Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 13

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ
   
1․ Սաւուղը Իսրայէլում մէկ տարի թագաւորելուց յետոյ յաջորդ՝ երկրորդ տարում իսրայէլացիներից երեք հազարանոց զօրք հաւաքեց:
2․ Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում: Մնացած զինուորներին նա արձակեց, որ ամէն մէկը գնայ իր բնակութեան վայրը:
3․ Յովնաթանը կոտորեց բլրի վրայ բնակուող այլազգի Նասիբին, եւ այլազգիներն այդ իմացան: Սաւուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում եւ ասաց. «Ծառաներն արհամարհեցին մեզ»:
4․ Բոլոր իսրայէլացիները լսելով այդ՝ ասացին. «Սաւուղը կոտորել է այլազգի Նասիբին, եւ Իսրայէլն ատելի է դարձել այլազգիներին»: Եւ ժողովուրդը Սաւուղի յետեւից գնաց Գաղգաղա:
5․ Այլազգիները եւս հաւաքուեցին պատերազմելու Իսրայէլի դէմ եւ յարձակուեցին Իսրայէլի վրայ երեսուն հազար մարտակառքերով ու վեց հազար հեծեալներով, իսկ զօրքն իր բազմութեամբ նման էր ծովեզրի աւազին: Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում, Բեթորոնի դիմաց, դէպի հարաւ:
6․ Իսրայէլացիները տեսնելով որ իրենց տեղը նեղ է, եւ չեն կարող մօտենալ նրանց, թաքնուեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում,
7․ իսկ ոմանք անցան Յորդանան գետն ու գնացին Գադի եւ Գաղաադի երկիրը: Սաւուղը դեռ Գաղգաղայում էր, եւ ամբողջ ժողովուրդը դողում էր նրանից 349:
8․ Նա եօթը օր սպասեց, ինչպէս նշանակել էր Սամուէլը, սակայն Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ մարդիկ սկսեցին նրան լքել:
9․ Սաւուղն ասաց. «Մօ՛տ եկէք, որ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեմ»:
10․ Եւ ինքը ողջակէզ մատուցեց: Երբ ողջակէզ մատուցելը վերջացրեց, եկաւ Սամուէլը: Սաւուղն ընդառաջ գնաց նրան դիմաւորելու եւ ողջունելու:
11․ Սամուէլն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»: Սաւուղն ասաց. «Երբ տեսայ, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, եւ դու չեկար քո նշանակած օրը,
12․ իսկ այլազգիները հաւաքուեցին Մաքմասում, մտածեցի, թէ այլազգիները հիմա կը գան իմ դէմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջեւ դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակուեցի եւ ողջակէզ մատուցեցի»:
13․ Սամուէլն ասաց Սաւուղին. «Զուր տեղ ես արել, քանի որ չես պահել իմ պատուիրանը, որ Տէրն էր պատուիրել: Տէրը քեզ Իսրայէլի վրայ ցմահ թագաւոր պիտի դարձնէր,
14․ բայց հիմա քո թագաւորութիւնը այլեւս չի շարունակուելու: Տէրն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտռի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրայ պատուիրանով, քանզի դու չկատարեցիր այն, ինչ Տէրը պատուիրել էր քեզ»:
15․ Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով 350: Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող զինուորներին: Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սաւուղը հաշուեց իր հետ գտնուող զինուորներին եւ տեսաւ, որ ինքն ունի մօտաւորապէս վեց հարիւր զինուոր:
16․ Սաւուղը, նրա որդի Յովնաթանն ու նրա հետ եղած զօրքը հաստատուեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում:
17․ Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ աւերածութիւն գործեն: Մի գունդը դիմեց դէպի Օփիր տանող ճանապարհը, դէպի Սոգողի աղբիւրը,
18․ միւս գունդը՝ դէպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դէպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը:
19․ Ամբողջ Իսրայէլի երկրում մի դարբին չգտնուեց, քանզի այլազգիներն ասել էին. «Այնպէս անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»:
20․ Բոլոր իսրայէլացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը եւ մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը:
21․ Այգեկութի ժամանակ էր, եւ ամէն մի գործիքի արժէքը երեք սիկղ էր: Խոփի, կացնի եւ մանգաղի գինը նոյնն էր:
22․ Այնպէս պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար: Զէնք կար միայն Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մօտ:
23․ Այլազգիների բանակից մի գունդ եկաւ, որ անցնի Մաքմասից այն կողմ: