Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 21

ԴԱՒԻԹԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻՑ
   
1․ Դաւիթը եկաւ Նոմբա, Աքիմելէք քահանայի մօտ: Աքիմելէքը նրան տեսնելով՝ զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկայ քեզ հետ»:
2․ Դաւիթն ասաց Աքիմելէք քահանային. «Արքան այսօր ինձ մի գործ է յանձնարարել եւ ասել է ինձ. «Ոչ ոք չիմանայ, թէ ինչու եմ քեզ ուղարկում եւ թէ ինչ եմ պատուիրել քեզ»: Ես իմ ծառաներին յանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչւում է փելմոնի ելմոնի, այսինքն՝ Աստծու հաւատարմութիւն:
3․ Արդ, եթէ հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ: Կամ էլ իմ պէտքերի համար տո՛ւր, ինչքան որ կայ»:
4․ Աստծու քահանան պատասխան տալով՝ ասաց Դաւթին. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց: Եթէ քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»:
5․ Դաւիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երէկուանից ու նախորդ օրուանից: Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրուել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրուի իմ գործով»:
6․ Աքիմելէք քահանան տուեց նրան առաջաւորութեան հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն՝ առաջաւորութեան հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարէն տաք հաց դնելու համար:
7․ Այն օրն այդտեղ էր գտնւում Սաւուղի ծառաներից մէկը, որը Տիրոջ առջեւ դիւահարութեամբ էր բռնուած: Նրա անունն էր Դովեկ Ասորի: Նա Սաւուղի ջորիներն էր արածեցնում:
8․ Դաւիթն ասաց Աքիմելէքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞յ: Իմ սուրն ու զէնք ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»:
9․ Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Եղա հովտում: Դա շորով փաթաթուած ու դրուած է վակասի յետեւը: Եթէ ուզում ես, վերցրո՛ւ, քանզի, բացի դրանից, այստեղ ոչինչ չկայ»: Դաւիթն ասաց. «Դրա նմանը չկայ, տո՛ւր ինձ այն»: Եւ նա դա տուեց նրան:
10․ Դաւիթն այդ օրը ելաւ ու փախաւ Սաւուղի առաջից եւ եկաւ Գէթի արքայ Անքուսի մօտ:
11․ Անքուսի ծառաներն ասացին նրան. «Սա Դաւիթը չէ՞, այն երկրի թագաւորը: Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. «Սաւուղը հազար սպանեց, իսկ Դաւիթը՝ հազարաւորներ»»:
12․ Դաւիթն այս խօսքերը պահեց իր յիշողութեան մէջ եւ սաստիկ վախեցաւ Գէթի արքայ Անքուսից:
13․ Նա իր դէմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջեւ խելագար ձեւացաւ: Նա նուագում պարում էր քաղաքի դռների մօտ, լորձունքները ծորեցնում իր մօրուքի վրայ, գլուխկոնծի տալիս:
14․ Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում էք, որ այս մարդը դիւահար է:
15․ Ինչո՞ւ էք նրան ինձ մօտ բերել: Մի՞թէ ես դիւահարներին կարօտ եմ, որ նրան բերել էք ինձ մօտ, որպէսզի դիւահարութիւն անի: Նա թող իմ տունը չմտնի»: