ՍԱՒՈՒՂԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻՆ
1․ Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկաւ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց: Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Մեզ հետ դաշինք կնքի՛ր, եւ մենք կը ծառայենք քեզ»:
2․ Նաաս Ամոնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կը կնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանէք ձեր աջ աչքը: Եւ ես դրանով ամբողջ Իսրայէլի վրայ նախատինք դրած կը լինեմ»:
3․ Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. «Մեզ եօթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամաւորներ ուղարկենք Իսրայէլի բոլոր սահմանները, եւ եթէ մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կը լինենք»:
4․ Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին:
5․ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղաւ: Սաւուղն առաւօտեան գալով դաշտից՝ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»: Նրան յայտնեցին յաբիսեցիների խօսքերը:
6․ Երբ Սաւուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժուեց նրա վրայ, եւ նրա բարկութիւնը սաստիկ բորբոքուեց:
7․ Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով Սաւուղի եւ Սամուէլի յետեւից չգայ, այսպէս կը դառնան նրա եզները»: Տիրոջ ահն ընկաւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի սիրտը, եւ նրանք մէկ մարդու պէս անվախ վրայ վազեցին:
8․ Սաւուղը Բեզեկում զօրահաւաք արեց. Իսրայէլի բոլոր մարդիկ վեց հարիւր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝ եօթանասուն հազար:
9․ Նա ասաց եկած պատգամաւորներին. «Այսպէս կ՚ասէք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. «Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կը փրկուէք»»: Պատգամաւորները եկան քաղաք ու դա հաղորդեցին Յաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան:
10․ Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Վաղը ձեզ անձնատուր կը լինենք, եւ մեզ հետ վարուեցէք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ»:
11․ Հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի: Առաւօտեան նրանք մտան նրանց բանակի մէջ եւ ամոնացիներին կոտորեցին մինչեւ արեւի ջերմացնելը: Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպէս, որ նրանցից երկու հոգու իրար մօտ չէիր գտնի:
12․ Ժողովուրդն ասաց Սամուէլին. «Այդ ո՞վ էր ասում, թէ Սաւուղը չի կարող թագաւորել մեզ վրայ, մեզ յանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց»:
13․ Սամուէլն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանուելու, որովհետեւ Տէրն այսօր փրկութիւն պարգեւեց Իսրայէլին»:
14․ Սամուէլը խօսելով ժողովրդի հետ՝ ասաց. «Գնանք Գաղգաղա եւ թագադրութեան տօնակատարութիւն անենք»:
15․ Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց: Խաղաղութեան զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, եւ Սամուէլն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: