ՄԻՔԱՆ ԵՒ ԴԱՆԻ ՑԵՂԸ
1. Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակուելու կալուածք էր փնտռում, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայէլի ցեղերի մէջ նրան կալուածք չէր հասել:
2. Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ Եսթաւուլից, որ գնան լրտեսեն եւ հետախուզեն այդ երկիրը: Նրանց ասացին. «Գնացէ՛ք, զննեցէ՛ք այն երկիրը»: Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչեւ Միքայի տունը եւ գիշերեցին այնտեղ:
3. Եւ մինչդեռ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղեւտացի պատանու ձայնը, մտան նրա մօտ եւ ասացին նրան. «Ո՞վ բերեց քեզ այստեղ, ի՞նչ ես անում եւ ի՞նչ գործ ունես այստեղ»:
4. Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, եւ ես նրա համար քահանայ եղայ»:
5. Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թէ յաջող կը լինի՞ մեր գնացած ճանապարհը»:
6. Քահանան նրանց ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»:
7. Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին: Այդ երկրում իշխանութիւն ունեցող մէկը չկար, որ բան ասէր, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ասորեստանցիների հետ գործ չունէին:
8. Այդ հինգ մարդիկ եկան Սարաա եւ Եսթաւուլ իրենց եղբայրների մօտ: Նրանց եղբայրներն իրենց ասացին. «Ինչո՞ւ էք նստել»:
9. Նրանք ասացին. «Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակւում է անհոգ՝ սիդոնացիների նման. նրանք հեռու են Սիդոնից եւ ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ: Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ տեսանք այն երկիրը, որ շատ լաւն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ էք: Հիմա ինչո՞ւ էք յապաղում գնալու մտնելու եւ ժառանգելու այն երկիրը:
10. Երբ որ գնաք, կը տիրէք մի անհոգ ժողովրդի եւ ընդարձակ երկրի, որովհետեւ Աստուած այն մատնել է մեր ձեռքը: Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրայ եղած ոչ մի բանի պակասութիւն չկայ»:
11. Եւ այնտեղից՝ Սարաայից եւ Եսթաւուլից գնացին Դանի ազգատոհմից վեց հարիւր մարդիկ՝ զինուած պատերազմական զէնքերով:
12. Գնացին բանակատեղի դրին Յուդայի երկրի Կարիաթարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչեւ այսօր կոչւում է Դանի բանակատեղի, որ Կարիաթարիմի ետեւի կողմում է:
13. Այնտեղից անցան, եկան մինչեւ Եփրեմի լեռը եւ հասան մինչեւ Միքայի տունը:
14. Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին լրտեսելու Լայիսա երկիրը, պատասխանեցին եւ ասացին իրենց եղբայրներին. «Գիտէ՞ք, որ այս տներում եփուդ, թերափ եւ ձուլածոյ կուռք կայ: Հիմա տեսէ՛ք, թէ ինչ պիտի անէք»:
15. Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին:
16. Իսկ Դանի որդիներից պատերազմական զէնքով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մօտ:
17. Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը լրտեսելու, յարձակուեցին, վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն: Քահանան եւ պատերազմական զէնքերով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնել էին դռան մուտքի մօտ:
18. Երբ նրանք Միքայի տունը մտան եւ վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ էք անում»:
19. Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանիդ վրայ դի՛ր, ե՛կ մեզ հետ եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. մի՞թէ քեզ համար աւելի լաւ է միայն մէկ մարդու տան քահանայ լինել, քան Իսրայէլի մէկ ցեղի եւ ազգատոհմի քահանայ»:
20. Քահանայի սիրտը զուարթացաւ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակած ու ձուլածոյ կուռքերը եւ մտաւ զօրքի մէջ:
21. Նրանք ետ դարձան գնացին եւ նրանց առաջ աւերեցին նրա ամբողջ տունն ու շքեղ ունեցուածքը:
22. Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան եւ նրա տանը եղած մարդիկ բողոք բարձրացրին եւ հասան Դանի որդիների յետեւից:
23. Դանի որդիները շուռ եկան եւ ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»:
24. Միքան ասաց. «Ինձ համար իմ շինած աստուածները եւ իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, եւ ինչո՞ւ էք ասում ինձ, թէ՝ «Ինչու ես աղաղակում»»:
25. Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսուի մեր ետեւից, թէ չէ քեզ կը հանդիպեն բարկացած սրտով մարդիկ եւ կը կործանեն քեզ ու քո ընտանիքը»:
26. Եւ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով: Միքան տեսնելով, որ նրանք իրենից զօրաւոր են, վերադարձաւ իր տունը:
27. Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային եւ գնացին Լայիսա՝ հանգիստ եւ վստահ ու անհոգ ժողովրդի վրայ, նրանց սրի քաշեցին եւ քաղաքն այրեցին:
28. Ոչ ոք չկար, որ փրկէր նրանց, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ոչ մի գործ չունէին որեւէ մարդու հետ: Այդ քաղաքը Ռոբի հովտի մէջ էր: Քաղաքը շինեցին եւ այնտեղ բնակուեցին.
29. եւ քաղաքի անունը իսրայէլական ծագում ունեցող իրենց հօր անունով Դան կոչեցին. իսկ նախապէս քաղաքի անունը Լայիսա էր:
30. Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասէի որդի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիները մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քուրմերն էին:
31. Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովի մէջ էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: