ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
1․ Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ:
2․ Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. «Հիմա Իսրայէլի դէմ Ամաղէկի արածների համար վրէժ եմ լուծելու: Նա փակեց իսրայէլացիների ճանապարհը, երբ նրանք Եգիպտոսից դուրս էին գալիս:
3․ Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում: Նրանցից ոչ ոք չպէտք է փրկուի: Կը կոտորես նրանց ու կ՚ոչնչացնես բոլորին՝ տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ»»:
4․ Սաւուղը հրաման տուեց ժողովրդին եւ հաշուառում անցկացրեց Աղիմում: Չորս հարիւր հազարանոց հետեւակ զօրք կար, երեսուն հազարանոց հետեւակ զօրք էլ՝ Յուդայի երկրից:
5․ Սաւուղը եկաւ մինչեւ Ամաղէկի քաղաքները եւ բանակը դարանամուտ եղաւ հեղեղատում:
6․ Սաւուղն ասաց կինեցիներին. «Խո՛յս տուէք, հեռացէ՛ք ամաղէկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանզի Եգիպտոսից ելնելու ժամանակ բարեացակամ էիք եղել բոլոր իսրայէլացիների հանդէպ»:
7․ Կինեցիները Ամաղէկի զօրքից հեռացան: Սաւուղը Ամաղէկի զօրքին ջախջախեց Եւիլատայից մինչեւ Եգիպտոսի դիմաց գտնուող Սուր բնակավայրը:
8․ Նա կենդանի բռնեց Ամաղէկի թագաւոր Ագագին, իսկ Յարիմի ամբողջ ազգատոհմը սրի քաշեցին:
9․ Սաւուղը եւ ամբողջ ժողովուրդը, սակայն, կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների, արջառների հօտերը, պտղատու եւ խաղողի այգիները, ամէն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժէք ու անպէտք էր, բնաջնջեցին:
ՍԱՒՈՒՂԸ ՄԵՐԺՒՈՒՄ Է ՏԻՐՈՋԻՑ
10․ Տէրը խօսքն ուղղեց Սամուէլին՝ ասելով. «Զղջացել եմ, որ թագաւոր եմ օծել Սաւուղին, քանզի ինձնից շուռ է եկել եւ իմ խօսքերը չի պահել»:
11․ Սամուէլը տրտմեց եւ ամբողջ գիշերն աղօթեց Տիրոջը:
12․ Սամուէլն 355առաւօտ կանուխ զարթնեց ու գնաց իսրայէլացիներին դիմաւորելու: Սամուէլին յայտնեցին՝ ասելով. «Սաւուղը եկել է Կարմեղոս, իր համար յուշարձան կանգնեցրել եւ մարտակառքերը յետ դարձնելով իջել է Գաղգաղա»:
13․ Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, երբ նա Տիրոջը ողջակէզներ էր մատուցում Ամաղէկից բերած աւարի լաւագոյն մսից: Երբ Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, Սաւուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնեալ, կատարեցի այն, ինչ Տէրն ասել է»:
14․ Սամուէլն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, եւ արջառների ձայնը, որ լսում եմ»:
15․ Սաւուղն ասաց. «Ամաղէկի երկրից բերեցի, քանզի ժողովուրդը ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն քո Տէր Աստծուն, իսկ միւսները կոտորեցի»:
16․ Սամուէլն ասաց Սաւուղին. «Լսի՛ր, քեզ յայտնեմ այն, ինչ այս գիշեր Տէրն ասաց ինձ»:
17․ Նա ասաց նրան. «Խօսի՛ր»: Եւ Սամուէլն ասաց Սաւուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայէլի ազգատոհմերի զօրավար դարձար, եւ Տէրը քեզ Իսրայէլի վրայ թագաւոր օծեց:
18․ Տէրը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. «Գնա՛ եւ ինձ դէմ մեղանչած Ամաղէկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչեւ որ բնաջնջես նրանց»:
19․ Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ աւարի վրայ ընկնելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջեւ»:
20․ Սաւուղն ասաց Սամուէլին. «Ես անսացի ժողովրդի ձայնին եւ գնացի այն ճանապարհով, որով Տէրն էր առաքել ինձ. Ամաղէկի թագաւոր Ագագին գերեցի, իսկ Ամաղէկի ժողովրդին կոտորեցի:
21․ Ժողովուրդն այդ աւարից առաւ ընտիր ոչխարների հօտեր ու արջառներ, որպէսզի Գաղգաղայում մորթելով՝ Տէր Աստծու համար զոհեր մատուցեն»:
22․ Սամուէլն ասաց. «Միթէ Տիրոջ համար աւելի հաճելի՞ են ողջակէզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը: Հնազանդութիւնն աւելի լաւ է, քան ընտիր զոհը, եւ անսալն աւելի լաւ է, քան խոյերի ճարպը:
23․ Կախարդութիւն անելը մեղք է, եւ կուռքերը միայն ցաւ ու տառապանք են պատճառում: Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խօսքը, Տէրն էլ քեզ պիտի մերժի իբրեւ Իսրայէլի թագաւոր»:
24․ Սաւուղն ասաց Սամուէլին. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ եւ քո խօսքերը:
25․ Վախեցայ ժողովրդից եւ նրա ձայնին անսացի: Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հետ վերադարձի՛ր, որ քո Տէր Աստծո՛ւն երկրպագեմ»:
26․ Սամուէլն ասաց Սաւուղին. Ես քեզ հետ չեմ վերադառնայ, քանզի արհամարհեցիր Տիրոջ խօսքը, եւ Տէրը քեզ մերժեց իբրեւ Իսրայէլի թագաւոր»:
27․ Սամուէլը երեսը դարձրեց, որ գնայ, բայց Սաւուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն:
28․ Սամուէլն ասաց նրան. «Տէրն այսօր քո վրայից վերցրեց Իսրայէլի թագաւորութիւնը եւ այն տալու է քեզանից լաւ ընկերոջդ:
29․ Իսրայէլը երկու մասի է բաժանուելու, եւ Տէրն իր խօսքից յետ չի դառնալու ու չի զղջալու, քանզի նա մարդ չէ, որ զղջայ:
30․ Նա սպառնացող է»: Սաւուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու իսրայէլացիների առաջ ինձ պատուի՛ր, վերադարձի՛ր ինձ հետ, եւ ես կ՚երկրպագեմ քո Տէր Աստծուն»:
31․ Սամուէլը Սաւուղի մօտ վերադարձաւ, եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արեց:
32․ Սամուէլն ասաց. «Ինձ մօ՛տ բերէք Ամաղէկի թագաւոր Ագագին»: Ագագը դողալով մօտեցաւ եւ ասաց. «Մի՞թէ այսպէս դառն է մահը»:
33․ Սամուէլն ասաց Ագագին. «Ինչպէս որ քո սուրը կանանց որդեկորոյս դարձրեց, նոյն ձեւով էլ որդեկորոյս կը լինի քո մայրը կանանց մէջ»: Սամուէլն Ագագին սպանեց Տիրոջ առջեւ Գաղգաղայում:
34․ Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը:
35․ Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում: Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: