ՊԱՏԵՐԱԶՄ ԵՓՐԵՄԻ ԵՒ ԳԱՂԱԱԴԻ ՄԻՋԵՒ
1․ Եփրեմի որդիները հաւաքուեցին, եկան Սեփենա եւ ասացին Յեփթայէին. «Ինչո՞ւ ամոնացիների դէմ պատերազմի ելար եւ մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք: Հիմա մենք կրակով կ’այրենք քո տունը եւ քեզ էլ՝ հետը»:
2․ Յեփթայէն նրանց ասաց. «Ես եւ իմ ժողովուրդը զրկուած մարդիկ էինք եւ ամոնացիները խիստ նեղում էին ինձ: Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից:
3․ Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, ինքս ինձ վտանգի ենթարկեցի, գնացի ամոնացիների դէմ, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնեց: Հիմա ինչո՞ւ էք դուք ելել այսօր իմ դէմ պատերազմելու»:
4․ Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու պատերազմ մղեց Եփրեմի դէմ: Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին, որովհետեւ եփրեմեանների ազատուածներն ասել էին, թէ՝ «Դուք, գաղաադացիներ, Եփրեմի եւ Մանասէի միջեւ Եփրեմի փախստականներ էք»:
6․ Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թէ դուք էլ եփրեմեան էք»: Նրանք ասում էին. «Նրանցից չենք»:
7․ Նրանց ասում էին. «Մեզ մի նշան տուէ՛ք, ասացէ՛ք՝ հասկ, հասկ»: Բայց նրանց չէր յաջողւում այդպէս ասել, ուստի բռնում եւ կոտորում էին նրանց Յորդանան գետի անցումներում: Այդ ժամանակ եփրեմեաններից քառասուներկու հազար մարդ զոհուեց:
8․ Յեփթայէն վեց տարի դատաւորութիւն արեց Իսրայէլում. գաղաադացի Յեփթայէն մեռաւ եւ թաղուեց իր քաղաքում՝ Գաղաադում:
ԵՍԵԲՈՆԸ, ԵԼՈՆԸ, ԱԲԴՈՆԸ
10․ Նրանից յետոյ Իսրայէլում դատաւորութիւն արեց բեթղեհէմացի Եսեբոնը:
11․ Նա երեսուն տղայ ունէր եւ երեսուն աղջիկ: Աղջիկներին մարդու տուեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից: Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց եօթը տարի:
12․ Եսեբոնը մեռաւ եւ թաղուեց Բեթղեհէմում:
13․ Նրանից յետոյ Իսրայէլում տասը տարի դատաւորութիւն արեց զաբուղոնացի Ելոնը:
14․ Զաբուղոնացի Ելոնը մեռաւ եւ թաղուեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում:
15․ Նրանից յետոյ Իսրայէլում դատաւոր եղաւ փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին:
16․ Նա քառասուն որդի եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակներ: Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց ութ տարի:
17․ Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: