ԴԱՒԻԹԸ ԶՕՐԱԳԼՈՒԽ
1․ Դաւիթն այնտեղից գնաց եւ ապաստանեց Օդողոմի քարայրում: Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունը լսեցին այդ եւ եկան այնտեղ՝ նրա մօտ:
2․ Նրա մօտ հաւաքուեցին բոլոր տառապեալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, եւ նա նրանց առաջնորդը դարձաւ: Նրա մօտ չորս հարիւրի չափ մարդ հաւաքուեց:
3․ Այնտեղից Դաւիթը գնաց Մովաբի Մասեփաթ քաղաքը եւ ասաց Մովաբի արքային. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մօտ մնան, մինչեւ որ իմանամ, թէ Աստուած ինձ ինչ պիտի անի»:
4․ Նա աղաչեց Մովաբի արքային, եւ նրանք նրա մօտ բնակուեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դաւիթը քարանձաւում էր:
5․ Գադ մարգարէն ասաց Դաւթին. «Մի՛ մնա քարանձաւում, այլ վեր կաց գնա՛ Յուդայի երկիրը»: Դաւիթը գնաց եւ հաստատուեց Սարիթ քաղաքում:
ՆՈՄԲԱՅԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ
6․ Սաւուղն իմացաւ, որ Դաւիթն իր մարդկանցով յայտնուել է: Սաւուղը Ռամայի ներքին դաշտի բլրին էր նստել: Գեղարդը նրա ձեռքին էր, եւ բոլոր ծառաները նրա շուրջն էին:
7․ Սաւուղը խօսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ ասաց. «Լսեցէ՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդեօ՞ք Յեսսէի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կը տայ եւ կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարիւրապետներ կը դարձնի:
8․ Ինչո՞ւ ամէնքդ իմ դէմ միաբանել էք, եւ ինձ յայտնող չկայ, որ իմ որդին դաշինք է կնքել Յեսսէի որդու հետ: Ձեր մէջ ինձ համար ցաւող չկայ, որ ինձ յայտնէր, թէ իմ որդին իմ դէմ է յարուցել իմ ծառային որպէս թշնամի, ինչպէս այսօր է»:
9․ Պատասխան տուեց Դովեկ Ասորին, որը Սաւուղի ջորիներն էր արածեցնում, եւ ասաց. «Ես տեսայ Յեսսէի որդուն, որ եկել էր Նոմբա Աքիտոբի որդի Աքիմելէք քահանայի մօտ:
10․ Նա նրա մասին հարցրեց Տիրոջը, նրան պաշար տուեց, ինչպէս նաեւ այլազգի Գողիաթի սուրը»:
11․ Արքան մարդ ուղարկեց ու կանչել տուեց Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային ու նրա հօր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնուող քահանաներին: Ամէնքն էլ եկան արքայի մօտ:
12․ Սաւուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»: Սա ասաց. «Լսում եմ, խօսի՛ր, տէ՛ր»:
13․ Սաւուղն ասաց նրան. «Ինչո՞ւ դու եւ Յեսսէի որդին միաբանել էք իմ դէմ, դու նրան հաց ու սուր ես տուել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպէս այսօր է»:
14․ Աքիմելէքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մէջ ո՞վ կայ Դաւթի պէս հաւատարիմ: Նա քո՝ արքայիդ փեսան է եւ քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մէջ փառաւորը:
15․ Մի՞թէ ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել: Քա՛ւ լիցի, որ արքան իր ծառայի վրայ կամ իմ հօր տան վրայ այդպիսի մեղք բարդի, քանզի քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի»:
16․ Սաւուղ արքան ասաց. «Դու մահապատժի կ՚ենթարկուես, Աքիմելէ՛ք, դու եւ քո հօր ամբողջ տունը»:
17․ Արքան ասաց իրեն շրջապատող թիկնապահներին. «Գնացէ՛ք ու Տիրոջ քահանաներին սպանեցէ՛ք, քանզի նրանք հովանաւորում են Դաւթին: Նրանք գիտէին, որ նա փախչում է, բայց ինձ չյայտնեցին»: Արքայի ծառաները, սակայն, չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին:
18․ Արքան ասաց Դովեկին. «Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին»: Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին: Այդ օրը երեք հարիւր հինգ մարդ սպանուեց:
19․ Բոլորը կտաւից պարեգօտ կրողներ էին: Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշուեց. սրախողխող եղան տղամարդ թէ կին, երեխայ թէ կաթնակեր մանուկ, արջառ թէ աւանակ եւ ոչխար:
20․ Աքիտոբի որդի Աքիմելէքի մի որդին փրկուեց: Նրա անունն էր Աբիաթար: Նա փախաւ Դաւթի մօտ:
21․ Աբիաթարը Դաւթին յայտնեց, որ Սաւուղը կոտորել է Տիրոջ բոլոր քահանաներին:
22․ Դաւիթն ասաց Աբիաթարին. «Այն օրը գիտէի, որ Դովեկ Ասորին անպայման կը յայտնի Սաւուղին: Քո հօր տան բոլոր զոհուած մարդկանց համար ես եմ յանցաւոր:
23․ Նստի՛ր ինձ մօտ եւ մի՛ վախեցիր, քանզի ուր որ ինձ համար տեղ փնտռեմ, քեզ համար էլ կը փնտռեմ, եւ դու ինձ մօտ ապահով կը լինես»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: