Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 29

ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ ՃԱՄՓՈՒՄ ԵՆ ԴԱՒԹԻՆ
   

1․ Այլազգիներն իրենց բոլոր բանակները հաւաքեցին Ափեկում, իսկ իսրայէլացիները բանակ դրին Յեզրայէլի Այենդոր բնակավայրում:
2․ Այլազգիների իշխանները հարիւրներով ու հազարներով էին առաջ շարժւում, իսկ Դաւիթն ու իր մարդիկ գնում էին Անքուսի յետեւից:
3․ Այլազգիների իշխաններն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»: Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայէլի Սաւուղ արքայի ծառայ Դաւիթն է: Ահա երկու տարի է, որ մեզ մօտ է, եւ նրա մեր կողմն անցած օրից մինչեւ այսօր նրա մէջ ոչ մի վատ բան չեմ նկատել»:
4․ Այլազգիների իշխանները խոժոռ նայելով Դաւթին՝ ասացին Անքուսին. «Յե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնայ այնտեղ, ուր նշանակել ես նրան, մեզ հետ պատերազմի թող չգայ, մի գուցէ նա դաւաճանի մեր բանակին: Նա ինչո՞վ պիտի հաշտուի իր տիրոջ հետ, եթէ ոչ այս մարդկանց գլուխներով:
5․ Սա այն Դաւիթը չէ՞, որի համար պար բռնելով երգում էին, թէ՝ «Սաւուղը հազար կոտորեց, իսկ Դաւիթը՝ բազմահազարներ»»:
6․ Անքուսը կանչեց Դաւթին ու ասաց նրան. «Կենդանի է Տէրը. դու իմ աչքին շիտակ եւ բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ ու ելնելդ, քանզի ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այսօր քո մէջ չարութիւն չեմ նկատել:
7․ Բայց դու իշխանների աչքին լաւ չես երեւում: Արդ, դարձի՛ր ու գնա՛ խաղաղութեամբ եւ մի՛ արա այն, ինչ իշխանների աչքին վատ է երեւում»:
8․ Դաւիթն ասաց Անքուսին. «Ի՞նչ եմ արել քեզ. քեզ մօտ ապրելու օրից մինչեւ այս օրը ծառայիդ մէջ ի՞նչ վատ բան ես նկատել, ինչո՞ւ ես չեմ գնալու իմ տէր արքայի թշնամիների դէմ պատերազմելու»:
9․ Պատասխան տուեց Անքուսը Դաւթին՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պէս բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. «Թող մեզ հետ պատերազմի չգայ»:
10․ Արդ, դու եւ քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, առաւօտ կանուխ վե՛ր կացէք գնացէ՛ք այնտեղ, ուր ձեզ նշանակել եմ: Ոչ մի վատ բան մի՛ մտածիր, քանզի դու ինձ համար հաճելի մարդ ես: Առաւօտ կանուխ վե՛ր կացէք ու լուսածագին գնացէ՛ք»:
11․ Դաւիթն ու նրա մարդիկ առաւօտեան կանուխ վեր կացան, որ գնան, այլազգիների երկիրը պահպանեն, իսկ այլազգիները դուրս եկան պատերազմելու Իսրայէլի դէմ: