1․ Յովակիմի օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելաւ կռուի: Յովակիմը երեք տարի նրան հպատակ եղաւ, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ:
2․ Տէրը Յովակիմի դէմ ուղարկեց քաղդէացիների, ասորիների, մովաբացիների եւ ամոնացիների կողոպտիչ զօրքը: Նա նրանց Հրէաստանի դէմ ուղարկեց, որպէսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպէս ասել էր Տէրը իր մարգարէների միջոցով:
3․ Տէրը բարկացել էր Յուդայի երկրի վրայ, իրենից հեռու վանել նրան Մանասէի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արեան համար, որ նա թափել էր
4․ ու Երուսաղէմը լցրել այդ անմեղ արեամբ: Տէրը չուզեց ներել նրան:
5․ Յովակիմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
6․ Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաքիմը:
7․ Եգիպտոսի փարաւոնն այլեւս իր երկրից դուրս չեկաւ, որովհետեւ Բաբելոնի արքան գրաւել էր Եգիպտոսի հեղեղատից մինչեւ Եփրատ գետը, այն ամէնը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային:
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱՔԻՄ ԹԱԳԱՒՈՐԸ
(Բ Մնաց. 36.9-10)
 
8․ Յովաքիմը տասնութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Նեսթա էր, նա երուսաղէմացի Ելամաթի դուստրն էր:
9․ Յովաքիմը չարիք գործեց Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հօր արարքները:
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ
10․ Այդ ժամանակ Երուսաղէմի դէմ ելաւ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկաւ ու պաշարեց քաղաքը:
11․ Բաբելացիների արքան Երուսաղէմ քաղաքը եկաւ, երբ նրա զօրականները պաշարուած վիճակում էին պահում այն:
12․ Այն ժամանակ Յուդայի երկրի արքայ Յովաքիմը, իր զօրականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մօտ, եւ բաբելացիների արքան իր թագաւորութեան ութերորդ տարում գերեվարեց նրանց:
13․ Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագաւորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկէ անօթները, որ Իսրայէլի Սողոմոն արքան պատրաստել էր տուել Տիրոջ տաճարի համար, ինչպէս ասել էր Տէրը:
14․ Ամբողջ Երուսաղէմը, բոլոր իշխաններին ու հզօր մարդկանց՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հիւսներին ու դարբիններին տարաւ: Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց:
15․ Նա Յովաքիմին, թագաւորի մօրը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի ուժեղ մարդկանց Երուսաղէմից տարաւ Բաբելոն, գերութեան:
16․ Բաբելացիների արքան բոլոր եօթը հազար հզօր մարդկանց, հազար հիւսների ու դարբինների՝ ամէնքն էլ կտրիճ պատերազմիկներ, գերութեան տարաւ Բաբելոն:
17․ Բաբելացիների արքան նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, եւ անունը դրեց Սեդեկիա:
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՍԵԴԵԿԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ
(Բ Մնաց. 36.11-12, Երեմ. 52.1-3)
18 ․Սեդեկիան քսանմէկ տարեկան էր, որ դարձաւ թագաւոր, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Ամատել էր: Նա ղոբնացի Երեմիայի դուստրն էր:
19․ Սեդեկիան Տիրոջ առջեւ չարիք գործեց, ինչպէս արել էր Յովաքիմը:
20․ Տէրը բարկացել էր Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ այն սատիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց: Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: