ԴԱՒԻԹԸ ԵՒ ԳՈՂԻԱԹԸ
1․ Այլազգիներն իրենց զօրքը հաւաքեցին, որ պատերազմեն: Նրանք հաւաքուեցին Հրէաստանի Սոկքով վայրում եւ բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջեւ:
2․ Սաւուղն ու իսրայէլացիները նոյնպէս համախմբուեցին հովիտներում եւ պատերազմի ճակատ կազմեցին այլազգիների դէմ:
3․ Այլազգիները լերան այն կողմում էին, իսկ իսրայէլացիները լերան այս կողմում էին. նրանց միջեւ հովիտ կար:
4․ Այլազգիների ճակատից գէթցի մի զօրեղ մարդ դուրս եկաւ, որի անունն էր Գողիաթ: Նրա հասակի բարձրութիւնը վեց կանգուն եւ մէկ թիզ էր,
5․ գլխին սաղաւարտ կար, հագել էր պղնձից ու երկաթից լանջապանակ, մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր 357:
6․ Նրա ազդրերին պղնձէ սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձէ վահան:
7․ Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթէ տէգը վեց հարիւր սիկղ էր կշռում 358:
8․ Նա եկաւ կանգնեց, ձայն տուեց իսրայէլացիների բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ էք մեր դէմ ելել պատերազմելու: Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սաւուղի ստրուկներ: Ձեր միջից ընտրեցէ՛ք մի մարդ, որ իմ դէմ ելնի:
9․ Եթէ նա կարողանայ կռուել իմ դէմ եւ ինձ սպանել, մենք ձեզ ծառայ կը լինենք, իսկ եթէ ես յաղթեմ ու սպանեմ նրան, դո՛ւք մեզ ծառայ կը լինէք ու մեզ կը ծառայէք»:
10․ Այլազգին աւելացրեց. «Ահաւասիկ ես այսօր Իսրայէլի զօրքը խայտառակելու եմ: Մի մարդ տուէ՛ք, եւ ես ու նա երկուսով մենամարտենք»:
11․ Երբ Սաւուղն ու բոլոր իսրայէլացիները լսեցին այլազգու խօսքերը, ահաբեկուեցին, շատ վախեցան:
ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ԲԱՆԱԿԱՏԵՂԻՈՒՄ
12․ 359Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից եփրաթացի մի մարդ կար, նրա անունը Յեսսէ էր: Նա մի որդի ունէր: Յեսսէն ութ որդի ունէր: Սաւուղի օրօք նա ծերութեան հասած մարդ էր:
13․ Յեսսէի երեք աւագ որդիները Սաւուղի հետ պատերազմի էին գնացել: Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ եւ երրորդինը՝ Սամաա:
14․ Դաւիթը կրտսերն էր, իսկ երեք աւագ որդիները գնացել էին Սաւուղի հետ:
15․ Դաւիթը Սաւուղի մօտից վերադարձաւ, որ Բեթղեհէմում գտնուող իր ոչխարներն արածեցնի:
16․ Այն այլազգին քառասուն օր, առաւօտ կանուխ ու երեկոյեան, գալիս արձանացած կանգնում էր իսրայէլացիների առաջ:
17․ Յեսսէն ասաց իր որդի Դաւթին. Այս մէկ արդու խարկած ցորենը եւ տասը նկանակը ա՛ռ ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին: Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին:
18․ Նաեւ իմացի՛ր, թէ եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, եւ հարցրո՛ւ, թէ որեւէ բանի պէտք ունե՞ն»:
19․ Սաւուղը եւ բոլոր իսրայէլացիները Կաղնու հովտում էին հաւաքուել, որ այլազգիների դէմ պատերազմեն:
20․ Դաւիթը վաղ առաւօտեան վեր կացաւ եւ ոչխարներին թողնելով հովիւներին՝ այդ բաներն առաւ ու գնաց, ինչպէս Յեսսէն էր հրամայել իրեն: Երբ հասաւ տափարակ տեղը, զօրքերն արդէն շարուել էին՝ ճակատ կազմելու եւ պատերազմի աղաղակներ էին արձակում:
21․ Իսրայէլացիները եւ այլազգիները միմեանց դէմ էին կանգնել ճակատ առ ճակատ:
22․ Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ:
23․ Մինչ նա խօսում էր, այլազգիների ճակատից դուրս եկաւ յամինացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ: Նա գէթացի էր: Նա կրկնեց նոյն խօսքերը, եւ Դաւիթը լսեց դրանք:
24․ Բոլոր իսրայէլացիներն այդ մարդուն տեսնելով՝ նրա առաջից փախան եւ սաստիկ վախեցան:
25․ Իսրայէլացիներն ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայէլին խայտառակելու է դուրս եկել: Ով որ սպանի նրան, արքան մեծ հարստութեամբ կը լիացնի նրան, իր աղջկան նրան կնութեան կը տայ եւ նրա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ կը դարձնի»:
26․ Դաւիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կ՚անեն այն մարդուն, որ այլազգուն կը սպանի եւ Իսրայէլի նախատինքը կը վերացնի: Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զօրքին վիրաւորանք է հասցնում»:
27․ Եւ ժողովուրդը նոյն խօսքերը կրկնելով՝ նրան ասաց. «Այսպէս ու այսպէս կը լինի այն մարդը, որ կը սպանի նրան»:
28․ Երբ նրա աւագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրոյցը այդ մարդկանց հետ, Դաւթի վրայ խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես յանձնել այն փոքրաթիւ ոչխարները: Ես գիտեմ քո մեծամտութիւնը եւ սրտի չարութիւնը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»:
29․ Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»:
30․ Եւ նրանից հեռանալով՝ նոյն հարցը տուեց, եւ մարդիկ նոյն խօսքերով պատասխան տուեցին:
31․ Դաւթի խօսակցութիւնը յայտնի դարձաւ, եւ երբ այդ մասին պատմեցին Սաւուղին, նա նրան կանչել տուեց իր մօտ:
32․ Դաւիթն ասաց Սաւուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրուի:
33․ Քո ծառան կը գնայ ու կը մենամարտի այդ այլազգու դէմ»: Սաւուղն ասաց Դաւթին. «Գուցէ չկարողանաս գնալ կռուել այլազգու դէմ, քանզի պատանի ես, իսկ նա մանկութիւնից ի վեր պատերազմող մարդ է եղել»:
34․ Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ երբ առիւծ կամ արջ էր գալիս եւ հօտից ոչխար էր տանում,
35․ ես նրան հետապնդում էի, զարկում եւ կորզում ոչխարը նրա երախից: Իսկ եթէ ինձ վրայ էր յարձակւում, բռնում էի նրա կոկորդից, հարուածում ու սպանում նրան:
36․ Քո ծառան առիւծ էլ է սատկեցրել, արջ էլ: Նոյն կերպ կը վարուեմ ես այդ անթլփատ այլազգու հետ: Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան եւ այսօր եւեթ վերացնեմ Իսրայէլի նախատինքը: Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զօրքն է նախատել»:
37․ Դաւիթն ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»:
38․ Սաւուղն ասաց. «Գնա՛, Տէրը քեզ հետ թող լինի»: Սաւուղը Դաւթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձէ սաղաւարտը եւ հագցրեց իր զրահները:
39․ Դաւիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից եւ գնալ-գալիս մէկ երկու անգամ սայթաքեց: Դաւիթը Սաւուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետեւ սովոր չեմ». եւ զրահը հանեցին նրա վրայից:
ԴԱՒԻԹԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԳՈՂԻԱԹԻՆ
40․ Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր հաւաքել: Նա պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դէպի այլազգին:
41․ Այլազգին նոյնպէս եկաւ ու մօտեցաւ Դաւթին:
42․ Նրա վահանակիրն իր առջեւից էր գնում: Երբ այլազգին նայեց ու տեսաւ Դաւթին, արհամարհեց նրան, քանզի նա խարտեաշ ու գեղեցիկ աչքերով մի պատանեակ էր:
43․ Այլազգին ասաց Դաւթին. «Ինչպէ՞ս թէ, մի՞թէ ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրայ»: Դաւիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»: Եւ այլազգին իր աստուածներով նզովելով Դաւթին՝ ասաց նրան.
44․ «Ե՛կ ինձ մօտ, եւ ես քո մարմինը կը տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»:
45․ Դաւիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրայ ես յարձակւում սրով, գեղարդով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ յարձակւում Իսրայէլի զօրքի զօրութիւնների Տիրոջ անունով, Իսրայէլի, որին դու այսօր նախատեցիր:
46․ Տէրը քեզ այսօր իմ ձեռքը կը մատնի, ես կը սպանեմ քեզ, քո գլուխը կը կտրեմ, քո լէշն ու այլազգիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կը տամ: Ամբողջ երկիրը կ՚իմանայ, թէ Աստուած գոյութիւն ունի Իսրայէլի մէջ,
47․ այս ամբողջ բազմութիւնը կ՚իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»:
48․ Վեր կացաւ այլազգին ու եկաւ մօտեցաւ Դաւթին, իսկ Դաւիթն շտապեց եւ այլազգու դէմ ճակատելու գնաց:
49․ Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին: Քարը սաղաւարտը ծակելով մտաւ ճակատի մէջ, եւ Գողիաթը երեսնիվայր գետին ընկաւ:
50․ Այսպիսով Դաւիթը պարսատիկով ու քարով յաղթեց այլազգուն, հարուածեց ու սպանեց նրան:
51․ Դաւթի ձեռքին, սակայն, սուր չկար, ուստի Դաւիթը վազեց, կանգնեց այլազգու վրայ, բռնեց նրա սուրը, բռնելով քաշեց հանեց պատեանից, սպանեց ու գլխատեց նրան:
52․ Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան: Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝ աղաղակեցին, յարձակուեցին ու հետապնդեցին նրանց մինչեւ Գէթի մուտքը եւ Ակկարոնի դարպասները: Վիրաւոր այլազգիներն ընկան ճանապարհների վրայ մինչեւ Գէթի ու Ակկարոնի դարպասները:
53․ Իսրայէլացիները այլազգիներին հալածելուց յետոյ վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին:
54․ Դաւիթը վերցրեց այլազգու գլուխը եւ այն բերեց Երուսաղէմ, իսկ նրա զէնքերը բերեց իր վրանը:
ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ԱՌԱՋ
55․ Երբ Սաւուղը տեսաւ այլազգու դէմ յարձակուած Դաւթին, ասաց զօրքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանեակը»:
56․ Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛յ, չգիտեմ»: Արքան ասաց. «Հարցրո՛ւ եւ իմացի՛ր, թէ ո՞ւմ որդին է այդ պատանեակը»:
47․ Երբ Դաւիթը վերադարձաւ այլազգուն սպանելուց յետոյ, Աբենները նրան տարաւ Սաւուղի մօտ: Այլազգու գլուխը Դաւթի ձեռքին էր:
58․ Սաւուղը հարցրեց նրան. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»: Դաւիթն ասաց. «Քո ծառայ Յեսսէ Բեթղեհէմացու որդին եմ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: