Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 18

1․ Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յովնաթանը հոգով կապուեց Դաւթին:
2․ Յովնաթանը նրան իր անձի պէս սիրեց: Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը:
3․ Յովնաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յովնաթանը նրան իր անձի պէս էր սիրում:
4․ Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին:
5․ Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում: Սաւուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, եւ նա ամբողջ ժողովրդի, ինչպէս նաեւ Սաւուղի ծառաների աչքին հաճելի դարձաւ:
   
ՍԱՒՈՒՂԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ ԴԱՒԹԻՆ
   
6․ Երբ նրանք պատերազմից գալիս էին, եւ Դաւիթը այլազգուն սպանելուց յետոյ վերադառնում էր, Իսրայէլի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմաւորեցին Դաւթին, թմբուկներով, ուրախութեան բացականչութիւններով ու ծնծղաներով ընդառաջ եկան Սաւուղ արքային:
7․ Պարող կանայք երգելով ասում էին. «Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդկանց սպանեց»:
8․ Սաւուղը զայրացաւ այդ խօսքերի համար եւ ասաց. «Բազմահազարը Դաւթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը: Արդ, նրան ի՞նչ է պակասում բացի թագաւորութիւնից»:
9․ Այն օրից Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւթին:
10․ Հետեւեալ օրը Աստծուց ուղարկուած չար ոգին պատեց Սաւուղին, եւ սա ցնորամիտ դարձաւ իր տան մէջ: Դաւիթն, ինչպէս միշտ, իր ձեռքով քնար էր նուագում, իսկ Սաւուղի ձեռքին գեղարդ կար:
11․ Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարուածեմ ու Դաւթին պատին գամեմ»: Սաւուղը նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ նրանից խոյս տուեց:
12․ Սաւուղը Դաւթի ներկայութիւնից վախենում էր, որովհետեւ Տէրը նրա հետ էր, իսկ Սաւուղից հեռացել էր:
13․ Սաւուղը նրան հազարապետ կարգելով՝ իր մօտից հեռացրեց, եւ Դաւիթը ժողովրդի մէջ ելումուտ էր անում:
14․ Դաւիթն ամէն գործում խելամիտ էր, եւ Տէրը նրա հետ էր:
15․ Երբ Սաւուղը տեսաւ, որ նա չափազանց իմաստուն է, երկիւղ էր կրում նրանից:
16․ Բոլոր իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները սիրում էին Դաւթին, քանզի նա էր նրանց մօտ ելումուտ անողը:
17․ Սաւուղն ասաց Դաւթին. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին քեզ կնութեան եմ տալու, միայն թէ դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ պատերազմները վարի՛ր»: Սաւուղը մտածում էր. «Թող իմ ձեռքը նրա դէմ չլինի, այլ թող այլազգիների ձեռքը նրա դէմ լինի»:
18․ Դաւիթն ասաց Սաւուղին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, եւ ի՞նչ է իմ հօր ազգատոհմը Իսրայէլի մէջ, որ արքային փեսայ դառնամ»:
19․ Եւ այդ ժամանակ, երբ Սաւուղի դուստր Մերոբը կնութեան պիտի տրուէր Դաւթին, Մոլաթացի Եզրիէլի՛ն կնութեան տրուեց:
   
ԴԱՒԻԹՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ԱՂՋԿԱՅ ՀԵՏ
   
20․ Սաւուղի դուստր Մեղքողը սիրեց Դաւթին, ու երբ այդ մասին յայտնեցին Սաւուղին, դա նրան հաճելի թուաց:
21․ Սաւուղը մտածեց. «Նրան կնութեան տամ, որ նա նրա համար որոգայթ դառնայ»: Եւ այլազգիների ձեռքը Սաւուղի վրայ էր 360: Սաւուղն ասաց Դաւթին. «Այսօր դու ինձ երկու աղջիկներով փեսայ դարձար»:
22․ Սաւուղն իր ծառաներին պատուիրեց՝ ասելով. «Դաւթի հետ ծածուկ խօսելով՝ ասացէ՛ք. «Արքան քեզ հաւանել է, եւ նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛յ դարձիր արքային»»:
23․ Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւթի ականջին հասցրին: Դաւիթն ասաց. «Ձեզ թւում է հե՞շտ բան է արքային փեսայ դառնալը: Ես մի խեղճ ու աննշան մարդ եմ»:
24․ Սաւուղի ծառաները հաղորդեցին նրան Դաւթի պատասխանը: Սաւուղն ասաց. «Այսպէ՛ս ասացէք Դաւթին.
25․ «Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի»»: Սաւուղը մտածում էր Դաւթին այլազգիների ձեռքը յանձնել:
26․ Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հաճելի թուաց արքային փեսայ դառնալը:
27․ Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատուած անդամները, լցրեց արքայի առջեւ եւ արքային փեսայ դարձաւ. Սաւուղն իր դուստր Մեղքողին նրան կնութեան տուեց:
28․ Սակայն երբ Սաւուղը տեսաւ ու հասկացաւ, թէ Տէրը Դաւթի հետ է, եւ ամբողջ Իսրայէլը սիրում է նրան, սկսեց առաւել եւս վախենալ Դաւթից:
29․ Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դաւթին:
30․ Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք երկար ժամանակ էին նախապատրաստւում դրան. ամէն անգամ Դաւիթն աւելի խորագէտ էր գործում, քան Սաւուղի բոլոր ծառաները, ուստի նրա անունը գնալով աւելի էր փառաւորւում: