Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 23

ԴԱՒԻԹՆ ԱԶԱՏՈՒՄ Է ԿԷԻԼԱ ՔԱՂԱՔԸ
   
1․ Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կէիլայի դէմ եւ կողոպտում են կալերը»:
2․ Դաւիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»: Տէրն ասաց Դաւթին. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կէիլան»:
3․ Դաւթի մարդիկ ասացին նրան. «Մենք այստեղ՝ Հրէաստանի մէջ, վախենում ենք: Ի՞նչ կը լինի մեր վիճակը, եթէ գնանք Կէիլա ու այլազգիներին գերի դառնանք»:
4․ Դաւիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, եւ Տէրը նրան պատասխան տուեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կէիլա, քանզի ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»:
5․ Դաւիթն իր մարդկանցով գնաց Կէիլա եւ մարտնչեց այլազգիների դէմ, որոնք նրա առջեւից փախան: Նա նրանց մեծ հարուածներ հասցրեց, վերցրեց նրանց անասունը եւ փրկեց Կէիլայի բնակիչներին:
6․ Երբ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւթի մօտ էր փախել եւ Դաւթի հետ էլ գալիս էր Կէիլա, իր ձեռքին ունէր պարեգօտը
7․ Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը եկել է Կէիլա, Սաւուղն ասաց. «Աստուած նրան իմ ձեռքն է մատնել, քանզի մտել ու փակուել է դռներ ու նիգեր ունեցող քաղաքում»:
8․ Սաւուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կէիլա, գտնել Դաւթին ու նրա մարդկանց:
9․ Դաւիթը Սաւուղի մասին իմացաւ, որ նա չարութիւնից չի հրաժարուել:
10․ Դաւիթն ասաց Աբիաթար քահանային. «Բե՛ր Տիրոջ պարեգօտը»: Դաւիթն ասաց. «Ո՛վ Իսրայէլի Տէր Աստուած, քո ծառան լսեց, որ Սաւուղն ուզում է յարձակուել Կէիլայի վրայ եւ կործանել քաղաքն իմ պատճառով:
11․ Արդեօք, ինչպէս քո ծառան լսել է, Սաւուղը հիմա կ՚իջնի այստեղ, կը պաշարի՞: Յայտնի՛ր քո ծառային, Իսրայէլի Տէ՛ր Աստուած»:
12․ Տէրն ասաց. «Կը պաշարի»: Դաւիթն ասաց. «Արդեօք կէիլացիներն ինձ եւ իմ մարդկանց Սաւուղի ձեռքը կը մատնե՞ն»: Տէրն ասաց. «Կը մատնեն»:
13․ Վեր կացան Դաւիթն ու նրա հետ եղող մարդիկ, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, ելան Կէիլայից ու գնացին ուր որ կարող էին գնալ: Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը փախել է Կէիլայից, նա հրաժարուեց քաղաքի վրայ յարձակուելուց:
   
ԶԻՓ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՅՈՎՆԱԹԱՆԻ ԱՅՑԸ ԴԱՒԹԻՆ
   
14․ Դաւիթը բնակւում էր անապատի մէջ, Մասերեթի կիրճերում եւ մնում էր Զիփ անապատի միգապատ լերան վրայ, մթին երկրում 362: Սաւուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տէրը նրա ձեռքը չմատնեց Դաւթին
15․ Երբ Դաւիթը տեսաւ, որ Սաւուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նոր Զիփի միգապատ լերան վրայ:
16․ Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ ու գնաց Նոր Զիփ՝ Դաւթի մօտ, եւ նրա ձեռքերը Տիրոջ կողմից զօրացան 363:
17․ Յովնաթանն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետեւ իմ հայր Սաւուղի ձեռքը քեզ չի գտնի, եւ դու կը թագաւորես Իսրայէլի վրայ, իսկ ես քո երկրո՛րդը կը լինեմ:
18․ Իմ հայր Սաւուղն էլ գիտի, որ դա այդպէս է»: Նրանք երկուսով ուխտ դրեցին Տիրոջ առջեւ: Դաւիթը մնաց Նորում, իսկ Յովնաթանը գնաց իր տունը:
19․ Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը, Սաւուղի մօտ եւ ասացին. «Չէ՞ որ Դաւիթն ահա մեզ մօտ է թաքնուած, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի աջ կողմը:
20․ Արդ, ո՛վ արքայ, քանի որ դա շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մօտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը յանձնենք»:
21․ Սաւուղն ասաց նրանց. «Օրհնեալ էք դուք Տիրոջից, քանզի ինձ ցաւակից էք:
22․ Արդ, գնացէ՛ք, աւելի լա՛ւ պատրաստուեցէք, դիտեցէ՛ք ու յայտնաբերեցէ՛ք, թէ նա ուր ոտք կը դնի: Շո՛ւտ հասէք այն տեղը, որտեղ ասում էք, թէ նա գտնւում է: Չլինի, թէ նա խորամանկութիւն անի:
23․ Քննեցէ՛ք ու տեսէ՛ք ամէն տեղ, ուր թաքնուած է, եւ վերադարձէ՛ք ինձ մօտ ստոյգ տեղեկութիւններով, որ ձեզ հետ գնանք: Եթէ նա այդ երկրում է, հազարաւոր յուդացիների մէջ էլ կը գտնեմ նրան»:
24․ Եւ զիփացիները վեր կացան ու գնացին Սաւուղի մօտից: Դաւիթը եւ նրա մարդիկ Մաոնի անապատում էին, Հեսեմոնի աջ կողմում, դէպի արեւմուտք:
25․ Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու: Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ: Սաւուղն այդ լսելով՝ հետապնդեց Դաւթին Մաոնի անապատում:
26․ Սաւուղն ու իր մարդիկ գնում էին լերան այս կողմով, իսկ Դաւիթն իր մարդկանցով՝ լերան այն կողմով: Դաւիթը Սաւուղից թաքուն էր գնում, սակայն Սաւուղն ու իր մարդիկ Դաւթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն:
27․ Եւ ահա մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետեւ այլազգիները արշաւել են երկրի վրայ»:
28․ Սաւուղը Դաւթին հետապնդելուց դադարեց, որ գնայ այլազգիների դէմ: Այդ պատճառով այս վայրը կոչուեց Բաժանուած վէմ: