Գիրք` 7. Դատավորներ

Գլուխ 17

ՄԻՔԱՆ ԵՒ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՎԱՅՐԸ
   
1․ Եփրեմի լերան վրայ Միքա անունով մի մարդ կար:
2․ 331 Նա իր մօրն ասաց. «Այն հազար հարիւր արծաթը, որ վերցուել է քեզնից, եւ որի համար անէծք տուիր եւ ասացիր իմ ականջին, թէ՝ «Այն արծաթն ինձ մօտ է», ես եմ վերցրել այն»: Նրա մայրն ասաց. «Որդեա՛կ իմ, օրհնեալ լինես Տիրոջից»:
3․ Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը: Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածոյ կուռք շինելու համար: Հիմա այն քեզ եմ վերադարձնում»:
4․ Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց: Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք շինեց դրանից, որը մնաց Միքայի տանը:
5․ Միքայի տունը նրա համար աստծու տուն եղաւ: Եւ նա եփուդ 332 ու թերափ 333 շինեց. ձեռնադրեց իր որդիներից մէկին, եւ սա նրա համար քահանայ եղաւ:
6․ Այդ օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին:
7․ Յուդայի ազգատոհմից, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, մի պատանի կար, որ ղեւտացի էր եւ այնտեղ էր բնակւում:
8․ Այս մարդը Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնաց պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար: Նա ճանապարհորդելով եկաւ մինչեւ Եփրեմի լեռը եւ մինչեւ Միքայի տունը:
9․ Միքան նրան ասաց. «Ո՞րտեղից ես գալիս»: Նա ասաց.«Ես ղեւտացի եմ, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար»:
10․ Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մօտ, ինձ համար հայր եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ ուտելիք կը տամ, որով կ’ապրես»:
11․ Ղեւտացին գնաց եւ ապաստանեց այդ մարդու մօտ: Այս պատանին նրա համար եղաւ ինչպէս իր որդիներից մէկը:
12․ Միքան ղեւտացուն ձեռնադրեց, եւ պատանին նրա համար քահանայ եղաւ եւ ապրում էր Միքայի տանը:
13․ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տէրն ինձ բարիք արեց, քանի որ այս ղեւտացին ինձ համար քահանայ եղաւ»: Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար: