Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 12

ՍԱՄՈՒԷԼԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՏԳԱՄԸ
   
1․ Սամուէլը բոլոր իսրայէլացիներին ասաց. «Ահա ես լսեցի այն ամէնը, ինչ դուք ինձ ասացիք, եւ ես ձեզ վրայ թագաւոր դրեցի:
2․ Հիմա ձեզ թագաւորն է առաջնորդում: Ես ծերացել եմ, պէտք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մէջ են: Իմ վաղ հասակից մինչեւ այսօր ե՛ս ձեզ ղեկավարեցի:
3․ Ես, ահա, կանգնած եմ ձեր առաջ, եւ դուք Տիրոջ ու նրա օծեալի ներկայութեամբ ասացէ՛ք, թէ ես ո՞ւմ եզն եմ խլել կամ աւանակը տարել, ձեզանից ո՞ւմ նկատմամբ եմ անիրաւութիւն գործել կամ որեւէ մէկին զրկել, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել:
4․ Պատասխան տուէ՛ք ինձ, որպէսզի ես հատուցեմ ձեզ»: Սամուէլին ասացին. «Մեր դէմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ չես նեղել ու որեւէ մէկի ձեռքից ոչինչ չես խլել»:
5․ Սամուէլն ասաց ժողովրդին. «Տէրը եւ նրա օծեալը այսօր թող վկայ լինեն իմ եւ ձեր միջեւ, որ իմ ձեռքում ոչինչ չէք գտել»: Նրանք ասացին. «Թող վկայ լինի»:
6․ Սամուէլը խօսեց ժողովրդի հետ եւ ասաց. «Թող վկայ լինի Մովսէսին ու Ահարոնին իր ծառաները դարձրած եւ մեր հայրերին Եգիպտոսից հանած Տէրը:
7․ Արդ, առա՛ջ եկէք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ եւ պատմեմ ձեզ այն բոլոր բարերարութիւնները, որ Տէրն արել է ձեզ ու ձեր հայրերին:
8․ Երբ Յակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, եւ եգիպտացիները ճնշեցին նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրն առաքեց Մովսէսին ու Ահարոնին, որոնք մեր հայրերին հանեցին Եգիպտոսից եւ բնակեցրին այս վայրերում:
9․ Նրանք, սակայն, իրենց Տէր Աստծուն մոռացան, եւ նա նրանց մատնեց Ասորի արքայ Յաբինի զօրավար Սիսարայի, այլազգիների եւ Մովաբի թագաւորի ձեռքը, որոնք նրանց դէմ պատերազմ մղեցին:
10․ Նրանք աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. «Մենք մեղանչել ենք, քանզի Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղիմներին ու անտառներին: Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, եւ քե՛զ կը ծառայենք»:
11․ Տէրն առաքեց Յերոբովաղին, Բարակին, Յեփթայէին ու Սամփսոնին եւ ձեզ փրկեց շրջակայ թշնամիների ձեռքից, ու դուք բնակուեցիք ապահովութեան մէջ:
12․ Երբ տեսաք, թէ Նաաս Ամոնացին յարձակուել է ձեր երկրի վրայ, ասացիք. «Այդպէս չէ, այլ մի թագաւոր պիտի իշխի մեզ վրայ, թէեւ մեր Տէր Աստուածն էր մեր թագաւորը»:
13․ Արդ, ահաւասիկ այն թագաւորը, որին խնդրեցիք ու ընտրեցիք, Տէրը ձեզ թագաւոր տուեց:
14․ Եթէ վախենաք Տիրոջից, ծառայէք նրան, հնազանդուէք նրան, չհակառակուէք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրայ իշխող թագաւորը գնաք Տիրոջ յետեւից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագաւորի դէմ չի լինի:
15․ Իսկ եթէ չհնազանդուէք Տիրոջը, հակառակ գնաք Տիրոջ ասածին, ապա Տիրոջ ձեռքը ձեր եւ ձեր թագաւորի դէմ կը լինի:
16․ Արդ, սպասեցէ՛ք եւ տեսէ՛ք այն մեծագործութիւնները, որ Տէրը ձեր աչքերի առջեւ պիտի անի:
17․ Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, եւ նա ձեզ որոտ ու անձրեւ պիտի տայ: Դուք կ՚իմանաք ու կը տեսնէք, որ ձեզ համար թագաւոր խնդրելով՝ մեծ չարութիւն գործեցիք ձեր Տիրոջ հանդէպ»:
18․ Սամուէլը Տիրոջն աղաղակեց, ու Տէրը նոյն օրը որոտ եւ անձրեւ ուղարկեց:
19․ Ամբողջ ժողովուրդը սաստիկ վախեցաւ Տիրոջից ու Սամուէլից: Բոլորն ասացին Սամուէլին. «Քո Տէր Աստծուն աղօ՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեզ համար թագաւոր ուզելով մեր գործած բոլոր մեղքերի վրայ այդ չարիքն էլ ենք աւելացրել»:
20․ Սամուէլն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցէք, դուք թէեւ գործել էք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջ ճանապարհից մի՛ խոտորուէք եւ Տիրոջը ծառայեցէ՛ք ձեր ամբողջ հոգով:
21․ Մի՛ գնացէք սուտ աստուածների յետեւից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տայ եւ չեն փրկի, քանզի նրանք աստուածներ չեն:
22․ Տէրն իր մեծ անուան պատուի համար իր ժողովրդին չի լքի, քանզի Տէրը բարեհաճութեամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել:
23․ Քաւ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դէմ՝ հրաժարուելով ձեզ համար աղօթելուց: Ծառայեցէ՛ք Տիրոջը, եւ ես ձեզ ցոյց կը տամ բարի եւ ուղիղ ճանապարհը:
24․ Երկի՛ւղ կրեցէք Տիրոջից եւ ձեր ամբողջ սրտով, ճշմարտութեամբ ծառայեցէ՛ք նրան, քանզի տեսաք, թէ մեզ համար ինչ մեծ գործեր արեց,
25․ իսկ եթէ չարագործութիւնը շարունակէք, թէ՛ դուք, թէ՛ ձեր թագաւորը կորստեան կը մատնուէք»: