Գիրք` 7. Դատավորներ

Գլուխ 15

ՍԱՄՓՍՈՆԻ ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ
   
1․ Մի քանի օր յետոյ, ցորենի հնձի օրերին Սամփսոնը մի ուլ վերցնելով՝ այցելեց իր կնոջը եւ ինքն իրեն ասաց. «Մտնեմ սենեակ կնոջս մօտ»: Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մօտ մտնի:
2․ Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թէ դու ատեցիր նրան եւ նրան կնութեան տուի քո ընկերոջը: Չէ՞ որ նրա կրտսեր քոյրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարէն»:
3․ Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կը լինեմ այլազգիներիդ առաջ, եթէ նրանց դէմ չարութիւն անեմ»:
4․ Եւ Սամփսոնը գնաց, երեք հարիւր աղուէս բռնեց: Նա ջահեր վերցրեց եւ աղուէսներին կապեց միմեանց հետ՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մէջտեղը եւ կապեց:
5․ Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու չհնձուած ցորենը, մինչեւ անգամ այգիներն ու ձիթենիները:
6․ Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»: Եւ ասացին. «Թամնացու փեսայ Սամփսոնը, որովհետեւ կնոջ հայրը նրա կնոջն առաւ եւ նրա ընկերոջը կնութեան տուեց»: Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հօր տունը, կնոջը եւ կնոջ հօրը:
7․ Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ մի այդքան էլ անէք, դարձեալ չեմ հաշտուի, այլ ձեր ամէն մէկից իմ վրէժը պիտի լուծեմ»:
8․ Եւ մեծամեծ հարուածներով զարկեց նրանց սրունքներին ու մէջքին, եւ իջաւ բնակուեց Ետեմի քարայրում, հեղեղատի մօտ:
   
ՍԱՄՓՍՈՆԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻՆ
   

9․ Այլազգիները վեր կացան, բանակատեղի դրին Յուդայի երկրի շուրջը եւ տարածուեցին Ելքիի շուրջբոլորը:
10․ Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ»: Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարուենք այնպէս, ինչպէս նա վարուեց մեզ հետ»:
11․ Եւ Յուդայի երկրից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրայ, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»: Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպէս որ նրանք վարուեցին ինձ հետ, այդպէս էլ ես վարուեցի նրանց հետ»:
12․ Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու եւ այլազգիների ձեռքը մատնելու»: Սամփսոնը նրանց ասաց. «Երդուեցէ՛ք, որ չէք սպանի ինձ, տուէ՛ք ինձ նրանց ձեռքը, եւ դուք երբեք մի՛ հանդիպէք ինձ»:
13․ Նրանք երդուեցին նրան եւ ասացին. «Ո՛չ, քեզ կը կապենք եւ կը տանք նրանց ձեռքը, բայց քեզ չենք սպանի»: Եւ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից:
14․ Նա եկաւ մինչեւ Ծնօտ կոչուած վայրը, այլազգիներն աղաղակեցին եւ ընթացան նրա դէմ յանդիման: Տիրոջ հոգին աջակից եղաւ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրուած թելի նման, եւ կապանքները հալուեցին թափուեցին նրա բազուկներից:
15․ Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց:
16․ Սամփսոնն ասաց. «Էշի ծնօտով կը բնաջնջեմ նրանց, որովհետեւ էշի ծնօտով կոտորեցի հազար մարդ»:
17․ Եւ երբ իր խօսքը վերջացրեց, ծնօտը ձեռքից գցեց եւ այդ տեղն անուանեց Ծնօտի կոտորած:
18․ Նա խիստ ծարաւեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով յաջողեցրիր այս մեծ փրկութիւնը, իսկ հիմա ծարաւի՞ց պիտի մեռնեմ եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»:
19․ Եւ Տէրը Ծնօտ կոչուող վայրում մի անցք բացեց, նրանից ջուր դուրս եկաւ, նա խմեց, ոգի առաւ եւ զովացաւ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնօտի աղբիւր»: Եւ այն գոյութիւն ունի մինչեւ այսօր:
20․ Սամփսոնը այլազգիների իշխանութեան օրօք Իսրայէլում քսան տարի դատաւոր եղաւ: