   Երկրորդ մասում գլխաւորապես ցոյց է տրուած, թէ ինչպես Աստուած ազատագրում է իր ժողովրդին՝ ընտրելով եւ ուղարկելով այնպիսի մարդկանց, որոնք յստակօրեն իրականացնում են այդ ազատագրումը։
   Երրորդում բերուած են երկու դրուագներ, որոնք ցայտուն կերպով վեր են հանում իսրայէլական ցեղերի մէջ տիրող անկարգութիւնը նախքան թագաւորութեան հաստատումը։
   Դատաւորների գրքում արտայայտուած հիմնական գաղափարն այն է, որ ինչ որ պատահում է Իսրայէլին, կախուած է Աստծու հետ նրա պահպանած յարաբերութիւնից։ Երբ նա անհաւատարիմ է Աստծուն, ճնշման է ենթարկւում տեղական կամ հարեւան երկրի բնակիչների կողմից, իսկ երբ վերադառնում է Աստծուն եւ նրան օգնութեան կանչում, Աստուած ազատագրում է նրան։ Այսուհանդերձ իսրայէլացիներն անընդհատ փորձում են պաշտամունք մատուցել Քանանի երկրի չաստուածներին կամ Աստծուն մօտենալ անձնական նպատակներով կամ էլ մոռացութեան տալ նրա պահանջները։
   Գրքի երրորդ մասը մասնաւորապես ցոյց է տալիս, թէ ինչ կարող էին դառնալ իրենց բախտին թողնուած իսրայէլական ցեղերը։ Աստծու ժողովրդի համար կարեւոր է այն հարցը, թէ նա ո՞ր իշխանութեան տակ էր ուզում ապրել․ հնարաւո՞ր էր, որ իւրաքանչիւրը շարունակէր ապրել այնպես․ «ինչպէս յարմար էր թւում իրեն»։