1․ Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդդէմ Իսրայէլի: Անքուսն ասաց Դաւթին. «Լա՛ւ իմացիր, որ դու եւ քո մարդիկ ինձ հետ պատերազմի էք դուրս գալու»:
2․ Դաւիթն ասաց Անքուսին. «Այդպէս թող լինի: Հիմա դու կ՚իմանաս, թէ քո ծառան ինչ է անելու»: Անքուսն ասաց Դաւթին. «Այդպէս թող լինի, քանզի քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»:
ՍԱՒՈՒՂԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ Է ՎՀՈՒԿԻ ՀԵՏ
3․ Սամուէլը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայէլը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթէմում: Սաւուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին:
4․ Այլազգիները հաւաքուեցին ու եկան բանակատեղի դրեցին Սոմանում: Սաւուղն էլ հաւաքեց բոլոր իսրայէլացիներին ու բանակատեղի դրեց Գեղբուէում:
5․ Երբ Սաւուղը տեսաւ այլազգիների բանակը, վախեցաւ, նրա սիրտը մեծ ահ ընկաւ:
6․ Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների միջոցով:
7․ Սաւուղն ասաց իր ծառաներին. «Մի ոգեհարց կին գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրան»:
8․ Ծառաներն ասացին նրան. «Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորում»: Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու մարդկանց հետ: Նրանք գիշերը հասան կնոջ մօտ: Սաւուղն ասաց նրան. «Ոգեհարցին պատշաճ դիւթութիւն արա՛ եւ կանչի՛ր նրան, ում որ քեզ կ՚ասեմ»:
9․ Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թէ ինչ էր արել Սաւուղը. թէ ինչպէս ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից:
10․ Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դէմ որոգայթ լարում»: Սաւուղը նրան Տիրոջ անունով երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»:
11․ Կինն ասաց. «Ո՞ւմ ոգին կանչեմ»: Նա ասաց. «Սամուէլի ոգին կանչի՛ր»:
12․ Կինը տեսնելով Սամուէլին՝ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հէնց Սաւուղն ես»:
13․ Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»: Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստուածներ եմ տեսնում»:
14․ Սաւուղն ասաց նրան. «Ի՞նչ նկատեցիր»: Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, եւ նրա վրայ թիկնոց կար»: Սաւուղն իմացաւ, որ դա Սամուէլն է, եւ երեսնիվայր ընկաւ գետին ու երկրպագեց նրան:
15․ Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձ»: Սաւուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դէմ պատերազմի են ելել, Աստուած ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարէների, ո՛չ էլ երազների միջոցով: Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցոյց տաս, թէ ինչ անեմ»:
16․ Սամուէլն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Տէրը քեզնից հեռացաւ եւ քո ընկերոջ հետ եղաւ:
17․ Տէրը քեզ հետ վարուեց այնպէս, ինչպէս իմ միջոցով յայտնել էր: Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո ընկերոջը՝ Դաւթին,
18․ որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր:
19․ Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում: Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու եւ քո որդիները պիտի ընկնէք, եւ Տէրը Իսրայէլի բանակը պիտի մատնի այլազգիների ձեռքը»:
20․ Սաւուղն անմիջապէս ամբողջ հասակով գետնի վրայ վայր ընկաւ, խիստ զարհուրեց Սամուէլի խօսքերից, ու իր մէջ այլեւս ուժ չմնաց, որովհետեւ մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել:
21․ Կինը մտաւ Սաւուղի մօտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մէջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդուել եմ քեզ, կեանքս վտանգի ենթարկելով անսացել եմ խօսքերիդ:
22․ Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խօսքերը: Քո առջեւ մի պատառ հաց դնեմ ու կե՛ր եւ ուժ կը ստանաս, որ քո ճանապարհը գնաս»:
23․ Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, ու Սաւուղը տեղի տալով՝ գետնից վեր կացաւ ու նստեց աթոռին:
24․ Կինը տանը կերակրուած մի հորթ ունէր, անմիջապէս մորթեց դա: Ալիւր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց եփեց եւ տուեց Սաւուղին ու նրա ծառաներին:
25․ Նրանք կերան, վեր կացան ու նոյն գիշերը գնացին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: