ԵԲՈՒՍԹԷԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
1․ Երբ Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, իսկ բոլոր իսրայէլացիները վհատուեցին:
2․ Սաւուղի որդի Յեբուսթէն ունէր գնդերի երկու զօրապետներ, որոնցից մէկի անունն էր Բաանա, իսկ միւսինը՝ Ռեքաբ: Սրանք Բենիամինի ցեղից բերոթացի Ռեմոնի որդիներն էին:
3․ Բերոթը Բենիամինի երկրի մասն էր կազմում: Բերոթացիները Գեթթայի էին փախել եւ իբրեւ պանդուխտ այնտեղ են ապրում մինչեւ այսօր:
4․ Սաւուղի որդի Յովնաթանն ունէր հինգ տարեկան մի կաղ որդի: Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի մահուան գոյժը Յեզրայէլից հասնելուց յետոյ մանկան դայեակը նրան վերցնելով փախել էր: Եւ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել: Նրա անունը Մեմփիբոսթէ էր:
5․ Բերոթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, գնացին եւ օրուայ տօթ ժամին մտան Յեբուսթէի տունը: Սա կէսօրին ննջում էր անկողնում:
6․ Տան դռնապանը ցորեն մաքրելիս նիրհել էր ու քուն մտել:
7․ Ռեքաբ եւ Բաանա եղբայրները գաղտագողի տուն մտան: Յեբուսթէն սենեակում ննջում էր իր անկողնում:
8․ Հարուածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը եւ այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արեւելեան ճանապարհով: Յեբուսթէի գլուխը բերեցին Քեբրոն, Դաւթի մօտ, եւ ասացին արքային. «Ահա քո թշնամու՝ Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը, որը քո մահն էր նիւթում: Տէրը մեր տէր արքայի համար վրէժխնդիր եղաւ նրա թշնամիներից, ինչպէս այսօր վրէժխնդիր եղաւ քո թշնամի Սաւուղից եւ նրա սերնդից»:
9․ Դաւիթը Բերոթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկայ է Տէրը, որ ինձ փրկեց ամէն նեղութիւնից:
10․ Նա, ով պատմել էր ինձ, թէ մեռաւ Սաւուղը, նրան թւում էր, թէ ինձ աւետիս էր տալիս, իսկ ես բռնեցի նրան Սիկեղակում ու սպանեցի, մինչդեռ նա կարծում էր, թէ ես նրան պէտք է աչքալուսանք տամ:
11․ Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը, անկողնում սպանել էք արդար մարդու: Հիմա ես նրա արիւնը պէտք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից»:
12․ Դաւիթը հրաման տուեց իր զինուորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը եւ դրանք կախեցին Քեբրոնի աղբիւրի վրայ, իսկ Յեբուսթէի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: