ՅՈՎՆԱԹԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԴԱՒԹԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ
1․ Սաւուղը խօսեց իր Յովնաթան որդու եւ իր բոլոր ծառաների հետ՝ Դաւթին սպանելու համար:
2․ Սաւուղի որդի Յովնաթանը, սակայն, շատ էր սիրում Դաւթին եւ այս բանը հաղորդեց նրան՝ ասելով. «Իմ հայրը մտադիր է քեզ սպանել, ուստի զգո՛յշ եղիր վաղն առաւօտեան, թաքնուի՛ր ու նստի՛ր թաքստոցում:
3․ Ես դուրս կը գամ ու կը կանգնեմ հօրս մօտ, այն դաշտում, ուր դու կը լինես: Ես իմ հօր հետ կը խօսեմ քո մասին, կը տեսնեմ, թէ ինչ կ՚ասի եւ կը յայտնեմ քեզ»:
4․ Եւ Յովնաթանը Դաւթի մասին նպաստաւոր խօսքեր ասելով իր հօրը՝ Սաւուղին, աւելացրեց. «Թող արքան իր ծառայ Դաւթի դէմ մեղք չգործի, քանզի նա ոչ մի մեղք չի գործել քո դէմ: Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել:
5․ Նա իր անձը վտանգի ենթարկելով՝ սպանել է այլազգուն՝ Գողիաթին, Տէրը մեծ փրկութիւն է շնորհել, եւ ամբողջ Իսրայէլն այդ տեսնելով՝ ուրախացել է: Ինչո՞ւ Դաւթին ի զուր սպանելով անմեղ արեան մեղքի տակ մտնես»:
6․ Սաւուղն անսաց Յովնաթանի խօսքին ու երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը. նա չպիտի մեռնի»:
7․ Յովնաթանը կանչեց Դաւթին եւ հաղորդեց նրան այս բոլոր խօսքերը: Յովնաթանը Դաւթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա Դաւթին վերաբերուեց այնպէս, ինչպէս նախկինում:
8․ Դարձեալ պատերազմ եղաւ, ու Դաւիթը դուրս եկաւ այլազգիների դէմ պատերազմի: Նա նրանց շատ մեծ ջարդ տուեց, եւ նրանք փախան նրա առջեւից:
9․ Տիրոջ չար ոգին իջաւ Սաւուղի վրայ. սա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դաւիթը քնար էր նուագում:
10․ Սաւուղը փորձեց Դաւթին գեղարդով պատին գամել, սակայն նա Սաւուղի հարուածից խոյս տուեց. գեղարդը պատին խրուեց, իսկ Դաւիթը փախչելով ազատուեց:
11․ Այդ գիշեր Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթի տունը, որ հետեւեն եւ առաւօտեան սպանեն նրան: Դաւթի կին Մեղքողն այդ մասին նրան յայտնելով՝ ասաց. «Եթէ այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կը մեռնես»:
12․ Մեղքողը Դաւթին պատուհանից իջեցրեց, եւ սա փախչելով փրկուեց:
13․ Մեղքողը մի խրտուիլակ բերեց ու դրեց մահճի վրայ, նաեւ այծի լեարդ ու սնարին՝ մազի կծիկ եւ ծածկոցով ծածկեց:
14․ Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթին բռնելու. եկան ասացին Սաւուղին, թէ նա հիւանդ է:
15․ Դարձեալ մարդ ուղարկեց Դաւթի յետեւից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մօտ բերէ՛ք, որ սպանեմ»:
16․ Մարդիկ եկան եւ տեսան, որ մահճի մէջ խրտուիլակ էր դրուած, այծի լեարդ եւ սնարին՝ մազի կծիկ:
17․ Սաւուղն ասաց Մեղքողին. «Ինչո՞ւ ինձ այսպէս խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, եւ նա փրկուեց»: Մեղքողն ասաց Սաւուղին. «Ինքն ասաց, թէ՝ «Արձակի՛ր ինձ, ապա թէ ոչ՝ քեզ կը սպանեմ»»:
18․ Դաւիթը փախչելով փրկուեց, եկաւ Արիմաթէմ, Սամուէլի մօտ, նրան պատմեց ամէն ինչ, որ Սաւուղն արել էր իր նկատմամբ: Սամուէլն ու Դաւիթը գնացին ու բնակուեցին Ռամայի Նաւաթ բնակավայրում:
19․ Սաւուղին իմաց տուեցին, թէ՝ «Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրում է»:
20․ Սաւուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դաւթին, բայց երբ նրանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուէլին, Աստծու հոգին Սաւուղի մարդկանց վրայ իջաւ, եւ նրանք էլ մարգարէացան:
21․ Սաւուղին պատմեցին եղելութիւնը, նա այլ մարդկանց ուղարկեց, եւ սրանք եւս մարգարէացան: Սաւուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարէացան:
22․ Սաւուղը խիստ բարկացաւ, ինքը գնաց Արիմաթէմ ու հասնելով մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց. «Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը»:
23․ Նրան ասացին. «Ռամայի Նաւաթ բնակավայրում»: Նա այնտեղից գնաց Ռամայի Նաւաթ բնակավայրը, Աստծու հոգին իջաւ նրա վրայ, եւ նա ճանապարհը շարունակելով՝ մինչեւ Ռամայի Նաւաթ բնակավայրը հասնելը մարգարէութիւն էր անում:
24․ Նա հանեց իր զգեստները ու նրանց առջեւ մարգարէանում էր: Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին: Դրա համար են ասում, թէ՝ «Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ 361»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: