ՍԱՄՈՒԷԼԻ ՄԱՀԸ
1․ Մեռաւ Սամուէլը, եւ ամբողջ Իսրայէլը հաւաքուեց ու ողբաց նրան: Նրան թաղեցին Արիմաթէմի իր տանը: Դաւիթը վեր կացաւ ու գնաց Մաոնի անապատը:
ԴԱՒԻԹՆ ՈՒ ԱԲԻԳԵԱՆ
2․ Մաոնում մի մարդ կար, որի հօտերը Կարմեղոսում էին: Նա շատ հարուստ էր. ունէր երեք հազար ոչխար, հազար այծ: Իր հօտերը Կարմեղոսում էին խուզում:
3․ Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա: Կինը լի էր իմաստութեամբ եւ շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարոյ:
4․ Այդ օրերին Դաւիթը լսեց, թէ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հօտերը:
5․ Դաւիթը տասը ծառաների ուղարկեց՝ նրանց ասելով. «Բարձրացէ՛ք Կարմեղոս, գնացէ՛ք Նաբաղի մօտ, իմ անունից նրա ողջութիւնը հարցնելուց յետոյ այսպէ՛ս ասացէք.
6․ «Այս օրերին ողջ լինես դու ու քո տունը 364եւ ինչ գործ որ բռնես, յաջող լինի:
7․ Լսել եմ, թէ խուզում ես քո հօտերը: Քո հովիւները մեզ հետ էին այստեղ, անապատում, եւ որքան մնացել են մեզ հետ, Կարմեղոսում, նրանց արգելք չհանդիսացանք եւ ոչ մի բանին ձեռք չտուեցինք:
8․ Հարցրո՛ւ քո ծառաներին, եւ նրանք կ՚ասեն քեզ: Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանզի բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կը գայ, տո՛ւր քո ծառաներին եւ քո Դաւիթ որդուն»»:
9․ Դաւթի ծառաները եկան եւ այդ խօսքերը Դաւթի անունից ասացին Նաբաղին:
10․ Նա ըմբոստացաւ եւ Դաւթի ծառաներին պատասխան տուեց՝ ասելով. «Ո՞վ է Դաւիթը, կամ Յեսսէի որդին ո՞վ է: Այս օրերին բազմացել են իրենց տէրերից փախած թափառական ծառաները:
11․ Ուրեմն առնեմ իմ հացը, գինին եւ խուզողների համար մորթուած անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտեմ»:
12․ Դաւթի ծառաները ճանապարհից վերադարձան եկան եւ այդ խօսքերը հաղորդեցին Դաւթին:
13․ Դաւիթն ասաց իր մարդկանց. «Ամէն մէկը իր սուրը թող կապի մէջքին»: Բոլորը իրենց սրերը կապեցին իրենց մէջքին: Դաւիթը նոյնպէս իր սուրը կապեց մէջքին, եւ Դաւթի յետեւից չորս հարիւր մարդ ելաւ, երկու հարիւր մարդ էլ մնաց կահ-կարասու մօտ:
14․ Ծառաներից մէկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային պատմեց՝ ասելով. «Դաւիթն անապատից պատգամաբերներ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու, իսկ նա նրանցից երես է դարձրել:
15․ Այդ մարդիկ մեր նկատմամբ շատ բարեացակամ էին. որքան նրանց հետ բաց դաշտում էինք, մեզ վնաս չէին տուել, եւ մեզանից ոչ մի բան չի պակասել:
16․ Ինչքան նրանց հետ էինք եւ արածեցնում էինք ոչխարները, նրանք մեզ համար պարիսպ եղան գիշեր ու ցերեկ:
17․ Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թէ ինչ ես անելու, քանզի մեր տիրոջ ու նրա ամբողջ տան վրայ չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խօսել չի լինի»:
18․ Աբիգեան շտապեց, առաւ երկու հարիւր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մէկ զամբիւղ չամիչ, երկու հարիւր շարոց չոր թուզ ու դրանք դրեց աւանակների վրայ:
19․ Նա ասաց ծառաներին. «Առա՛ջ անցէք ինձնից, ես կը գամ ձեր յետեւից»:
20․ Նա այդ մասին իր ամուսին Նաբաղին չյայտնեց: Երբ նա, աւանակին հեծած, լերան ծածուկ տեղերով իջնում էր, ահա Դաւիթն ու նրա մարդիկ նրան ընդառաջ գնացին. Աբիգեան հանդիպեց նրանց:
21․ Դաւիթն ասաց. «Ուրեմն ի զուր էր, որ Նաբաղի ամէն ինչը պահպանեցի այնտեղ, անապատում: Նրա ունեցածից ոչ մի բան չկորաւ, բայց նա իմ երախտիքի փոխարէն չարութիւն է հատուցում:
22․ Աստուած Դաւթին այսպէս եւ այսպէս անի, եթէ մինչեւ վաղն առաւօտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մէկ արու թողնեմ»:
23․ Երբ Աբիգեան Դաւթին տեսաւ, աւանակից շտապ իջնելով՝ Դաւթի առաջ ընկաւ, երկրպագեց նրան մինչեւ գետին եւ նրա ոտքերն ընկնելով՝ ասաց.
24․ «Մեղքն ինձ վրայ լինի, տէ՛ր, բայց թող քո աղախինը խօսի քեզ հետ, եւ դու լսի՛ր քո աղախնի խօսքերը:
25․ Իմ տէրը այդ դաժան Նաբաղի արարքը իր սրտին մօտ թող չընդունի, քանի որ ինչպէս իր անունն է, այնպէս էլ ինքն է: Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամութիւնն իր հետ է: Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել:
26․ Արդ, կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու 365 Տէրն է քեզ արգելել անպարտ արիւն թափելը եւ այդ բանից քո ձեռքը հեռու է պահել: Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պէս թող լինեն:
27․ Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնուող ծառաներին:
28․ Ների՛ր քո աղախնի յանցանքը, քանզի Տէրն իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տէրն է վարում: Քո մէջ երբեք չարութիւն թող չլինի:
29․ Եթէ որեւէ մէկը քո դէմ դուրս գայ քեզ հալածելու եւ քո կեանքն ուզենայ խլել, իմ տիրոջ հոգին թող Տէր Աստծու կենաց ծրարի մէջ ծրարուի, իսկ քո թշնամիների հոգիները որպէս պարսաքարեր թող արձակուեն:
30․ Եւ երբ Տէրը իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի եւ քեզ, ըստ իր պատգամի, Իսրայէլի վրայ առաջնորդ հաստատի,
31․ իմ տիրոջ սրտում թող չլինի վատութիւն ու գայթակղութիւն, որ ի զուր արդար արիւն թափի: Թող իմ տիրոջ ձեռքը ուրիշի վրայ չբարձրանայ, եւ Տէրը թող բարին անի իմ տիրոջը, որ յիշես քո աղախնին ու բարիք գործես նրա համար»:
32․ Դաւիթն ասաց Աբիգեային. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց:
33․ Օրհնեալ լինի քո խոհեմութիւնը, եւ օրհնեալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, եւ ես չգնացի արիւն թափելու ու իմ ձեռքը ուրիշի վրայ բարձրացնելու:
34․ Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը 366, որ այսօր ինձ արգելք հանդիսացաւ չարիք գործելու քո հանդէպ. քանզի եթէ շտապ չգայիր եւ իմ առջեւ չելնէիր, ինչպէս ասել էի, մինչեւ առաւօտ Նաբաղը կը զրկուէր պատին միզողներից»:
35․ Դաւիթը նրա ձեռքից առաւ այն ամէնը, ինչ բերել էր, եւ ասաց նրան. «Գնա՛ քո տունը խաղաղութեամբ: Տե՛ս, քո խօսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»:
ՆԱԲԱՂԻ ՄԱՀԸ. ԴԱՒԻԹՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԱԲԻԳԵԱՅԻ ՀԵՏ
36․ Աբիգեան գնաց Նաբաղի մօտ: Նրա տանը թագաւորական խնջոյքի պէս խրախճանք էր, Նաբաղը զուարթացել էր եւ շատ հարբել: Կինը մինչեւ առաւօտ նրան ոչ մի բան չպատմեց:
37․ Առաւօտեան երբ Նաբաղը գինուց սթափուեց, կինը այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարուած ստացաւ, եւ նա կարծես քար կտրեց:
38․ Տասը օր անց Տէրը հարուածեց Նաբաղին, եւ նա մեռաւ:
39․ Երբ Դաւիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնեալ է Տէր Աստուածը, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսաւ, իր ծառային չարագործութիւնից յետ պահեց: Տէրը Նաբաղի չարութիւնը նրա գլխին թափեց»: Դաւիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնայ:
40․ Դաւթի ծառաները եկան Կարմեղոս, Աբիգեայի մօտ, խօսեցին նրա հետ՝ ասելով. «Դաւիթը մեզ ուղարկեց քեզ մօտ, որ քեզ իրեն կնութեան առնի»:
41․ Նա վեր կացաւ ու գլուխը մինչեւ գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել եւ իր տիրոջ ծառաների ոտքերը լուանալ»:
42․ Աբիգեան անմիջապէս վեր կացաւ, հեծաւ աւանակը եւ իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դաւթի ծառաների յետեւից: Եւ Աբիգեան դարձաւ Դաւթի կինը:
43․ Դաւիթը Եզրայէլից Աքինովամին էլ կնութեան էր առել. այս երկուսն էլ դարձան նրա կինը, իսկ Սաւուղն իր Մեղքող դստերը, որը Դաւթի կինն էր, ռոմացի Հեմեսսայի որդի Փաղտիէլին էր կնութեան տուել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: