Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 16

ՏԷՐԸ ԴԱՒԹԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՈՐՊԷՍ ՆՈՐ ԹԱԳԱՒՈՐ
   
1․ Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց: Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրել»:
2․ Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ: Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»: Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել:
3․ Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ: Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»:
4․ Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ: Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանող»:
5․ Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել: Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»: Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց:
6․ Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»:
7․ Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել: Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»:
8․ Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից: Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»:
9․ Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»:
10․ Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին.
11․ «Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»: Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»: Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում»: Սամուէլն ասաց Յեսսէին. «Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայ»:
12․ Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան: Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար 356գեղանի տեսքով:
13․ Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»: Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան: Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ: Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ:
   
ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ՊԱԼԱՏՈՒՄ
   
14․ Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նրան:
15․ Ծառաներն ասացին նրան. «Ահա Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի խեղդում է քեզ:
16․ Թող քո առաջ կանգնած ծառաներդ խօսեն եւ խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ գիտի նուագել, եւ հէնց որ Աստծուց ուղարկուած չար ոգին քեզ վրայ հասնի, նա քնար նուագելով կ՚երգի, դա քեզ հաճելի կը լինի եւ կը հանգստացնի քեզ»:
17․ Սաւուղն իր ծառաներին ասաց. «Գտէ՛ք մի մարդ, որ լաւ է նուագում, եւ նրան բերէ՛ք ինձ մօտ»
18․ Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով: Եւ Տէրը նրա հետ է»:
19․ Սաւուղը պատգամաւորներ ուղարկելով Յեսսէի մօտ՝ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո որդի Դաւթին՝ քո հօտի պահապանին»
20․ Յեսսէն առաւ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ եւ իր որդի Դաւթի հետ ուղարկեց Սաւուղին:
21․ Դաւիթն եկաւ Սաւուղի մօտ ու կանգնեց նրա առջեւ: Սաւուղը նրան շատ սիրեց, եւ նա նրա կապարճակիրը դարձաւ:
22․ Սաւուղը Յեսսէին լուր ուղարկեց՝ ասելով. «Դաւիթը թող ինձ մօտ մնայ, քանզի իմ առաջ նա շնորհ գտաւ»:
23․ Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին: Սաւուղը հանգստանում էր, եւ չար ոգին նրանից հեռանում էր: