Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 10

ՍԱՄՈՒԷԼԸ ՍԱՒՈՒՂԻՆ ՕԾՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐ
   
1․ Սամուէլն առաւ իւղի սրուակն ու թափեց նրա գլխին: Նա համբուրեց նրան եւ ասաց. «Մի՞թէ Տէրը չէ, որ քեզ իշխան օծեց իր ժառանգութեան, իր իսրայէլացի ժողովրդի վրայ: Դու կ՚իշխես Տիրոջ ժողովրդի վրայ եւ կը փրկես նրան իր շուրջը գտնուող թշնամիների ձեռքից:
2․ Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ, Բենիամինի լերան վրայ, որոնք արագավազ պիտի գան ու պիտի ասեն քեզ. «Գտնուեցին այն աւանակները, որ փնտռելու էիր գնում, իսկ հայրդ, աւանակների հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. «Ի՞նչ անեմ իմ որդու համար»:
3․ Երբ այնտեղից կը գնաս եւ կը հասնես մինչեւ Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կը հանդիպես, որոնք Աստծու մօտ՝ Բեթէլ են գնում: Մէկը երեք ուլ է տանում, միւսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի:
4․ Քո առողջութիւնը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կը նուիրեն, եւ դու կ՚առնես նրանց ձեռքից:
5․ Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ: Երբ քաղաք մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող մարգարէների խմբին, որոնց առաջ կան սրինգ, թմբուկ, փող ու քնար նուագողներ, իսկ իրենք մարգարէութիւն են անում:
6․ Քո Տիրոջ հոգին կը շարժուի քեզ վրայ, դու էլ մարգարէութիւն կ՚անես նրանց հետ եւ ուրիշ մարդ կը դառնաս:
7․ Երբ այս նշանները քեզ վրայ կատարուեն, ինչ որ ձեռքիցդ գայ, բոլորն էլ արա՛, քանզի Աստուած քեզ հետ է:
8․ Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես: Այնտեղ ես կը գամ քեզ մօտ, որպէսզի ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցեմ: Եօթը օր կը սպասես, մինչեւ որ գամ քեզ մօտ եւ հաղորդեմ քեզ, թէ ինչ ես անելու»:
9․ Երբ նա շուռ եկաւ, որ գնայ Սամուէլի մօտից, Աստուած նրան ուրիշ սիրտ տուեց, եւ նոյն օրը այդ բոլոր նշանները կատարուեցին:
10․ Երբ նա մօտեցաւ բլրին, մարգարէների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրայ Աստծու հոգին շարժուեց, եւ նա նրանց մէջ մարգարէութիւն արեց:
11․ Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թէ ինչպէս նա մարգարէների մէջ մարգարէութիւն է անում, մէկը միւսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թէ Սաւուղը եւս մարգարէների մէջ է»:
12․ Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթէ ոչ՝ Կիսը»: Այս առթիւ ասացուածք ստեղծուեց, թէ՝ «Սաւո՞ւղն էլ մարգարէների մէջ է»:
13․ Մարգարէութիւն անելը վերջացնելուց յետոյ նա բարձրացաւ բլուրը:
14․ Սաւուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»: Նրանք պատասխանեցին. «Աւանակները փնտռելու: Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուէլի մօտ»:
15․ Ազգականն ասաց Սաւուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց»
16․ Սաւուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ յայտնեց, որ աւանակները գտնուել են»: Նա, սակայն, թագաւորութեան մասին Սամուէլի ասածները նրան չյայտնեց:
17․ Սամուէլը ամբողջ ժողովրդին հաւաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայէլացիներին ասաց.
18․ «Այսպէս խօսեց Իսրայէլի Տէր Աստուածը եւ ասաց. «Ես եմ, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքայ փարաւոնի ու ձեզ ճնշող բոլոր թագաւորների ձեռքից,
19․ բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնուող ու ձեզ նեղութիւն պատճառող ժողովուրդներից: Իսկ դուք ասացիք. «Ո՛չ, այդպէս չէ, մեզ վրայ թագաւո՛ր կարգիր»: Արդ, կանգնեցէ՛ք Տիրոջ առջեւ ըստ ձեր իշխանութիւնների, ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր հազարեակների»:
20․ Սամուէլն Իսրայէլի բոլոր ցեղերին իրար մօտ բերեց, եւ վիճակն ընկաւ Բենիամինի ցեղին:
21․ Նա մօտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, եւ վիճակն ընկաւ Մատտարիի ազգատոհմին: Նա մօտ բերեց Մատտարիի ազգատոհմին, եւ վիճակն ընկաւ Կիսի որդի Սաւուղին:
22․ Նա փնտռեց նրան, բայց չգտաւ: Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդեօ՞ք այդ մարդն էլի այստեղ կը գայ»: Տէրն ասաց. «Ահաւասիկ նա թաքնուած է կարասիների միջեւ»:
23․ Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ: Բոլոր մարդիկ Սաւուղից մի գլխով ցածր էին:
24․ Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»: Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցէ՛ արքան»
25․ Սամուէլը ժողովրդին յայտնեց թագաւորի իրաւունքները, գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ: Սամուէլն արձակեց ամբողջ ժողովրդին, եւ ամէն մարդ գնաց իր տեղը:
26․ Սաւուղը գնաց իր տունը, Գաբաա: Նրա հետ գնացին զօրեղ մարդիկ, որոնց սրտերը Տէրը դրդել էր, որ լինեն Սաւուղի հետ:
27․ Բայց կային նաեւ չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»: Եւ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին: